Երրորդ ուժ չկա, կա իշխանություն եւ 17 կուսակցություն

Երրորդ ուժ չկա, կա իշխանություն եւ 17 կուսակցություն

Հարցազրույց Հայրենիքի փրկության շարժման անդամ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ

- Հայրենիքի փրկության շարժումը երեկ հայտարարեց, որ մերժում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերը՝ արտահերթ ընտրությունների հարցով քննարկում կազմակերպելու վերաբերյալ, եւ սեփական օրակարգով ու պայմաններով հանդիպման պատրաստակամություն հայտնեց։ Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, քննարկման, զիջումների գնալու անհրաժեշտություն կա, հատկապես որ իշխանությունն իր օրակարգը ձեւավորում է խորհրդարանական ընդդիմության հետ։

- Նախ՝ ես այդ նիստին չեմ մասնակցել, միայն արդյունքները գիտեմ։ Ընդդիմությունն իր օրակարգն է առաջադրում նախագահի օրակարգին ի պատասխան, իշխանությունը, այո, օրակարգ չի առաջարկում, իշխանությունը պետք է պատասխանի՝ համաձա՞յն են, թե՞ ոչ ընդդիմության օրակարգով խորհրդակցություններին։ Երկրի պատասխանատուն իշխանություններն են, եւ նրանք ավելի շատ պետք է ձգտեն կոմպրոմիսի եւ երկրում խաղաղ ու նորմալ մթնոլորտ ձեւավորեն, լուծում տան այս իրավիճակին։ Մինչդեռ իշխանությունը բացարձակ քայլեր չի անում, փորձում է քայլերի փոխարեն մանիպուլյացիաների, ինտրիգների դաշտ։ Հիմա իշխանությունը կա՛մ պիտի ընդունի, կա՛մ մերժի ընդդիմության առաջարկը։

- Ընդդիմությունն առաջարկում է իր հայտնի օրակարգը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ընտրություն, ապա արտահերթ ընտրությունների թեման քննարկել Ազգային ժողովում, ուղիղ եթերի առկայությամբ։ Չե՞ք կարծում, որ սա փակուղային օրակարգ է, առավել եւս ուղիղ եթերում քննարկումը ենթադրում է մուսկուլների, ամբիցիաների ցուցադրություն, որի արդյունքում ոչ մի համաձայնություն էլ չի կայանա։

- Սա իշխանության գալու կռիվ չէ, սա իսկապես երկիրը փրկելու, երկրի անկախությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը փրկելու խնդիր է։ Դրա պատասխանատուն նաեւ ժողովուրդն է, թող հասարակությունը տեսնի, թե գործիչներից ով ինչպես է իրեն պահում։ Երբ փակ հանդիպում է, ինտրիգը խորանում է, հանդիպման կողմերը վեր են կենում, ամեն մեկն իր կարծիքն է ասում, որը 180 աստիճանով հակասում է մեկը մյուսին, հասարակությունը նորից  հայտնվում է տեղապտույտի մեջ ու չի հասկանում՝ ով է ճիշտ՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը, Արմեն Սարգսյանը։

- Ուղիղ  եթերի ժամանակ էլ շոուն է ապահովվում։

- Ոչինչ, թող շոու լինի, թող հասարակությունը տեսնի այդ ամեն ինչը։ Հասել ենք մի կետի, երբ հասարակության համար ամեն ինչ պետք է պարզ լինի։ Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը նեյտրալ դեր ունի, ինքն իր մեջ որոշում է կայացրել, իր երկրի համար ծանրագույն վիճակում աջ է քաշվել ու չի խաբվում։ Հասարակության ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը չի ընդունում, բայց նաեւ չի գալիս եւ չի միանում ընդդիմադիրներին։ Բայց այդ մարդիկ պիտի հասկանան, որ պատասխանատու են այս երկրի համար։ Ճիշտ չէ, որ երկրի վիճակը լավ է, դու քեզ լավ ես զգում, ուրեմն երկրի տերն ես, բայց երբ վատ է, ծանր լուծումներ են պետք, քաշվես մի կողմ ու նայես, տեսնես, թե ինչ է լինելու։

- Իշխանությանը մերժում են, բայց ընդդիմությանն էլ չեն ընդունում, դրա համար եմ ասում․ չորս ամիս է՝ փողոցով հնարավոր չի դառնում իշխանափոխություն իրականացնել, ուստի չարժե՞ մի քայլ նահանջել, համաձայնել թեկուզ Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններին, հատկապես, որ մարտիմեկյան հանրահավաքին դուք՝ ընդդիմադիրներդ էլ ասացիք, թե վարչական ռեսուրսով անգամ չկարողացավ մարդ հավաքել, էլ ուր մնաց ընտրություն կեղծի։

- Հանրահավաքն իշխանության համար կենաց-մահու խնդիր չէ, իսկ  ընտրություններին իշխանությունները գործի են դնելու ողջ ռեսուրսները։ Նիկոլ Փաշինյանը, հիշում եք, վերջին անգամ ինչպես գնաց խորհրդարան։ Անվտանգության բոլոր կանոններն այնպես էին պահել, ինչպես չեն անում անգամ ԱՄՆ նախագահի դեպքում։ Ինքն իր անձն է այդպես պաշտպանում, դուք պատկերացրեք, թե ինչ քայլերի կարող են գնալ իրենց իշխանությունը պահելու համար։ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ գնալ ընտրությունների, նշանակում է երկրում քաոսն ավելի խորացնել, 30-40 տարի ես քաղաքական դաշտում եմ ու վստահեցնում եմ, որ այդպես է լինելու։

- Մյուս կողմից՝ նա հրաժարական չի տալիս, ավելին՝ արտախորհրդարանականներիդ հետ հաշվի չի նստում, իր օրակարգը խորհրդարանի երկու ընդդիմության հետ է։

- Ցուգցվանգային իրավիճակ է ստեղծվում։ Պետք է շարունակել պայքարը, ուրիշ ճանապարհ չկա։ Պիտի շարունակել, մինչեւ հասարակության ճնշող մեծամասնությունն իր դիրքորոշումը հայտնի, կանգնի ու որոշի, ասի՝ կա՛մ դուք եք մեղավոր, կա՛մ դուք։

- Հասարակությունն ասում է՝ երկուսդ էլ մեղավոր եք, ընտրություններ կազմակերպեք, որ երրորդ ուժին ընտրեմ։

- Դե, գիտեք, ամբողջ խնդիրը երկու ուժերի մեջ է, երրորդ ուժը չկա ու չի կարող խնդիր լուծել այսօր, եթե կա, ուրեմն թող հայտնվի։ Այսօր կամ-կամ-ի խնդիր է, կա իշխանություն, կա փողոց դուրս եկած ընդդիմություն՝ ի դեմս 17 ուժերի, ընտրություններն էլ են լինելու այս երկու բեւեռի միջեւ, երրորդ ուժի մասին ընդամենը խոսում են, ասում են ասելու համար, դա լուրջ չէ։

- Հիմա եթե Գագիկ Ծառուկյանը համաձայնության գա Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՓՇ-ն ի՞նչ է անելու։

- Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ քննարկումներին չեմ մասնակցում։ Ես մի բան գիտեմ, որ այս իրավիճակն օր առաջ պիտի լուծվի։ Նիկոլ Փաշինյանն այսպե՞ս է սիրում ժողովրդին, իր աթոռին կառչա՞ծ, խոսքերով չեն սիրում, ո՞ւմ է պետք իր սերը, երբ երկիր ենք կորցնում։ 30 տարվա մեջ Հայաստանը նման վիճակի մեջ չի հայտնվել։