Բարեփոխվի այնպես, որ խուսափենք հնարավոր կորուստների ռիսկերից
Կրթական եւ գիտական համակարգի բարեփոխումների հարցը պետք է դիտարկել տնտեսություն-գիտություն-կրթություն ոլորտների համատեքստում միաժամանակ՝ համոզված է ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը․ «Այն, ինչ հիմա փորձում են բարեփոխել մեր երկրում, իրոք անհրաժեշտ է, որովհետեւ կրթության համակարգը ենթակա է էական բարեփոխման։ Բայց երբ կրթությունը կապվում է գիտության հետ, այստեղ խնդիրներ են առաջանում, քանի որ հատկապես գիտության առաքելությունը նաեւ տնտեսության զարգացումն է, ոչ միայն կրթության ապահովումը համապատասխան գիտելիքներով»։
Ըստ ակադեմիկոս-քարտուղարի՝ հատկապես բարձրագույն կրթության ասպարեզում առաջացած խնդիրները հետեւանք են այն բանի, որ հետխորհրդային շրջանում, երբ անկախացանք, բիզնեսը խորապես ներթափանցեց բուհական համակարգ։
«Դրա պատճառն այն էր, որ պետությունն ի վիճակի չէր լիարժեք ֆինանսավորել պետական բուհերը, եւ այդ բուհերն իրենց խնդիրները գերազանցապես լուծում էին ու մինչեւ հիմա էլ լուծում են վճարովի ուսուցման ծառայությունների դիմաց վճարումների հաշվին։ Եվ որոշ բուհերի դեպքում իրենց վճարած պետական հարկերն ավելի շատ են, քան բյուջեից ստացված պետական պատվերի գումարները։ Այսինքն՝ զգալի մասով մեր պետական բուհերն իրենց եկամուտները ստանում են հատկապես ուսանողների ուսման վարձի հաշվին։ Տեղի ունեցան 2 բացասական երեւույթներ, մի կողմից, եթե ուսանողը վճարում է, նրան հեռացնելը՝ ցածր առաջադիմության համար, դառնում է պրոբլեմ բուհի համար, եւ պահանջել բարձր որակ, իհարկե, խնդրահարույց է, մյուս կողմից էլ՝ ամեն ոք չէ, որ պատրաստ է լսարան մտնելու։ Լսարան պետք է մտնի նա, ով գիտության մարդ է եւ ի վիճակի է ուսանողներին փոխանցելու գիտության վերջին խոսքը, բայց այդ սկզբունքն ակամայից խախտվեց, որովհետեւ բուհերի մեխանիկական աճն ապահովված չէր կադրային համապատասխան ռեսուրսով։ Այս իմաստով, բարեփոխումները, որ ուզում են անել, դրանցից 2-ն իսկապես անհրաժեշտ են։ Այն է՝ պետք է ստեղծվի շուրջ 8 պետական բուհ՝ պետական ֆինանսավորմամբ։ Սա, իմ համոզմամբ, դրական երեւույթ է, որովհետեւ եթե գոնե պետական ֆինանսավորումն ապահովվի եթե ոչ 100 տոկոսով, այլ 80 կամ նույնիսկ 50 տոկոսով, սա էական խթան կդառնա կրթության ոլորտում դրական տեղաշարժերի եւ կրթության որակի բարձրացման համար»,-նկատում է Սուվարյանը։
Ինչ վերաբերում է բուհերի խոշորացմանը, ապա, ըստ նրա, այդ խնդիրը վաղուց է ծառացած մեր երկրի առաջ․ «Դեռ 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին այդ խնդիրը դրված էր, այդ ժամանակ խոսում էին 5-6 պետական բուհի մասին, հիմա 8-ն են նախատեսում։ Այնպես որ, այս 2 քայլը պետք է դրական դիտել, եւ դրանք նախադրյալ կդառնան կրթության որակի բարձրացման համար, բայց եթե կրթության ոլորտի այս թերությունները նշում ենք, սրան պետք է ավելացնենք 2 երեւույթ էլ։ Դրանցից մեկը վերաբերում է հանրակրթությանը, որտեղ ավագ դպրոցը չկայացավ իր այն տրամաբանությամբ, որ ընդունված է Արեւմուտքում, եւ առավել եւս՝ խիստ խնդիրներ կան գիտական առաջին աստիճան շնորհող մագիստրատուրայում։ Թե՛ ավագ դպրոցում, թե՛ մագիստրատուրական ծրագրերն էական պետք է բարեփոխվեն։ Խնդիրներ կան նաեւ կրթության տեխնոլոգիայի ապահովման գործում, պետք է արմատապես փոխվի սովետական մտածողությունը, եթե նախկինում գլխավոր խնդիրը սովորողներին հիմնարար գիտելիքներ փոխանցելն էր, այսօր դրան անպայման գումարվում է նաեւ գործնական հմտությունների արմատավորումը։ Մեր կրթության որակը պետք է պատշաճ լինի, որ մեր շրջանավարտները կարողանան աշխատաշուկայում աշխատանք գտնել։ Սա էլ նշանակում է, որ մեր կրթության որակը պետք է բարձրանա ու հասնի միջազգային չափանիշների»։
Այս խնդիրը լուծելու համար արդյո՞ք միայն Ակադեմիայի ինստիտուտները բուհեր տեղափոխելով հնարավոր է հարցին լուծում տալ։ «Իմ կարծիքով, այստեղ մենք հնարավոր է կորուստներ ունենանք, ավելի լավ է շեշտը դնենք բուհի պրոֆեսորադասախոսական կազմի արմատական բարելավման վրա, նաեւ պետք է կատարվեն ծրագրային, բովանդակային, կրթության տեխնոլոգիայի էական փոփոխություններ, բայց, ինչպես միշտ, ակադեմիական ինստիտուտների գիտաշխատողներն իրենց մասնակցությունը պետք է ունենան կրթության գործին, ինչպես միշտ է եղել, բայց այստեղ միասնականացումը (ինտեգրումը) եւ ո՛չ միացումը՝ բուհական կրթության եւ գիտական կազմակերպությունների, պետք է հասնի բարձր մակարդակի։ Պետք է ոչ միայն ակադեմիական ինստիտուտների գիտնականները դասավանդեն բուհերում, այլեւ մասնակից դառնան ակադեմիական հետազոտություններին, համատեղ գիտաժողովներ գումարեն, միասին գրքեր հրատարակեն, հոդվածներ հրապարակեն, սա կլինի իսկական միասնականացում, բայց ոչ միացում»։
Յու․ Սուվարյանն ընդգծում է՝ եթե ակադեմիական ինստիտուտները միացնեն բուհերին, մենք մեծ կորուստ կունենանք գիտության ասպարեզում․ «Առավել կարեւոր խնդիրը, որին մենք կբախվենք, այն է, որ գիտությունը փոխանակ կատարի իր առաքելությունը տնտեսության զարգացման գործում, ըստ էության, չի կարող դա անել, եթե լինի բուհերի կազմում, մինչդեռ մենք գիտությունից սպասում ենք առաջին հերթին, որ մեր երկրի համար ստեղծվեն նոր տեխնոլոգիաներ, արտադրանքի նոր տեսակներ։ Եվ հետո՝ ամեն մի ժողովրդի մոտ կան ավանդույթներ, մենք ունենք արդեն 80 տարի գործող Ակադեմիա, նաեւ՝ Մխիթարյան միաբանությունը, որ ստեղծվել է 18-րդ դարի սկզբում, երբ դեռ շատ տեղեր չկար ակադեմիա։ Իհարկե, սա չի նշանակում, որ Ակադեմիայում չկան լուրջ թերություններ, մենք պետք է էականորեն բարեփոխենք Ակադեմիայի վիճակը, որ դառնա մեր պետության զարգացման էական գործոն, մեր տնտեսության, մշակույթի զարգացման միջոց, նաեւ՝ օտար հարձակումներից պաշտպանելու միջոց։ Այնպես որ, լավ կլինի՝ կրթության խնդիրները լուծվեն կրթության ներսի բացերը հաղթահարելու ճանապարհով»։
