Փաշինյանին նամակ գրած ՔԿՀ աշխատակցին հատո՞ւկ են անգործ թողել

Փաշինյանին նամակ գրած ՔԿՀ աշխատակցին հատո՞ւկ են անգործ թողել

Այս տարվա հունվարից այլևս չեն գործում «Հրազդան» և «Կոշ» ՔԿՀ-ները։ Դրանց բազմաթիվ աշխատակիցներ մնացել են դրսում՝ առանց աշխատանքի։ Նրանցից մեկն էլ Գևորգ Բեգլարյանն է, որը  2019-2022-ն աշխատել է «Հրազդան» ՔԿՀ-ում։ Նա քանիցս դիմել է Քրեակատարողական ծառայություն, որ վերականգնվի աշխատանքի իր բնակությանը մոտ գտնվող որևէ ՔԿՀ-ում, բայց, իր խոսքերով, մերժել են իրեն։ Ինքն էլ նամակ է գրել վարչապետին՝ տեղեկացնելով, որ երկու անչափահաս երեխաների հայր է, այս տարիներին ստացել է նաև խրախուսանքներ, օրինակ՝  2008թ. փետրվարի 26-ին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից, 2012թ. փետրվարի 3-ին՝ «Աբովյան» ՔԿՀ պետ Ա. Սարգսյանից։ Հիմա, «Հրազդան» ՔԿՀ-ի լուծարումից հետո, անցել է կադրերի ռեզերվ, մինչև հուլիսի 1-ը ժամկետով։

«Պարոն վարչապետ, հունվարից մինչև մայիսի 19-ը ոչ մի աշխատակցից աշխատանքի առաջարկ չեմ ստացել, մինչև Ձեզ նամակ գրելը։ Բազմիցս այցելել եմ Քրեակատարողական ծառայություն, զանգահարել կադրերի բաժին ու հետաքրքրվել իմ աշխատանքային ճակատագրով: Պատասխանել են, որ երբ տեղ լինի, կասենք։ Դա` այն դեպքում, երբ թափուր հաստիքներ միշտ էլ եղել են, ապացույցն իրենց կայքում հայտարարված մրցույթներն են: Այդ մրցույթներին դիմել են մեկական անձինք, և հենց այդ միակ դիմորդներն էլ հաղթել են: Անտեսել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 1, 2, 3, 4 կետերը և 3-րդ մասը։ Այս ամենից հետո նամակ եմ գրում անձամբ Ձեզ (ս.թ. մայիսի 10-ին) ու պատմում կատարվածի մասին:

Վարչապետի աշխատակազմն այդ նամակը հասցեագրում է արդարադատության նախարարություն, այնտեղից էլ՝ ուղիղ այն հիմնարկ, որից դժգոհ եմ (ՔԿԾ)։ Ձեզ ուղղված այդ նամակս մայիսի 16-ին ՔԿԾ-ում դարձնում են քննարկման առարկա՝ հայտարարելով, որ հենց նամակ գրելու համար էլ պետք է մոռանամ աշխատանք ունենալու մասին: Մայիսի 17-ին նամակ եմ գրել նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, որ ՔԿԾ-ում հրապարակային քննարկման թեմա են դարձրել վարչապետին ուղղված նամակս՝ սպառնալով, որ աշխատանք չեմ ունենա։ Աշխատանք չունեմ ու փորձել եմ հասկանալ, թե ինչու ինձ՝ որպես խրախուսանքների արժանացած սպայի, ռեզերվից չեն վերադարձնում համակարգ, մինչդեռ թափուր հաստիքներ կան: Արդյո՞ք խախտում եմ արել՝ ժողովրդավարական երկրում իմ իրավունքներն իրացնելով: Այս հարցերս անպատասխան թողնելով՝ նախարարությունից ինձ ուղարկում են մի գրություն, ըստ որի՝ իբրև թե ես ցանկություն չեմ հայտնել մասնակցել մրցույթի: Պնդում եմ՝ սա սուտ է: Ես գնացել եմ, որ դիմեմ մրցույթի, ասել են՝ հարկ լինի, կկանչենք: ՔԿԾ անցագրային կետում օրով ու ժամով արձանագրվում են քաղաքացիների և աշխատակիցների ելքերն ու մուտքերը: Այնտեղ նաև իմ տվյալները կան: Անգամ դա են անտեսել: Խնդրում եմ հանձնարարեք՝ ստուգեն, թե ինչպես է եղել, ու այցելել եմ կադրերի պետ, արդարադատության գնդապետ պարոն Հ. Նավասարդյանին բազմիցս, բայց չեմ մասնակցել մրցույթներին: Ինչու՞ աշխատանքի առաջարկներ չեմ ստացել։ Պարոն Փաշինյան, ժողովրդավարական երկրում, նաև Ձեզ նամակ գրած հպարտ քաղաքացին կանգնել է աշխատանքն ընդմիշտ կորցնելու վտանգի առջև»,-Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում նշել է Գևորգ Բեգլարյանը։

