Կոնվենցիաների դեմ պայքարը կեղծ օրակարգ է

Կոնվենցիաների դեմ պայքարը կեղծ օրակարգ է

Վերջին երկու տարիներին կոնվենցիաները դարձել են Հայաստանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մասնիկները։ Սկզբում Ստամբուլյան կոնվենցիան էր, իսկ հիմա էլ ավելացել է Լանզարոտի կոնվենցիան։ Վստահ եմ, ամիսներ հետո ի հայտ է գալու մի նոր փաստաթուղթ, հետո մյուսը և այսպես շարունակ։ Վերջ չկա, քանի որ դրանք արդեն իսկ կանոնիզացված ծիսակարգի կարգավիճակ ունեն։ Կոնվենցիաները պետք է մշտապես հայտնվեն, իսկ մարդկային որոշակի խմբեր իրենց միջնադարյան հռետորաբանությամբ պետք է պայքարեն դրանց դեմ։ 

Եթե անկեղծ լինենք, ապա իմ համոզմամբ ինչպես Ստամբուլյան, այնպես էլ Լանզարոտի կոնվենցիաները օրինաչափ, տրամաբանական և պահանջված փաստաթղթեր են։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, պարզապես ամեն անգամ ապշում և ապշահարվում եմ բողոքող մարդկանց հակագիտական և հետադիմական աղմուկ-աղաղակից։ Հիմնական բովանդակությունը հետևյալն է․ «Ինչ-որ մութ ուժեր պղծում են մեր երեխաներին, կազմաքանդում են ավանդական հայ ընտանիքը, բոլորին տրանսվիստիտ են փորձում դարձնել, մեզ կտրում են մեր սրբազան արմատներից ու հավատքից և այսպես շարունակ»։ Նմանատիպ անհեթեթությունները կարծես թե վերջ չունեն։ 

Ճիշտն ասած ես խուսափում եմ համանման թեմաներով քննարկումներից, քանի որ կան այնպիսի ակնհայտ և նույնիսկ պարզունակ ճշմարտություններ, որոնց մասին անհարմար է ոչ միայն խոսել, այլ նաև դիսկուրս ծավալել։ Բայց ինչպես հասկանում եմ հնարավոր չէ որևէ կերպ անմասն մնալ, քանի որ դրանք արդեն իսկ վնասարար և քայքայիչ բովանդակություն ունեն։ Եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է կոնվենցիաների շուրջ ծավալվով աղմուկ-աղաղակը վտանգավոր և քայքայիչ։ 

Սկսենք նրանից, որ ինչպես կոնվենցիաների, այնպես էլ դրանց հետ առնչվող թեմաների վերաբերյալ քննարկումները մանիպուլյատիվ են ու մոլորեցնող։ Դրանց հիմքում դրված են հակագիտականությունն ու միջնադարյան աշխարհայացքը, որոնց տարածումը կործանարար հարված է հասցնում 21-րդ դարի մարդու մտածողությանն ու աշխարհի ռացիոնալ ընկալմանը։ Անհատն այլևս դադարում է իրեն շրջապատող միջավայրը դիտարկել ամբողջականության և էվոլուցիոն կերպափոխման դիտանկյունից, ինչի հետևանքով էլ նա մեկուսանում է ինտուիտիվ ի հայտ եկած դավադրությունների և միֆերի աշխարհում։ 

Բացի այդ դավադրապաշտների գործունեությունը քայքայիչ է նաև քաղաքական դիսկուրսի ձախողման տեսանկյունից։ Ագրեսիվ և մարգինալ փոքրամասնությունն իր ֆաշիստական հռետորաբանությամբ, անհանդուրժողականությամբ և ազգայնական դեմագոգիայի միջոցով ստվերում է բոլոր այն հնարավոր կենսունակ արժեքները, որոնք պետք է տիրապետող լինեն քաղաքականության մեջ։ Եվ ամենակարևորը՝ քայքայիչ տարերը ջախջախիչ հարված են հասցնում մարդու և հանրույթի, ինչպես նաև մարդու և պետության սոցիալական փոխհարաբերություններին։ Դավադրապաշտական միֆերի մեջ թաղված անհատը կորցնում է հավատքը ոչ միայն գիտության, այլ նաև պետության նկատմամբ։ Պետական համակարգը ներկայացվում է որպես վնասարար մեխանիզմ, որը ցանկանում է այլասերել իր երեխաներին, քանդել «ավանդական» ընտանիքները, բոլորին նույնասեռական դարձնել։ Իսկ գիտությունն էլ դիտարկվում է որպես գործիք, որի միջոցով կյանքի են կոչվում դավադիր այդ ծրագրերը։ 

