Անձնական օրինակն էլ չի օգնում

Անձնական օրինակն էլ չի օգնում

Քանի որ պատվաստանյութի մեկ սրվակ բացելու համար պահանջվող 8 մարդը չի հավաքվում, առողջապահության նախարարը հրահանգել է պատվաստվողներին՝ գնալ այնտեղ, որտեղ բացել են սրվակները։ Բանն այն է, որ «Աստրազենեկայի» պատվաստանյութի մեկ սրվակը նախատեսված է 8-10 անձի համար, եւ առնվազն այդքան մարդ պետք է միաժամանակ պատվաստվելու ցանկություն հայտնած լինի։ 

Քանիցս առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ պետությունը հակակորոնավիրուսային պատվաստանյութի իրացման՝ պատվաստումն իրականացնելու լուրջ խնդիր ունի։ Ցանկացողներ չկան, մանավանդ՝ «Աստրազենեկայով», որի համբավն այնքան էլ դրական չէ։ Դրա համար կառավարության ղեկավարը կառավարության նիստի ժամանակ կոչ է անում բոլորին՝ պատվաստվել, եւ իշխանության ներկայացուցիչները  ցուցադրաբար պատվաստվում են, ներառյալ՝ երկրի առաջին դեմքն ու կինը՝ Աննա Հակոբյանը։

Ի դեպ, անհայտ է, թե ինչով են պատվաստվել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, քանի որ  Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հնչած պատգամավորական հարցին ի պատասխան, ասաց, որ չի ասի, թե ինքն ինչ պատվաստանյութով է պատվաստվել, սակայն ասաց, որ իրենց փոխվարչապետերից մեկը (Տիգրան Ավինյան) պատվաստվել է Astrazeneca-ով, մյուս փոխվարչապետը (Մհեր Գրիգորյան)՝ ռուսական Sputnik V-ով: Ապա հույս հայտնեց, որ ԱԺ նախագահությունից որեւէ մեկն էլ շուտով կպատվաստվի չինական պատվաստանյութով: Մի խոսքով, կատարյալ «կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն» առողջապահության մեջ։ Չնայած սրան, վիճակը կարծես թե այնքան էլ հուսադրող չէ, եւ դրա մասին Ֆեյսբուքում գրում են նաեւ տարբեր օգտատերեր։

Պարզվում է՝ պոլիկլինիկաները, որոնք պետք է շաբաթը 7 օր պատվաստում իրականացնեն, եւ կառավարությունն էլ հանել է ցանկացողների համար տարիքային սահմանափակումները, հանգստյան օրերին չեն աշխատում։ 

«Հետո ասում ենք` խի 3 շաբաթվա մեջ բնակչության 0.1 տոկոսը չի պատվաստվել»,- գրել է օգտատերը։ Իրականում բանն այն է, որ պոլիկլինիկաներում պատվաստվել ցանկացողները պետք է ցուցակագրվեն, որպեսզի մեկ սրվակը բացելու համար անհրաժեշտ 8 անձն առկա լինի, որ պատվաստանյութը բացելուց հետո չփչանա՝ անմիջապես ներարկեն։ Բայց շատ պոլիկլինիկաներում անգամ 8 հոգի ցանկություն չի հայտնում պատվաստվելու, եւ ամեն օր չէ, որ սրվակ են բացում։ 

ԱՆ մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը «Հրապարակին» հայտնեց, որ խնդիրը լուծելու համար առողջապահության նախարարությունից պոլիկլինիկաներին ցուցում է տրվել աշխատել իրար հետ։ «Որտեղ պատվաստվողներ կան, կարող են ուղղորդել այն պոլիկլինիկան, որտեղ արդեն բացել են սրվակը»։

Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից տեղեկացանք նաեւ, որ «Սպուտնիկով» պատվաստվելու մեծ ցանկություն էլ առանձնապես չկա։ԱՆ մամուլի քարտուղարի  խոսքով՝ մայիսի 1-ի դրությամբ պատվաստվել է 4 հազար 221 անձ։

Հիշեցնենք, որ  պետությունը 24 հազար անձի պատվաստման համար Astrazeneca է գնել արտերկրից, եւ այդ պատվաստանյութի գործածության ժամկետը լրանալու է մայիսի 31-ին՝ 27 օրից։ Ամենայն հավանականությամբ, այդ պատվաստանյութի մեծ մասը չեն հասցնի օգտագործել, եւ կստացվի, որ հերթական անգամ հանրային միջոցները կծախսվեն անարդյունավետ։