Մենք կապ հաստատեցինք Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հետ։ Վերջինս ասաց, որ նամակին ծանոթ է, և սկսեց հերքել նամակի հեղինակի պնդումները։ «Լրիվ սուտ է, տենց բան չի կարա լինի, իրեն որևէ բան չեն ասել, կան մրցույթներ, ինքն էդ մրցույթներին չի մասնակցել, ասեմ ավելին՝ անգամ իրեն կանչել են, ասել են՝ հաստիքներ են բացվել` առաջատար մասնագետների, ծառայության պետի տեղակալների հետ բոլորին հրավիրել են ուղղակի հարցուպատասխանի, որ հասկանան՝ ինչ որակի աշխատողներ են, որպեսզի մրցույթները հայտարարենք՝ մասնակցեն։ Դրանից էլ է ինքը հրաժարվել»,-ասաց Սերգեյ Ատոմյանը։

Նա նաև նշեց, որ «Հրազդան» ՔԿՀ-ում 150 հաստիք է  եղել, որից 140-ին փորձել են ամեն կերպ տեղավորել աշխատանքի՝ թե կառավարությանն են խնդրել, որ հաստիքներ տրամադրի, թե իրենց թափուր հաստիքներում։ «Հնարավոր է՝ 10 հոգի ընդամենը դուրս անցած լինի, կոնկրետ թվերով մենք կհրապարակենք՝ պարզ կլինի։ Մեծ մասին տեղավորել ենք, այսինքն՝ մրցույթը հայտարարում ենք, մարդիկ գալիս մասնակցում են։ Մի հաստիքի վրա կարող է հինգ հոգի մասնակցի, ով առավելագույն բալեր է ստանում, հարցուպատասխանին էլ մասնակցում է, նշանակվում է համապատասխան պաշտոնին»,-ասաց ՔԿԾ պետը։ 

Նա նաև հերքեց այն տեղեկությունը, որ իր մրցույթներին հիմնականում մեկ մարդ է մասնակցում, և նրանք լինում են ՔԿԾ պետի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծանոթ-բարեկամները։ Ատոմյանը հայտարարեց, որ նույն Գևորգ Բեգլարյանն իր օրոք նաև առաջխաղացում է ունեցել՝ որպես երկու անչափահաս երեխաների հայր։

 «Նրան նշանակել էինք գլխավոր մասնագետի պաշտոնակատար։ Իրեն էդ ժամանակ անգամ առաջարկվել էր «Սևան» ՔԿՀ-ում համապատասխանից մի աստիճանով բարձր պաշտոն, սակայն ինքը նախընտրեց գլխավոր մասնագետի պաշտոնը՝ հետագայում նոր կտեսնի։ Էնպես որ, պարոն Մակարյան, մենք լրիվ մաքուր ենք մեր աշխատանքում։ Հենց հիմա էլ հայտարարած մրցույթներ ունենք, և եթե ինքն էդքան ազնիվ և մաքուր անձնավորություն է, թող դիմի ցանկացած մրցույթի, դրա օրինականության և անաչառ լինելու համար ես երաշխավորում եմ, իսկ դրան ես անձամբ հետևողական կլինեմ, որ անաչառ լինի։ Եթե իր մասնագիտական գիտելիքները հերիքում են, թող դիմի մրցույթին, հաղթի ու նշանակվի»,-ասաց ՔԿԾ պետ Ատոմյանը։

Գևորգ Բեգլարյանը, սակայն, մեզ հետ զրույցում, անդրադառնալով ՔԿԾ պետի այն հայտարարությանը, թե իրեն հրավիրել են մրցույթների մասնակցելու, ինքն էլ հրաժարվել է, ասաց․ «Փետրվարի 2-ին հայտարարվել էր «Աբովյան» ՔԿՀ հերթապահ խմբի գլխավոր մասնագետի թափուր հաստիքի մրցույթ, հաջորդ օրը ես ներկայացել եմ ՔԿԾ կադրերի պետ պարոն Հ․ Նավասարդյանի մոտ՝ նշելով, որ հայտարարված է մրցույթ «Աբովյան» ՔԿՀ-ում, սակայն պարոն Նավասարդյանն ինձ ցույց է տալիս հրաման, որ արդեն այդ պաշտոնում կա նշանակված ժամանակավոր պաշտոնակատար, ու հայտարարելով, որ ինձ նման ազատված մարդ է, և ինձ ասաց, որ պետք չի դեռ այս մրցույթին մասնակցել, երբ որ տեղ լինի, ինքն անձամբ ինձ կտեղեկացնի, որ գամ դիմեմ այդ մրցույթին։ Բայց հետագայում պարզվում է, որ կոնկրետ այդ մարդը համակարգի հետ կապ չուներ և կադրերի ռեզերվում գրանցված չի եղել։ Իմ վերջին այցելությունը եղել է ապրիլի 27-ին, երբ ես տեղեկանք եմ վերցրել, որ ես գտնվում եմ կադրերի ռեզերվում, նորից կադրերի պետին հարցրել եմ՝ թափուր տեղ չեղա՞վ, որ ես մասնակցեմ, ինքն էլ ինձ ասել է՝ գնա, երբ որ կլինի, մենք քեզ կտեղեկացնենք։ Դրանից հետո մայիսի 18-ին ինձ ու կադրերի ռեզերվում գտնվող մյուս աշխատակիցներին հրավիրել են հանդիպման` տեղակալների հետ, բայց ես չեմ ցանկացել ներկայանալ, քանի որ վարչապետին գրված իմ նամակից տեղեկացված են եղել նաև կադրերի ռեզերվում գտնվող աշխատանքները, այսինքն՝ խախտվել է իմ նամակի գաղտնիության սկզբունքը»։