Նրանք չեն ուզում, որ Հայաստանը Հայաստան լինի, իսկ Գեղամ Նազարյանը` Գեղամ Նազարյան

Նրանք չեն ուզում, որ Հայաստանը Հայաստան լինի, իսկ Գեղամ Նազարյանը` Գեղամ Նազարյան

Պատգամավոր Գեղամ Նազարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել էր  Վրաստանին` ֆուտբոլի հավաքականի, պատմության մեջ առաջին անգամ, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու առիթով: Պատգամավորի այս գրառումը ոմանց դուր չէր եկել, եւ գրառման տակ հեգնական ու քննադատական մեկնաբանություններ էին գրել: Զրուցել ենք Գեղամ Նազարյանի հետ:

- Ինչո՞ւ այդ գրառումը նման «փշոտ» արձագանք ստացավ:

- Ինչու՝ որովհետեւ այդ մարդիկ չեն ցանկանում, որ Հայաստանն ապրի: Նրանք չեն ցանկանում Հայաստանը Հայաստան լինի, իսկ Գեղամ Նազարյանը լինի Գեղամ Նազարյան, այդքան բան: Ինձ մեկնաբանություն գրողներից մեկը երկու տարի առաջ տարբեր թերթերի խմբագրություններ էր գնացել ու պնդել, որ Նիկոլ Փաշինյանը Գեղամ Նազարյանի համար շքեղ առանձնատուն է կառուցում: Սա է այդ մարդու որակը: Նման մարդիկ աշխատում են ինչ-որ մեկի տակ: Մի քանի օր առաջ էլ Սուրեն Սուրենյանցը հայտարարել էր, թե Գեղամ Նազարյանն իջեւանյան կլանի մաս է կազմում, այն նույն Սուրենյանցը, ով թերթի կրպակի խեղճ կնոջից դոլարներ էր վերցրել, իբրեւ իր հիվանդ երեխայի համար: Ես չեմ ուզում պարզապես դրանց հավասարվել:

- Իսկ գուցե կարծում են, որ Դուք միայն քաղաքականությամբ պետք է զբաղվեք:

- Չէ, կան շրջանակներ, որոնք ցանկանում են ինձ բլոկել: Երեկ արդարադատության նախարարն էր եկել, ես նրա մոտ բարձրաձայնել եմ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի անմարդկային ձերբակալման հարցը, նշել եմ, որ ապօրինի հրահանգներ կատարել չի կարելի եւ այլն, բայց իմ այդ հայտարարությունները տվյալ շրջանակներն ու նրանց լրատվամիջոցները չեն նկատել` զրո ռեակցիա, այսինքն` տպավորություն են ստեղծում, թե իբրեւ Գեղամ Նազարյանը նման խնդիրների ո՛չ անդրադառնում է, ո՛չ էլ: Իմ նկատմամբ ուղղորդված պրոցես է գնում, ինձ, այսպես ասած, «սանկցիաների» տակ են ցանկանում դնել, որ երեւամ վատ լույսի ներքո:

- Ի՞նչ շրջանակների մասին է խոսքը` ընդդիմադի՞ր:

- Այսպես կոչված՝ ընդդիմադիր: Իբր ընդդիմություն են, բայց իրականում այլ շահեր ու նպատակներ են հետապնդում, ես այնքան մաքուր եմ, որ ոչ մի «կեղտ» իմ վրա չեն կարող գտնել: Մի անգամ զգուշացրել եմ, որ ինձ համբերությունից չհանեն, մի պահ սսկվեցին, հիմա նորից գլուխ են բարձրացրել: Ասում եմ` Տավուշից գյուղեր չեն հանձնելու, ասում են` տեսա՞ք, Գեղամ Նազարյանը Նիկոլի կողմնակիցն է, բայց ե՞րբ եք տեսել Նիկոլը նման բան ասի, հակառակը, ասում է` պիտի տանք, հանձնենք: Գնում եմ Ոսկեպար, ասում են` ինչո՞ւ գնացիր, ասում եմ` ինչո՞ւ եք կենտրոնի ծառերը հատում, ասում են` էլ բանուգործ չունե՞ս, ծառերի մասին ես մտածում, Վրաստանին եմ շնորհավորում, ինչ ասես՝ գրում են Վրաստանի հասցեին: Գոնե մի բարեկամ երկիր չպե՞տք է տարածաշրջանում ունենանք, ես չեմ հասկանում: Ի՞նչ են ուզում դրանց տերերը, որ Հայաստանը չապրի՞: Առավոտից երեկո ասում են՝ պատերազմ է լինելու, լավ, ի՞նչ են ուզում, ուզում են մարդիկ թողնեն գնան էս երկրից:

- Բայց պատերազմով հենց Նիկոլ Փաշինյանն է սպառնում:

- Դե, ես էլ եմ դա ասում: Իշխանությունն ասում է՝ էսկալացիա է լինելու, սրանք ասում են` պատերազմ է լինելու: Այսինքն` ժողովրդին համատեղ ուժերով վախի մեջ են պահում: Իսկ ի՞նչ է անում վախի մեջ ապրող ժողովուրդը․ նախ, հեշտ կառավարելի է դառնում ու լքում է իր երկիրը: Ի՞նչ են ուզում` դատարկե՞լ երկիրը: Ո՞ւմ շահն են սպասարկում: Մարդիկ ի՞նչ կարող են անել, ենթադրենք՝ անընդհատ ասացիք` պատերազմ է: Գնալու են մարդիկ ՀՕՊ առնե՞ն: Ոչ մի պատերազմ էլ չի լինելու, ո՞վ է ում դեմ պատերազմելու եւ ինչի՞ համար: