Ինչ միտումներ կան ՌԴ-ում միգրացիոն ոլորտում
Ռուսաստանի Մերձմոսկովյան մարզի Կրասնոգորսկ քաղաքում՝ Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած մահասարսուռ ահաբեկչությունը, ըստ էության, բավականին նշանային նշանակություն ունեցավ ռուսական հասարակության համար՝ բացելով հարցեր, որոնք թեեւ քննարկվում էին տարբեր հարթակներում, կապված աշխատանքային միգրանտների հետ, երբեմն էլ լրագրողական ռեպորտաժների նյութ դառնում, սակայն, մեծ հաշվով, լուրջ տեղաշարժեր չէին ունենում։ Այժմ քննարկումները նոր թափ են հավաքել, խնդիրների մասին խոսվում է ավելի հասցեական ու թիրախային։ Մեզ՝ հայերիս համար խնդիրը կարեւոր է, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որն ավանդաբար դեպի Ռուսաստան աշխատուժ է մատակարարում։ Եվ եթե ինչ-որ սկզբունքային փոփոխություն լինի ռուսական միգրացիոն օրենսդրության մեջ, այն, բնականաբար, չի շրջանցի նաեւ մեր ազգակիցներին։
Ըստ առկա տեսակետների, Ռուսաստանում անհրաժեշտ է ստեղծել առանձին պետական մարմին՝ դաշնային մակարդակում, որը կունենա ստորաբաժանումներ ռեգիոնալ եւ մունիցիպալ մակարդակներում եւ կզբաղվի միգրացիայի եւ միգրանտների հարցերով։ Միայն այսկերպ է հնարավոր այս ոլորտում կայուն, հետեւողական եւ երկարաժամկետ քաղաքականություն վարել։ Դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման գաղափար առաջ քաշել է։ Ու արդեն հաջորդ տարի մտադրություն ունեին ձեռնամուխ լինել միգրացիոն օրենսդրության բարեփոխմանը։ Այս աշխատանքներն ինչ-որ չափով արդեն մեկնարկել էին, սակայն Կրասնոգորսկի ահաբեկչությունն արագացրեց գործընթացը, եւ, ինչպես նշում է nezigar տելեգրամյան հարթակը, արդեն մայիսին առաջին արդյունքները կարող են դրվել շրջանառության մեջ։ Ընդհանուր տրամադրվածությունը միգրացիոն կանոնների խստացումն է։ Սա, իհարկե, էմոցիոնալ մոտեցում է տեղի ունեցածին եւ դժվար թե դրվի որակական փոփոխությունների հիմքում։
Ըստ ռուսական աղբյուրների, Ռուսաստանում համակարգված միգրացիոն ռազմավարություն չկա։ Ավելին, միգրանտների եւ միգրացիայի հետ կապված առանձին գերատեսչությունների միջեւ առկա են տարակարծություններ։ Տարակարծությունների համար հիմք է հանդիսանում մի կողմից քրեածին իրավիճակը միգրացիոն խմբերում, մյուս կողմից՝ դեմոգրաֆիական ոչ այնքան բարվոք վիճակը եւ ռուսական տնտեսության մեջ միգրացիոն աշխատուժի ներգրավման նպատակահարմարությունը։ Հարցը չափազանց բարդ է ու բազմաշերտ: Ըստ շատ մասնագետների, միգրացիոն հարցերը պետք է կարգավորվեն ամբողջության մեջ` հաշվի առնելով նախկինում եղած հաջողված փորձառությունները, չցուցաբերելով ավելորդ էմոցիոնալություն եւ շտապողականություն։
Կարծիքներ