Թունելի վերջում լույս երեւում է, բայց, գրողը տանի, թունելը չի վերջանում

Թունելի վերջում լույս երեւում է, բայց, գրողը տանի, թունելը չի վերջանում

Սկիզբը՝ նախորդ համարներում

Ո՞ւր է սփյուռքը

Արդեն երրորդ ամիսն է՝ Արցախը կտրված է աշխարհից, իսկ սփյուռքը (Հայաստանի նման) խուլ ու համր է, նման չէ իրեն։ Կոտորակվել է, բաժան-բաժան եղել։ Եթե առանձին անհատներ էլ ակտիվանում են, անմիջապես հայրենիքի դարպասները շրխկոցով փակվում են նրանց առջեւ։ Ֆրանսահայ դաշնակցական Մուրադ Փափազյանին մեր իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա հայտարարելը տարակուսանք հարուցեց՝ ո՞ր մեղքի համար։ Չգիտեմ, նա Նիկոլից նեղացած է, թե ոչ, բայց նույն սիրով է լցված Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Օրեր առաջ նրան ընդունեց Ֆրանսիայի նախագահը, քննարկում էին շրջափակված Արցախի հիմնախնդիրները։ Որոշ ժամանակ անց Նժդեհ անունով մեկ այլ դաշնակցականի մուտքն արգելեցին, ով քանիցս հումանիտար օգնություն է հասցրել Արցախ։ Տեղն է նրան.․․ Իսկ քաղաքագիտության դոկտոր + պրոֆեսոր, Նիկոլի քաղաքական «բրոնեժիլետ» Լեւոն Շիրինյանը հարցնում է՝ ո՞ւր է սփյուռքը.․․
Մեր հայրենակիցները, հատկապես դաշնակցականները, շատ բան են արել եւ հիմա էլ կարող էին անել, բայց իշխանափոխությունից հետո սփյուռքի նախարար նշանակված մի երիտասարդ սկսեց եռանդով քանդել սփյուռքյան կառույցների «բոլտերը», եւ որքան էլ անհավատալի թվա՝ հաջողեց (ի դեպ, Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու համար նա առաջարկում էր երկիրը լցնել հայանման օտարերկրացիներով)։ Իսկ մեր դոկտորը հարցնում է՝ ո՞ւր է ափյուռքը․․․

Մտորումներ Արցախի շուրջ

Արցախն ապրում է իր ծանրագույն շրջանը։ Ցուրտը, սովը հաղթահարելի են, վտանգավորը հեռանկարի անորոշությունն է։ Թվում էր, թե այս իրավիճակում համախմբումը պիտի դառնա հրամայական, բայց ոմանք շարունակում են սատանի կամրջի վրա խաղեր տալ։ Դե արի ու գլուխ հանիր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից, ով 44-օրյայի ժամանակ գլուխ էր գովում, թե Արցախի օդը պաշտպանված է, «հաղթում ենք», մեկ էլ Շուշիից խղճուկ ժպիտով գուժեց, թե թշնամին 5 կիլոմետրի վրա է, հասեք․․․ Գլուխս չի մտնում, որ այս դժոխային պայմաններում անգամ կարող է Արցախի «վերին հարկերում» գզվռտոց լինել։ Վերջին հզոր միտինգը Վերածննդի հրապարակում հույս ներշնչեց, որ ինչպես 88-ին էր, ազգի համախմբման ալիքը կհասնի նաեւ Հայաստան․․․ Ավա՜ղ։

Անկեղծ ասած, ինձ անհասկանալի է մարտական գեներալ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի խորհրդավոր, ամեն ինչին համակերպվող կերպարը (պակաս հանելուկային չէ Սամվել Բաբայանը)։ Հասկանալի չէ նաեւ մեծահարուստ, բարերար Ռուբեն Վարդանյանի «դեսանտ» իջնելն Արցախում։ Ուզում եմ հավատալ, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ մարդը կարող է առանց ակնկալիքի իր բարեկեցիկ կյանքը զոհաբերել հանուն մեծ գաղափարի։ Նրա՝ «պաշտոնով, թե առանց պաշտոնի, մնալու եւ ծառայելու եմ Արցախին» խոսքերն ամրապնդում են հավատդ։ Առավել եւս, երբ Ալիեւն ու իր քարոզչամեքենան անընդհատ պահանջում են, որ նա լքի Արցախը։ Եվ ամենահամոզիչ փաստարկը՝ եթե իշխանության թմբուկ «Ֆրինյուզ» հեռուստաալիքի «ծանր հրետանի» Գնելն է դա կրկնում, վերջին կասկածներդ փարատվում են․․․ Այնուամենայնիվ, մեծ հարց է՝ Ռուբեն Վարդանյանը կկարողանա՞ դիմանալ Նիկոլի հեռակա ճնշումներին եւ քաղաքականության մեջ այնքան հասուն լինել, ինչպես բիզնեսում։ Այո, Արցախը ճակատագրական, երկարատեւ մաքառման ճանապարհին է, եւ, որքան էլ ռոմանտիկ թվա՝ ինձ հույս են ներշնչում դրսում ձնագնդի խաղացող արցախցի մանուկների ուրախ ճիչն ու աղմուկը։

Ապագա կա՞, կա՞ ապագա

Համացանցում թերեւս տեսել եք Բերձորի միջանցքում խռնված ազերի «բնապահպանների» անասնական ուրախության տեսարանները։ Տարօրինակ բան չկա, որ էդ թերմացք հասարակությունը հայերիս ցավ պատճառելուց գերագույն հրճվանք է ապրում (հիշենք երկրաշարժի օրերին նրանց շնորհավորական «ուղերձները»)։ Ուրիշ բան էի ասում․ «ակտիվիստներից» մի տիկին աղավնի է վեր նետում, իսկ սա ճախրելու փոխարեն անշնչացած թրմփում է գետնին։ Մինչ օրս այդ եղկելի տեսարանը մեխվել-մնացել է գլխիս մեջ։ Գրողը տանի, ազերուն բնութագրող ավելի խոսուն ի՞նչ կարող է լինել։ Նույնիսկ խաղաղությունը խորհրդանշող աղավնին ազերիների «փաղաքշանքին» չի դիմանում․․․ Այստեղ բնավ էլ միստիկա չկա, միստիկան բութ համառությամբ Իլհամից խաղաղություն պոկելու երազախաբությանը տրվելն է։
Աստված իմ, ինչ է կատարվում աշխարհում։ Երրորդ համաշխարհայինի շեմին ենք, կամ շեմն անցել ենք։ Ռուս-ուկրաինական եղբայրասպան պատերազմ, միմյանց հաթաթա տվող պետություններ, միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ, եւ մենք՝ այս փոթորկուն օվկիանոսում տարուբերվող մի ծղոտե նավակ։ Լսում ես տարբեր քաղաքական կողմնորոշում (ավելի ճիշտ՝ շահեր) ունեցող դեմքերին, սնկի նման աճած վերլուծաբաններին եւ եթե «հոտառության» հետ խնդիր ունես, կհայտնվես մոլորության լաբիրինթոսում։ Մի մասը մեզ հրում է Արեւմուտքի, մյուս մասը՝ Ռուսաստանի գիրկը։ Երկուսն էլ ճշմարտանման փաստարկներ են բերում (իսկ կատաղի ռուսատյաց մեր դոկտոր, պրոֆեսորը ասելիքն ավելի համոզիչ դարձնելու համար, տարիքին ու կոչմանն անհարիր ձեւակերպումներ է տալիս՝ էդ ապուշը, բորենին, սատկած լեշը․․․)։ Մեկը կոչ է անում քիրվայություն անել թուրքերի ու ազերիների հետ, որ խաղաղ, չաղ ու բախտավոր ապրենք, մյուսն ասում՝ միֆ է, կդառնանք դրանց վիլայեթը, կձուլվենք, կվերանանք։ Այստեղ Ալիեւը գալիս է «օգնության»․ «Միայն մենք կարող ենք Հայաստանը փրկել վերջնական կործանումից։ Հիշեք, 2-3 տարի հետո ռուսները դուրս են գալու այս տարածքից»։ Ժողովուրդը մոլորվել, չգիտե՝ ում եւ ինչին հավատա։ Այո, ճիշտ են նրանք, ովքեր ասում են՝ ռուսները հավուր պատշաճի չեն կատարում իրենց պարտականությունները, բայց նկատում են՝ եթե ռուս խաղաղապահներն ու բանակը դուրս գան մեր տարածքից, ինչպե՞ս են լուծվելու գազի, ատոմակայանի միջուկային վառելիքի հարցերը, ո՞վ է խանգարելու ազերիներին ու թուրքերին՝ ներխուժել Հայաստան։ Եվրոպա՞ն, Արեւմո՞ւտքը։ Ախր մեր դառը փորձից գիտենք, որ նրանց հզոր նավերն ալարում են բարձրանալ մեր քարքարոտ լեռները։
Հայտնվել ենք երկու քարի արանքում, եւ վախենամ՝ ընտրելու ենք վատագույն ուղին։ Այս ամենով՝ մենք ապագա ունե՞նք։ Իհարկե։ Բայց ինչպիսի՞․ սա է հարցը։ Ուշացել, շատ ենք ուշացել, բայց դեռ ուշ չէ՝ երկիրը փրկելու համար։

Ինչ խոսք, այս իշխանության հետ հույս կապելն անմտություն է։ Մեկ անգամ եւս հաստատվեց, որ մեր հավաքական միտքն ամուլ է։ Անեկդոտ կա, չէ՞․ կինը քնած ամուսնուն արթնացնում է․ «Մրսում եմ, գնա, մի տղամարդ բեր՝ ինձ տաքացնի»։ «Էս կեսգիշերին որտեղի՞ց քեզ համար տղամարդ գտնեմ»,- հորանջում է սա։ Թշնամին տեսնում է մեր կամային իմպոտենտությունը, դրսից տղամարդ բերելու հուսահատ ու անհաջող փորձերը եւ ավելի է լկտիանում։ Երրորդ անգամ հնարավո՞ր է հիասթափված ժողովրդին փողոց հանել։ Կա՞ն անհատներ, ովքեր կարող են հոգեբանական «երկրաշարժ» առաջացնել ննջող հանրության շրջանում։

Իսկ կա՞ մեկը, ով կկարողանա բանակցել Նիկոլի հետ՝ նրա ինքնակամ հրաժարականի շուրջ (բնավ էլ «պեչենու բաղը» չեմ մտնում, կգա՛ այդ օրը), եւ ո՞վ է փոխարինելու նրան: (Չեք հավատա, օրեր առաջ հայտնաբերեցի մեկին՝ լսում էի Արթուր Աթանեսյան գիտնականին ու ապշած էի նրա մտածողության թարմությամբ, իրերն ու իրադարձությունները նոր դիտանկյունից եւ խորությամբ ներկայացնելու կարողությամբ։ Խոսում է հստակ, օբյեկտիվ, փաստարկված ու համոզիչ, եւ, ի տարբերություն շատերի, չի փորձում խելացի երեւալ։ Լինելով ամենաերիտասարդ դոկտոր, պրոֆեսորներից մեկը, կասկած չթողեց, որ նախեւառաջ իր երկրի նվիրյալ քաղաքացին է։ Ես կուզեի այդպիսի՛ երկրի ղեկավար ունենալ):
 Վերադառնանք «ինչ անել» հարցին։ Մտքովս անցավ՝ մի վերջին անգամ դիմել Նիկոլին։ Ասել՝ ինչ արել-արել ես, այսօր բացառիկ շանս ունես՝ հաջորդ սերունդների անեծքից խուսափելու համար։ Առանց հայությանը նոր փորձությունների տանելու, հրաժարվիր էդ անիծյալ պաշտոնից, երկիրը մղձավանջից դուրս բերելու ծանրագույն բեռը հանձնիր կարող մարդկանց։ Քեզնից ոչ պակաս «ջիգիթներ» են եկել ու անցել այս աշխարհով՝ սկսած Կեսարից, Մակեդոնացուց, Նապոլեոնից մինչեւ Չերչիլ, Ռուզվելտ, Դը Գոլ․․․ Ամեն ինչի վերջը մի օր գալիս է, չէ՞։ Ինչպե՞ս ես պատկերացնում այդ «վերջը» քեզ համար։ Մտածիր։

Բայց երբ տեսնում ես, որ այս բախտորոշ պահին անգամ քրգործ-թամաշա է սարքում արցախյան պատերազմում ոտքը կորցրած գեներալի եւ հայտնի բժիշկ Չարչյանի նկատմամբ, չես կասկածում, որ դա խուլուհամրի «զրույց» կլիներ։ Անշուշտ, պատմությունը մեզ չի ների, եթե սպասենք, թե երբ թուրք-ազերիական հրոսակները կհայտնվեն մեր տան դարպասների առաջ (նրանց հոխորտանքները դա են հաստատում), եւ նոր միայն գլխներիս տանք։ Կրկին վերադառնանք «ինչ անել» բարդագույն հարցին, որից անընդհատ խուսանավում ենք (իսկ կատաստրոֆան տոտիկ-տոտիկ մոտենում է մեզ)։ Ոնց գցում-բռնում ես, միակ (եւ, ցավոք՝ քիչ հավանական) միջոցը մնում է՝ գնալ տրորված, բայց ոչ իմիտացիոն ճանապարհով, այն է՝ գլուխ բերել․․․ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն» (բացառելով նախորդ 3 նախագահների ներգրավումը դրան)։ 
Ցանկացած պարագայում (անկախ իշխող ուժից), եթե ուզում ենք փրկել մեր բռաչափ երկիրն ու հայ տեսակը, կարծում եմ, օր առաջ պետք է՝ 
1․ Համախմբման կոչ անել համայն հայությանը՝ օրակարգում ունենալով Արցախի եւ Հայաստանի անվտանգության հարցը։
2․ Բանակն արագ վերականգնելու համար ձեռք բերել (նույնիսկ հանգանակության դիմելով) ժամանակակից զենք-զինամթերք, ստեղծել սեփական ռազմական արդյունաբերություն (դրա նախադրյալները կան), տարբեր երկրներից հրավիրել ռազմարվեստին տիրապետող հայ սպաների։ Մի խոսքով՝ հնարավոր կարճ ժամկետում կառուցել երկրի անվտանգությունը հուսալի պաշտպանող մարտունակ բանակ։
3․ Ստեղծել լավագույն մասնագետներից կազմված ոլորտային (դիվանագիտական, ռազմական, ՏՏ, տնտեսագիտական եւ այլն) խորհուրդներ։
4․ Վերականգնել սփյուռքի նախարարությունը։
5․ Աշխարհահռչակ հայ գիտնականների ջանքերով ստեղծել մենաշնորհային համակարգ (շվեյցարական բանկի օրինակով), ինչը կդառնա բանակին չզիջող մեր անվտանգության «բարձիկը»։ 
6․ 20-45 տարեկան տղամարդկանց երկշաբաթյա պարտադիր ռազմական վարժանքներ կազմակերպել, տարեկան 2-3 անգամ (ապահովելով նորմալ պայմաններ եւ փոխհատուցում)։
7․ Բոլոր ուսհաստատություններում խստացնել (որտեղ չկա՝ ներդնել) նախնական զինվորական պատրաստության եւ ֆիզկուլտուրայի դասընթացներ։ 
Վերականգնել անուշադրության մատնված ՊԱՊ (պատրաստ աշխատանքի եւ հայրենիքի պաշտպանության) համալիրը եւ մասսայական սպորտը։
8․ Հնարավոր բոլոր միջոցներով մաքրել հեռուստատեսությունը մեր արժեհամակարգը քայքայող, այլասերող սերիալներից, անհեթեթ տաշի-տուշիներից, մի խոսքով՝ աղբից (ինչը խոստանում էր նաեւ վարչապետը)։

Ներկայացված մոտավոր սցենարն առաջին հայացքից գուցե ավելորդ եւ նույնիսկ խուճապային թվա, բայց հնարավոր պատերազմի սթափ գիտակցումը պահանջում է ոչ ստանդարտ, անգամ արտառոց մոտեցումներ։ Մեզ փշոտ, երկար մաքառման ճանապարհ է սպասվում։ Կարո՞ղ ենք Կոմֆուցիոսին «սխալ հանել», եւ իմաստնությունը մեզ առաջնորդի։ Ընդունա՞կ ենք, ինչպես Սեւակը կասեր՝ ինքներս մեզանից հասուն լինել։

 Կուզեի մի 10 տարի էլ ապրել.․․

Սիմոն Հակոբյան