Ինչևիցե չխորանանք մանրամասների մեջ, քանի որ սրանք բոլորը երկարաժամկետ և աստիճանական բնույթ ունեն։ Մեկ այլ առիթով արժե առավել ծավալուն խոսել, իսկ հիմա խոսենք թերևս ամենաարդիական խնդրի մասին, որն ի տարբերություն վերևում շեշտադրվածների առօրեական նշանակություն ունի։ Հայտնի կոնվենցիաների և դրանց հետ առնչվող թեմաների քննադատները ուղղակի կամ անուղղակի կերպով մեծագույն ծառայություն են մատուցում ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ նրա կառավարող թիմին։ Առաջին հայացքից սա անհավանական և անհավատալի պնդում է, բայց եթե փորձենք խորանալ իրերի և երևույթների էության մեջ, ապա դա շատ էլ հավանական է թվում։ 

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունը դեռևս չի կարողացել որևէ հեղափոխական ռեֆորմ իրականացնել և դժվար էլ ապագայում կարողանա։ Ի հայտ են եկել լրջագույն տնտեսական և սոցիալական խնդիրներ, որոնք աստիճանաբար քայքայում են իշխանության բարձր վարկանիշը։ Իսկ հեղափոխականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ միայն չեն կարողանում դիմագրավել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, այլ նաև մոլորվել ու խցանվել են չբարեփոխված և ժանգոտած համակարգի միջանցնքերում։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կապ ունեն կոնվենցիաների քննադատներն այս ամենի հետ։ 

Առաջին հայացքից կոնվենցիաների դեմ պայքարողներն իրենց քննադատության սլաքներն ուղղում են կառավարության և ԱԺ-ի դեմ՝ հանդես գալով կոշտ և անհանդուրժող դիրքերից։ Բայց իրականում քննադատություններն այդ օդում պայթող գունավոր փուչիկի կարգավիճակ ունեն, քանի որ անլուրջ են և անիմաստ։ Բայց անլուրջն ու աննկատը ամենևին էլ հոմանիշներ չեն, քանի որ լինել անլուրջ, չի նշանակում մնալ աննկատ։ Որպես կանոն օդում պայթող գունավոր փուչիկները հանրային մեծ ուշադրության են արժանանանում և իրենց անհեթեթությամբ ստվերում պետության առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրներն ու մարտահրավերները։ 

Այսինքն, կոնվենցիաների դեմ պայքարող մարգինալ տարրերը երկնային պարգև են Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ անլուրջ և տարերային աղմուկը երկրորդական պլան է մղում բոլոր այն կարևոր խնդիրները, որոնց բարձրաձայնումն իսկապես սարսափեցնում է իշխանությանը։ Բացի այդ մարգինալ տարրերն ու մարտնչող կիսագրագետները այնքան խոցելի են, որ Նիկոլ Փաշինյանը բովանդակային տեսանկյունից ցանկացած պահի կարող է ջախջախել նրանց ու հերոսանալ։ 

Ասվածի համատեքստում Հայաստանի քաղաքացիներին և մեր ընթերցողներին հորդորում եմ զերծ մնալ անլուրջ ու հակագիտական օրակարգերից և կենտրոնանալ հատկապես այն հարցերի վրա, որոնք կենսական նշանակություն ունեն։ Օրինակ՝ դատական համակարգի այդպես էլ կյանքի չկոչված բարեփոխումների, իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման, կոռուպցիայի դեմ պայքարը պետական կապիտալիզմի փոխակերպելու, սոցիալական քաղաքականության ձախողման և տարատեսակ այլ խնդիրների վրա։ Հավատցնում եմ ձեզ, կոնվենցիաների պես կեղծ օրակարգերը շեղում են ձեզ իրական խնդիրներից, ինչն էլ հանգեցնում է իշխանության էլ ավելի դեգրադացմանն ու այլասերմանը։