Ակադեմիական շրջանակներից մտահոգություններ են հնչում, որ եթե գիտահետազոտական ինստիտուտները տանեն բուհեր, հայագիտության ապագան կդառնա մշուշոտ․ ի՞նչ ռիսկեր կան այդ մասով։ «Դիտարկենք, օրինակ, Պատմության ինստիտուտը, որը բավականին լուրջ կառույց է եւ զբաղվում է մեր պատմության արդի խնդիրներով ու համագործակցում է դրսի գործընկեր կազմակերպությունների հետ, նաեւ՝ միջգիտակարգային խնդիրներ լուծելու համար մեր բաժանմունքի ինստիտուտների, Մատենադարանի, մի շարք ինստիտուտների պատմության ամբիոնների հետ։ Այսինքն՝ թե՛ պատմության, թե՛ լեզվի ինստիտուտն ունեն իրենց յուրօրինակ խնդիրները եւ աշխարհում ընդունված լրջագույն հանդեսներում սկսել են հրապարակել անգլերենով հոդվածներ։ Իսկ եթե այդ հաստատությունները միացվեն բուհերին, ապա այս հնարավորությունները, որ հիմա ապահովում են այդ միջգիտակարգային, միջազգային կապերը, այս ամենը կհասցվի նվազագույնի, եւ այն ակնկալիքը, որ այս ինստիտուտների հաշվին կբարձրանա այդ բուհերի ռեյտինգը՝ չի հաջողվի, որովհետեւ հազիվ թե բուհական համակարգում ոչ անկախ կարգավիճակով կամ ակադեմիական միջավայրում հնարավոր լինի հասնել այնպիսի արդյունքների, ինչպես որ մինչեւ հիմա էին աշխատում»։
Ակադեմիկոս-քարտուղարը հարց է առաջ քաշում, թե ինչպիսի իրավական կարգավիճակ պետք է ունենան իրենց գիտական կազմակերպությունները, եթե հանկարծ հայտնվեն որեւէ բուհի կազմում․ «Չի կարող որեւէ գիտական կազմակերպություն, որ ունի ՊՈԱԿ-ի կարգավիճակ, լինել մեկ այլ ՊՈԱԿ-ի կամ հիմնադրամի կազմում։ Իրավական խնդիր կառաջանա, իսկ եթե պետք է լինեն որեւէ ֆակուլտետի կազմում, ապա խիստ կիջնի նրանց կարգավիճակը, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե աշխատողների թիվն ինչքան կլինի, արդյոք կպահպանվի՞, թե՞ կլինեն կրճատումներ։ Եվրամիության հանձնաժողովն ուսումնասիրել է այդ խնդիրը մեզանում, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ գիտությունն ու կրթությունը միացնելու եւ բարեփոխելու հետեւանքով։ Իսկ այդ ռիսկերը բավականաչափ շատ են, օրինակ՝ Էստոնիայում, ըստ այդ զեկուցագրի, 10 տարի է տեւել այդ գործընթացը, եւ դրա համար մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք, հենց եվրոպացիների արձանագրմամբ, մենք հազիվ թե կարողանանք ունենալ։ Եվ այս տեսանկյունից ավելի լավ է համակարգերը գործեն, բայց սերտացվեն դրանց կապերը»։
Մեր պետությունն ունի՞ այդ ռեսուրսները, որ մեզ համար խիստ անկայուն այս ժամանակներում լծվել է կրթական եւ գիտական համակարգերը բարելավելու գործին։ «Դժվարանում եմ այս հարցին պատասխանել, բայց կրկնեմ, որ մեր կրթական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը վիճարկման ենթակա չէ, բայց ինչու հենց հիմա՝ չեմ կարող ասել, գուցե այն պատճառով, որ մի օր դա պետք է արվի, բայց արվի այնպիսի հաշվեկշռված մի եղանակով, որ խուսափենք հնարավոր կորուստների ռիսկերից»։
Կարծիքներ