Մեկ տարի անց

Մեկ տարի անց

Մեկ տարի առաջ Փաշինյան Նիկոլը երկրորդ անգամ պարտության մատնեց Հայաստանի Հանրապետությունը: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել կես տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի միջոցով: Արտահերթ խորհրդարանական ընտրության քարոզարշավին նրա ձեռքի եռագույն «բանտիկով» մուրճը խորհրդանշեց Հայաստանի ողնաշարին հասցված հարվածը: Չնայած այն ներկայացվում էր իբրեւ թե հարված նախկինների գլուխներին: Բայց դա այդպես չէր, եւ ինքը դա շատ լավ գիտեր: Ինքը գիտեր, որ ժամանակին նախկինների դեմ պայքարած բազմաթիվ անհատներ միավորվել էին նրանց հետ հանուն մեր երկրի փրկության: Բայց դա նրան չէր հետաքրքրում: Նրան հետաքրքրում էր միայն սեփական իշխանության պահպանման խնդիրը: Եվ «բանտիկով» մուրճը նրան անհրաժեշտ էր, որպեսզի իր կողմը քաշեր հասարակության կիսագրագետ ու ոչ գիտակից հատվածին: Ողջ գիտակից կյանքում պոպուլիստ գործիչ լինելով՝ նա պոպուլիզմով հաղթանակ տարավ հասարակության գրագետ ու գիտակից հատվածի նկատմամբ: Ինչը նույնն էր, թե Հայաստանի ապագան պարտության մատնելը:

Քարոզարշավի օրերին Փաշինյան Նիկոլը 44-օրյա պատերազմի պարտությունից հոգեբանական շոկ ապրող բազմությանը խոստանում էր խաղաղություն: Մարդկանց փորձում էր համոզել, որ թուրքին թշնամի դիտարկելn անապագա մտածողության դրսեւորում է: Եվ խնդրում էր, որպեսզի մարդիկ իրեն մանդատ տան ապագա կառուցելու համար: «Թուրքը թշնամի չէ, նրա հետ կարելի է լեզու գտնել եւ, ի վերջո, բացել «խաղաղության դարաշրջան»՝ մոտավորապես նման բան էր ասում ինքը: Միաժամանակ, խնդրում էր իրեն հատկացնել «պողպատե» մանդատ, որպեսզի կարողանա լուծել նախկինների հարցը, վերացնել խաղաղության եւ բարեկեցության ճանապարհի խոչընդոտները: Ինչը եւ ստացավ, սակայն մեկ տարի անց պարզվեց, որ բարեկեցության հաստատումը դեռ կսպասի: Իսկ խաղաղության հաստատման առումով էլ հայտարարեց, որ դա միայն իրենից կախված չէ: Եվ իր պատկերացրած ոչ թշնամի թուրք գործընկերներն էլ նման ցանկություն չեն դրսեւորում: Իհարկե, եթե Հայաստանը լիներ իրապես ժողովրդավարական երկիր, դա արդեն երկրորդ պատճառը կլիներ, որպեսզի Փաշինյան Նիկոլը ժողովրդին վերադարձներ նրա տրամադրած մանդատը: Առաջին պատճառը, բնականաբար, 44-օրյա պատերազմում նրա ղեկավարությամբ մեր պարտությունն էր:

Թե՛ պատերազմից եւ թե՛ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոստովանությունից հետո արժանապատվություն եւ ինքնասիրություն ունեցող երկրում ժողովրդի հսկայական բազմությունը դուրս կգար փողոց՝ պահանջելու վարչապետի հրաժարականը: Բայց, ինչպես տեսնում ենք, ո՛չ Փաշինյան Նիկոլն է ինքնակամ հրաժարական ներկայացնում, ո՛չ դա նրանից պահանջում են իր «ուսապարկերը» (չնայած էլ ի՜նչ «ուսապարկ», որ նման բան պահանջի) եւ ո՛չ Նիկոլի «սիրելի» ժողովուրդը՝ հասարակության կիսագրագետ ու ոչ գիտակից մեծամասնությունը: Ինչը նշանակում է, որ այդ Նիկոլը, իր «ուսապարկերով» հանդերձ, արժանի է մեկ տարի առաջ իրեն ձայն տված ժողովրդին: Իսկ հասարակության գրագետ ու գիտակից փոքրամասնությունը կա՛մ պետք է ենթարկվի երկիրը կորցնելու հեռանկարին եւ կա՛մ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով վարչապետի պաշտոնից հեռացնի Փաշինյան Նիկոլին:

ՀԳ. Բազմաթիվ գրագետ անհատներ եւ այդ թվում տողերիս հեղինակը, փորձել են վերլուծել Փաշինյան Նիկոլ անվանված ֆենոմենը: Անկեղծ ասած, եթե այն լիներ քառորդ դարի ընթացքում որեւէ դերասանի կողմից կերտված կերպարների հավաքականություն, ապա կդիտվեր մեծ հետաքրքրությամբ: Սակայն այն, ինչ դիտարժան է բեմի վրա, իրական կյանքում տեղ գտնելու դեպքում պատճառում է ցավ ու տառապանք: Աստված ցանկացավ, որ մենք կրենք այդ ցավն ու տառապանքը: