Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մինչեւ 25 միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխել նրա խափանման միջոց կալանավորումը: 

Պաշտպանական կողմը որպես հիմք ներկայացրել էր նրա առողջական վիճակի վատթարացումը, իսկ մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ՝ նշելով, որ բժշկական փորձաքննություն է նշանակվել:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.- ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ 

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար: