Կլասիկ վերաբաշխում

Կլասիկ վերաբաշխում

Ընդդիմադիր իմ ընկերներից ոմանք դեմ են արտահայտվում 2018-ի ապրիլյան իրադարձությունները հեղափոխություն անվանելուն: Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այն հենց հեղափոխություն էր, քանի որ առկա է դրան բնորոշ հատկանիշը՝ ունեցվածքի վերաբաշխումը: Իշխանություն զավթելուց և ամրապնդելուց հետո հաջորդը վերաբաշխման փուլն է: Չի կարող հեղափոխություն լինել առանց ունեցվածքի վերաբաշխման: Եվ հակառակը՝ եթե տեղի չի ունենում ունեցվածքի վերաբաշխում, ապա իշխանափոխությունը հեղափոխություն անվանել չի կարելի: 

Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է՝ հատկապես Հայաստանի նման երկրում: Մեզանում համարյա զրոյական պատասխանատվություն է: Դրան փոխարինում են վայելքները: Մեր ժամանակներում վայելքների աղբյուրի փողն է: Մեզանում, ինչպես ասվեց, իշխանությունն է: Չնայած, իշխանական վայելքներն էլ առանց փողի կիսատ-պռատ են լինում: Հատկապես Հայաստանի նման աղքատ երկրի դեպքում: Ուրեմն պետք է օգնության հասնի փողը: Սկզբում այն կարող է լինել ոչ սեփական՝ այս կամ այն ունևորի հաշվից վճարվող: Բայց շատ ավելի անվտանգ է սեփական միջոցների հաշվին վայելքներին տրվելը: Քանի որ ուրիշը կարող է պահանջել փոխհատուցում, ինչը կարող է և խնդիրներ ստեղծել: Ուրեմն, ուզած-չուզած, առաջ է գալիս ունեցվածքի վերաբաշխման խնդիրը: 
Ի դեպ, դա բարդ երևույթ չէ: Վաղուց փորձարկվածն առևտրային ընկերություն հիմնադրելն է: Եվ այս կամ այն ոլորտում 5-10 տարի գործունեություն ծավալող ընկերությունների փոխարեն նոր գրանցված ընկերությանն առաջնահերթություն տալը: Ասենք, փողոցների կամ ճանապարհների ասֆալտապատման՝ պետական կամ տեղական կազմակերպությունների մրցույթներ շահելու տեսքով: Կամ հիվանդանոցների և այլ բժշկական կենտրոններին պետպատվեր հատկացնելու տեսքով: 2018-ի ընթացքում դրանք համեմատաբար փոքր գումարներ էին: Այսօր արդեն միլիարդավոր դրամների են հասնում: 

Նախկինների օրոք ընդդիմադիր լրատվական կայքերից մեկն ուներ բավական հետաքրքիր, «Քո գրպանից» անվանումով հաղորդում: Ներկայացնում էր հարկատու քաղաքացիների գրպանը մտնելու երևույթի դրսևորումները: 2018-ի իշխանափոխությունից հետո մի ողջ տարի դեռևս նախկիններին էր հետևում: Եվ բավական ուշացումով հասկացավ, որ վաղուց արդեն նորերն են իշխանության գլուխ: Չնայած, առաջին հայացքից, ինչ տարբերություն, թե մտնողն ով է՝ նախկինները, թե նիկոլական «ուսապարկերը»: Եվ նույնիսկ տարբերություն չկա, թե կոնկրետ «ուսապարկերից» որ մեկն է մտնում քաղաքացիների գրպանը: Այնուամենայնիվ, առկա է մեկ էական տարբերություն՝ նախկինները երբեք չեն խոստացել, որ դա այլևս չեն անելու: Եվ ոչ միայն չեն անելու, այլև պատժելու են անողներին: 

Եվ իրենց նախորդներին մերժելով՝ նորերն իշխանություն գրավեցին: Սկզբում մի երկու հոգու ազատեցին աշխատանքից, քրեական գործ հարուցեցին: Սակայն հետո հասկացան, որ առանց փողի, շա՜տ փողի, բարձրաստիճան պաշտոնյա լինելն անհարմար բան է՝ հո՞ նվիրյալներ չեն: Եվ իրավապահներն էլ դա հաշվի առան՝ նախկինների նման ընկան մանր ու միջակ գողերի հետևից: Սակայն բարձրաստիճաններին ձեռք չտվեցին՝ դա խիստ վտանգավոր է «ժողովրդավարության» պայմաններում: Ոչ միայն պարգևավճարներից կարող էին զրկվել, այլև ընդհանրապես աշխատանքից ու նույնիսկ ազատությունից:

Իսկ եթե մանր ու միջինով չեն բավարարվում՝ կարող են զբաղվել նախկինների ապօրինի գույքով: Իրավապահներն էլ անցան գործի: Ինչ մնում է ունեցվածքի վերաբաշխմանը, ապա այն հաջողություններ է գրանցում: Եվ կշարունակի գրանցել, քանի դեռ իշխանության գլխին են Նիկոլն ու իր «ուսապարկերը»: 

Հ.Գ. Իսկ այդ ընթացքում ադրբեջանական կրակոցից սահմանին զինվոր է մահանում, և, չնայած դրան, Փաշինյան Նիկոլն ու իր «ուսապարկերը շարունակում են վայելել իշխանությունը և խաղաղություն քարոզել: