Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով վարչապետի թեկնածու Փաշինյան Նիկոլը

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով վարչապետի թեկնածու Փաշինյան Նիկոլը

ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլը հրաժարական է ներկայացրել եւ վերածվել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի (ՎԺՊ): ՎԺՊ-ի կարգավիճակով Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ նիստում ներկայացվում էր որպես վարչապետի թեկնածու (ՎԹ): ՎԺՊ Փաշինյան Նիկոլը՝ որպես ՎԹ, ելույթ էր ունենում պատգամավորների առաջ, ինչպես նաեւ պատասխանում էր նրանց հարցերին: Ազգային ժողովում աշխատանքային օրվա վերջում տեղի ունեցավ ՎԺՊ-ի կարգավիճակով ՎԹ Փաշինյան Նիկոլի ընտրությունը՝ որպես վարչապետ: Ընտրությունը չկայացավ: Մեկ շաբաթ անց ՎԺՊ-ի կարգավիճակով Փաշինյան Նիկոլն ԱԺ կազմի մեկ երրորդ մասով կրկին առաջադրվելու է որպես ՎԹ: Սցենարը կկրկնվի, ինչից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի:

Կարծում եմ, որ նկարագրվածը կարելի է բնորոշել որպես փաշինյանական ժողովրդավարության մարմնավորում: Այն միաժամանակ կարող է բնութագրվել որպես նոր խոսք «Տրամաբանություն» կոչված գիտության մեջ: Ուրիշ հարց, որ հին հունական մեծագույն մտածող եւ փիլիսոփա Արիստոտելը (384-322 մ.թ.ա.), ով համարվում է այդ գիտության հիմնադիրը, դրանից, ինչպես ասվում է, շուռ կգար գերեզմանում, կամ գերեզմանում շուռ կգար այն, ինչ մնացել է Արիստոտելից 2343 տարի անց: 

2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ես եւ ինձ նման մարդիկ, ովքեր «Ա»-ն տարբերում են «Բ»-ից, մտածում էինք, որ մերժելով Սերժին՝ մենք կառուցելու ենք այնպիսի երկիր, որտեղ, ի թիվս այլ գործոնների, առաջնային է դառնալու արժեքային համակարգը: Իսկ արժեքային համակարգը ներառում է նաեւ այն, ինչ առնչվում է գրագիտության, գիտության, տրամաբանության հետ: Մի խոսքով՝ մտածողության հետ: Սակայն «թավշյա հեղափոխություն» կոչված իշխանափոխության արդյունքում մենք ստացանք հասարակության կիսագրագետ եւ նույնիսկ անգրագետ հատվածի մտածողությանը համապատասխան կառավարման համակարգ:

Այն, ինչ ՎԺՊ-ի կարգավիճակով ՎԹ Փաշինյան Նիկոլն անվանում է «ժողովրդի իշխանություն»: 
Ի դեպ, թե՛ իր ելույթում եւ թե՛ պատգամավորների հարցերին պատասխանելիս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով վարչապետի թեկնածու Փաշինյան Նիկոլը, ավանդույթի համաձայն, հերքում էր թե՛ տրամաբանության կանոնները եւ թե՛ կեղծում իրականությունը: Օրինակ, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը՝ վերջինս որպես գործոն նշել էր նաեւ իր իրագործած «թավշյա հեղափոխությունը» եւ դրա արդյունքում ստեղծված «ժողովրդավարությունը»: Սակայն գործընթացին հետեւող եւ տառաճանաչ յուրաքանչյուր ոք կարող է ընկալել, որ ճանաչումը գլխավորապես պայմանավորված էր Թուրքիայի կողմից ռուսական Ս400 հրթիռներ գնելով եւ բացարձակ պայմանավորված չէ «թավշյա հեղափոխությամբ»: Հակառակ դեպքում ճանաչումը տեղի կունենար ոչ թե 2021-ին, այլ՝  2018-ին կամ գոնե 2019-ին, երբ դեռեւս թարմ էր «թավշյա հեղափոխություն» կոչվածի իմիջը (կերպարը), եւ փաշինյանական «ժողովրդավարությունն» էլ դեռեւս չէր բացահայտել իր իրական էությունը: 

Ինչեւէ, երեկ տեղի ունեցավ փաշինյանական թատերական ներկայացման առաջին արարը, իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր կոչված խմբակցությունները որեւէ ձեւով չխոչընդոտեցին դրան: Հաջորդ արարը, ինչպես ասվեց, տեղի կունենա մեկ շաբաթ անց, եւ 2020 թվականի պատերազմում պարտված «գերագույն գլխավորը» մեկ եւ կես ամիս անց կփորձի վերարտադրվել: Ինչը կնշանակի Հայաստան պետության վերջնական կործանման ուղիղ ճանապարհ:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