Եվ այսպես բամբասում են տղամարդիկ

Եվ այսպես բամբասում են տղամարդիկ

Ցավոք, հաճախ եմ նման խոսակցություններ լսում, բայց երկու օր առաջ, երբ կրկին լսեցի նման անհեթեթություններ, որոշեցի գրել այդ մասին։ Զբոսայգում նստած, հանգստանում էի։ Մոտակայքում միջին տարիքի 4-5 տղամարդ աշխույժ զրուցում էին։ Տարբեր կենցաղային մեծ ու փոքր հարցերի քննարկումից հետո զրույցի թեման շուտով հասավ Արցախին ու արցախցիներին։ Մեկն ասում է` տարիներ շարունակ էդ ղարաբաղցիները ոչինչ չէին անում, մեր փողերով, մեր բյուջեի հաշվին էին ապրում, հիմա էլ եկել են, մեր վզներին նստել ու դժգոհում են, որ լավ չեն ապրում։ Մյուսը լրացնում է` իրենց ողջ ռազմական տեխնիկան տվել են թուրքերին, իրենք դուրս եկել Ղարաբաղից…

Այսպես հանգիստ, իրենք իրենցից գոհ ու հպարտ, բայց արցախցիներից դժգոհ, բամբասում էին` առանց իրենց հարց տալու, թե դրանից առաջ՝ առանց Հայաստանի բյուջեի, ղարաբաղցիները հազարամյակներով ինչպես էին ապրում ու հայեցի պահում Արցախը, անգամ դարերով անկախություն պահպանում` որպես մելիքություններ, երբ Հայաստանը վաղուց գոյություն չուներ որպես պետություն։ Իսկ խորհրդային 70 տարում էլ, գտնվելով Ադրբեջանի կազմում, առանց Հայաստանի բյուջեի կարողացել էին ծաղկուն երկիր կառուցել` ունենալ հայկական պետական թատրոն, ազգային պետական համույթներ, հայկական դպրոցներ, զարգացած տնտեսություն` գյուղատնտեսություն ու արդյունաբերություն։

Ցավն այն չէ, որ սրանց ընտրած ու վերընտրած անհայրենիք արարածը պայմանավորված պատերազմում մահվան է ուղարկել նաեւ սրանց հարեւանների ու ընկերների զավակներին եւ թշնամուն նվիրել Արցախի մի մասը, հետո՝ դարավոր ոսոխի հետ պայմանավորվածությամբ, ծախել նաեւ Արցախից փրկված վերջին հողակտորն ու ողջ արցախյան ժողովրդին, որոնք ՀԱՅ են, դարձրել անտուն ու գաղթական։ Այլ ցավն այն է, որ սրանք իրենց փոքր ուղեղների ծալքերով պարզել են ու դժգոհում են, որ Արցախում եղած-չեղած մի քանի տասնյակ տանկերը, հրանոթները եւ այլ զինտեխնիկան, որոնք, փաստորեն, մնացել էին առանց զինամթերքի, բաժին են հասել թշնամուն։ Այսինքն` աշխարհից մոտ մի տարի լիովին կտրված, առանց օգնության մնացած, շրջափակման, պաշարման մեջ սոված գոյատեւող «էդ ղարաբաղցիներն» անզինամթերք մնացած իրենց մետաղի ջարդոն զենքով մինչեւ վերջին զինվորը չեն կռվել իրենցից բազմիցս ուժեղ եւ մինչեւ ատամները զինված ոսոխի դեմ ու վերջում, կենդանի մնացածներով, այդ անվառելիք մնացած տանկերն ու մյուս տեխնիկան չեն շալակել ու իրենց հետ բերել Հայաստան։ Ու մեծագույն ցավն այն է, որ այսպես բամբասում են տղամարդիկ, որոնք մարդահամարի ժամանակ հաշվառվում են որպես մարդ։

Սրանք կարողանում են տեսնել արցախցիների` թշնամուն անցած ռազմական տեխնիկան, որոնց ստվար մասը, ի դեպ, արցախյան 1991-1994 թթ. պատերազմում թշնամու դեմ կռվող հենց այդ նույն արցախցիներն էին առգրավել ազերներից։ Ավելին` օրուգիշեր աչք էին խոթում, թե Արցախ ենք ազատագրել, բայց չգիտեին, որ այդ տարիներին Արցախում զենքը ձեռքին թշնամու դեմ մշտապես կռվում էին 27-30 հազար արցախցիներ եւ 3 հազար հայաստանցի իրոք հայրենասեր ու նվիրյալ քաջորդիներ, որոնց մի քանի ամիս հետո փոխարինում էին 3 հազար այլ նվիրյալ հայաստանցիներ։ Ու այսպես, իրար փոխարինելով, 14-15 հազար հայաստանցի կամավորներ՝ արցախցիների հետ թիկունք-թիկունքի, քաջաբար, անձնվեր կռվել են ոսոխի դեմ, որովհետեւ նրանք ազգի սերուցքն էին։ Ու հազարավորներն իրենց կյանքի գնով են ազատագրել եւ պաշտպանել Արցախը։ Վերոհիշյալ բամբասասերներն այդ ամենը չգիտեն, նրանք գիտեն միայն, որ Արցախի եղած-չեղած զինտեխնիկան բաժին է հասել թուրքին, բայց չգիտեն, չեն տեսնում, չեն հասկանում, որ վերջին երեք տարում թշնամուն են մնացել 140 հազար արցախցիների հայրենի օջախները, նրանց ողջ տունուտեղը, ունեցվածքը, հարազատների, նախնիների գերեզմանները, այդ մարդկանց մանկությունը, պատանեկությունը, առաջին սերն ու մանկան առաջին գեղգեղանքը` հարազատ հարկի տակ, իրենց ողջ կյանքը` դժվարություններով, դառնություններով, ուրախություններով ու ապագայի մասին երազանքներով լի։ Ու այդ ամենի հետ միասին թշնամուն է մնացել մի ողջ հայրենիք, որն անգին է, տրիլիոններ արժե, եւ որտեղ հազարամյակներ շարունակ հայեր՝ իրենց նախնիներն են ապրել...

Ու այսպես օրերով դժգոհում ու բամբասում են մարդիկ, որոնց աչքի առաջ մի բուռ ապազգային մոլախոտեր արդեն իրենց երկիրն են դրել վաճառասեղանին եւ վաղն արդեն իրենք են դառնալու անտուն ու գաղթական։

Գարեգին Վարդանյան