Թալանի տիպիկ օրինակ

Թալանի տիպիկ օրինակ

Երբ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ գարնանն աճեց Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող անձանց քանակը՝ Երևանում և այլ բնակավայրերում աճեցին բնակարանների վարձակալության գները: Բայց արդեն ամռանց սկզբին պաշտոնապես արձանագրվեց, որ դրանք որոշակիորեն իջել են: Ենթադրաբար վարձակալության գների աճով էր պայմանավորված Հայաստան ժամանածների հիմնական զանգվածի հեռացումը: Ինչն էլ հանգեցրել էր վարձակալության գների նվազմանը: Ի դեպ, գների աճը հարվածել էր նաև վարձակալությամբ բնակվող հայաստանցիներին: Գրագետ իշխանություն ունենալու դեպքում զուտ շուկայական մեխանիզմով (վարձով տրվող անշարծ գույքից ստացվող  եկամուտների հարկման դրույքի ժամանակավոր բարձրացում) հնարավոր էր կանխել գների բարձրացումը: ժամանակին այդ առաջարկը ներկայացրել էի «Հրապարակի» էջերում: Դրա կիրառությունն ապահովելու համար էլ անհրաժեշտ էր բացատրական աշխատանք տանել եկվորների շրջանում, որպեսզի վարձակալությունը կատարվեր պայմանագրային հիմքով: Դա դժվարություն չէր ներկայացնի, քանի որ եկվորները միմյանց հետ կապ էին հաստատում մի շարք բլոգերային ալիքների միջոցով: 

Բայց քանի որ «ժողովրդի փրկիչ» վարչապետի օրոք մեզանում բացարձակ անկառավարելիության վիճակ է հաստատվել, ոչ ոք չզբաղվեց այդ հարցով: Ենթադրում եմ նույնիսկ, որ ոչ մեկը «չֆայմեց» էլ, որ այդ խնդրին կարելի է որևէ լուծում տալ: Բայց պարզվում է, որ թանկացումների խնդիրը չի սահմանափակվել զուտ բնակվարձով: Օրերս ֆեյսբուքյան օգտատերերից Կարեն Հեքիմյանի էջում հայտնվեց մի պատկեր, որ կարելի էր բնութագրել որպես ֆինանսական անարխիայի ֆանտաստիկ դրսևորում: Երևանի Զվարթնոց օդանավակայանում արժութային փոխանակման կետերից մեկը սահմանել էր հիմնական արտարժույթների փոխանակման աննորմալ գներ: Ամերիկյան դոլարն, օրինակ, գնվում էր 300 դրամով, վաճառվում՝ 620-ով: Եվրոն, համապատասխանաբար, 300-ով և 650-ով, ռուբլին՝ 3.00 և 7.60-ով: Իսկ խեղճ ուկրաինական գրիվնան գնվում էր 6 դրամով, վաճառվում՝ 25-ով: Պատկերացնում եք՝ թալանի ինչ մակարդակ է տիրել այդտեղ: Եվ ամենից վատ վիճակում են հայտնվել ուկրաինական պատերազմից փախած մեր հայրենակիցները: Իսկ որ դա նախատեսված էր հենց հիմնականում ոչ հայերի համար՝ վկայում էր ցուցանակի ռուսատառ լինելը:

Ենթադրում եմ, որ հոդվածի հրապարակման պահին  արդեն փոխած կլինեն այդ թվերը, սակայն դրանց երևան գալը խոսում է տվյալ ոլորտում վերահսկողության բացարձակ բացակայության մասին: Իսկ վերահսկողը Հայաստանի կենտրոնական բանկն է: 
Ներկայացվածը կարելի է բնութագրել նաև ֆինանսական «բեսպրեդել» եզրույթով:

«Բեսպրեդել» երևույթն առկա էր նախկինների օրոք, և դրա դեմ հատկապես ակտիվ պայքար էր մղում փաշինյան ընտանիքի օրաթերթը: Չնայած պետք է խոստովանենք, որ նախկինների օրոք այն առկա չէր այս չափերով: Եվ չնայած դրան, այն հիմք ծառայեց, որպեսզի 2018-ի ապրիլին համարյա ողջ ազգաբնակչությունը դուրս գար փողոց: Ի դեպ, նախկինում ամենից հաճախ հնչող՝ «ում ուզում ես դիմի» արտահայտությունն արդեն դարձել է նիկոլական իշխանության «այցեքարտը»: Ինչի համար շնորհավորում եմ նախկինների դեմ ակտիվորեն (նաև պասիվորեն) պայքարող իմ համաերկրացիներին:

Իսկ վերը նշված արտահայտությունը հենց իշխանության «բեսպրեդելի» առաջնային դրսևորումներից մեկն է: Այնպես, որ Փաշինյան Նիկոլին վարչապետ կարգելով՝ մենք ոչ միայն ադրբեջանցիների օգտին «լուծեցինք» Ղարաբաղյան հակամարտությունը, այլև երկրում հաստատեցինք այնպիսի իշխանություն, որը չենք կարող տեսնել նույնիսկ գիշերային մղձավանջային երազում: