Հաղթահարենք մեր անկարողությունը

Հաղթահարենք մեր անկարողությունը

Մարդասիրական բեռով բարձված բեռնատարների շարասյունը ավելի քան 20 ժամ (հոդվածը գրելու պահին) կանգնած է ՀՀ սահմանագծին՝ Լաչինի միջանցքում։ Եվ քանի որ Նիկոլն անընդհատ կրկնում է, որ ինքը սպասում է ռուս խաղաղապահների եւ Բաքվի դրական արձագանքին, մտածում էի, որ արձագանքը պետք է գար Արեւմուտքից։ Որպեսզի հերթական անգամ դա վկայեր ՌԴ-ի անուժ լինելն այս հարցում։ Այնուհետեւ «խաղի» մեջ պետք է մտներ որեւէ եվրաչինովնիկ, եւ Իլհամը բացեր ճանապարհը։ Եվ երբ Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Բորելը հայտարարություն արեց, ենթադրեցի, որ գործընթացը զարգանում է հենց այդ սցենարով։

Նա հայտարարեց, որ իրենք «ի գիտություն են ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաեւ Աղդամ քաղաքով, բայց դա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։ Ինչը նշանակում էր համարյա թե ուղղակի հրահանգ Իլհամին՝ ապաշրջափակելու Լաչինի միջանցքը:

Գործընթացը տվյալ սցենարով շարունակվելու դեպքում Ժոզեպ Բորելի խոսքին պետք է հետեւեր Ադրբեջանի ԱԳՆ-ի ինչ-որ լղոզված հայտարարություն մարդասիրական ակցիայի շրջանակում բեռի մուտքն Արցախ թույլատրելու մասին։ Ինչին էլ պետք է հետեւեր ռուսական զորախմբի անօգտակարության վերաբերյալ վերջնական հասցեագրումը (թե՞ սխալ եմ օգտագործում այդ բառը եւ պետք է օգտագործեի «արձանագրում» բառը): Եվ վերջնական արդյունքում, դեռեւս մինչեւ 2025 թվականի ավարտը, այդ զորախումբը պետք է հեռանար Արցախից: Ինչով էլ կավարտվեր Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելու առաջին արարը՝ մշակված բրյուսելներում ու իրականացված Նիկոլի եւ Իլհամի կողմից: Որին, բնականաբար, պետք է հետեւեր Գյումրիի ռազմակայանի փակումը եւ երկրորդ ու վերջին արարի ավարտը: Այնուհետեւ Հայաստանի 29 հազար 800 քառ/կմ տարածքի մի մասի հանձնումն Ադրբեջանին, իսկ մնացած մասն էլ կվիլայեթանար Թուրքիայի կազմում: 

Բայց պարզվեց, որ մի քանի քայլանի շախմատային խաղն Ադրբեջանի նախագահին այս անգամ պետք չէր: Վերը նշված սցենարի փոխարեն կատարվեց մեկ քայլանի գործողություն. Ադրբեջանի ԱԳՆ-ից հետեւեց պարոն Բորելի հասցեին խիստ վիրավորական պատասխան։ Բնականաբար, չմոռանալով հերթական ապտակը հասցնել նաեւ Նիկոլին, այսինքն՝ մեր պետությանը: Որպես ասվածի վկայություն՝ մեկ մեջբերում անեմ այդ կառույցի հայտարարությունից: «Այդուհանդերձ, ափսոսանք է պատճառում այն մոտեցումը, որը ցուցաբերել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հուլիսի 26-ի հայտարարության մեջ, որը հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության եւ քաղաքական շահարկումների վրա»,- ասվում է այնտեղ: 

Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ ԵՄ հուսալի եւ կայուն գործընկեր բնութագրված (եվրաչինովնիկներից մեկի կողմից) արեւելյան խանի լկտի պատասխան: Անկեղծ ասած, եվրոպական բազմատեսակ բորելներն արժանի են նման պատասխանի: Բայց, դժբախտաբար, նման պատասխանն ուղղված է, առաջին հերթին, ընդդեմ մեր շահերի: Ինչի հիմքն էլ խայտառակ պարտություն կրած ինչ-որ «գերագույն գլխավոր հրամանատարին» պաշտոնանկ անելու մեր անկարողությունն է: Եվ եթե չենք ցանկանում, որ հեռավոր ապագայում մեր մասին խոսեն միայն պատմաբանները, ստիպված ենք հաղթահարել այդ անկարողությունը: Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: