Իսրայելը սահում է դեպի սահմանադրական փլուզում

Իսրայելը սահում է դեպի սահմանադրական փլուզում

Իսրայելը սահում է դեպի «սահմանադրական եւ սոցիալական կոլապս»: Սա ոչ թե ինչ-որ փորձագետների, քաղաքագետների, անգամ քաղաքական գործիչների կամ լրագրողների գնահատականն է, այլ` Իսրայել պետության նախագահ Իսահակ Հերցոգի գնահատականը՝ իր երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին: Ասում են՝ հազվադեպ է պատահել, որ նախագահ Հերցոգն արարողակարգային ելույթներից դուրս անհրաժեշտություն տեսնի՝ հատուկ ուղերձով իր ժողովրդին դիմելու, եւ այդ հազվագյուտ դեպքերից մեկը փետրվարի 5-ի ուղերձն էր, որը վերաբերում էր իրադարձություններին, որոնք ծավալվեցին անցյալ շաբաթ եւ ռուբիկոնը հատեցին փետրվարի 20-ին: Ի՞նչ ճգնաժամ եւ դիմակայություն է Իսրայելում: 

Ինչպես ամենքը գիտեն, վերջին մի քանի տարում մի քանի անգամ Իսրայելում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնցում այդպես էլ հաղթական ուժ չի որոշակիացել: Այս շրջափուլը անգամ անվանում է ստացել` 2019-22թթ․ Իսրայելի քաղաքական ճգնաժամ:
Այսօր էլ շարունակվող այդ ճգնաժամի էությունն այն է, որ ոչ մի կուսակցության չի հաջողվում որոշիչ մեծամասնություն կազմել Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթում) եւ ինքնուրույն կառավարություն կազմավորել: Արդյունքում` հերթական խորհրդարանական ընտրության արդյունքում մյուսներից մի քանի ձայն ավել ստացած կուսակցությանը հանձնարարվում է կոալիցիոն կուսակցություն կազմել, այդ կուսակցությունն էլ, թեկուզ ժամանակավորապես կենսունակ կառավարություն կազմելու համար, հարկադրված է լինում խորհրդարան անցած մարդ-կուսակցությունների կամ խմբակ-կուսակցությունների հետ բանակցել` խոստումներով, պաշտոններով, կառավարությունում աթոռներով մի ժամանակավոր եւ անկայուն մեծամասնություն ձեւավորել խորհրդարանում, որն էլ կազմի կառավարություն: 

Այս ավազե հենարանի վրա կազմավորվում են հերթական խորհրդարանական մեծամասնությունն ու կոալիցիոն կառավարությունը, մի քանի ամիս (լավագույն դեպքում՝ 10-12 ամիս) լավ կամ վատ կառավարում է երկիրը, որից հետո մի ինչ-որ իրադարձությունից` արտաքին, ներքին, կրոնական, իրավական (գործնականում` ինչ ասես, առիթ է ծառայել), հետո կուսակցություններից մեկը հայտարարում է կոալիցիայից դուրս գալու մասին, խորհրդարանական մեծամասնությունը փլուզվում է, կառավարությունն էլ՝ հետը, եւ բոլորը գնում են դեպի նոր խորհրդարանական ընտրություններ: Պատահել են նույնիսկ ավելի վատ սցենարներ. ասենք՝ 2019-ի ապրիլի ընտրություններից հետո մի քանի ամիս Իսրայելում առհասարակ չէր հաջողվում կառավարություն կազմավորել (համարյա այնպես, ինչպես հարեւան Լիբանանում է դա պատահում), եւ մի քանի ամիս հետո` 2019 սեպտեմբերին, երկիրը գնաց նոր խորհրդարանական ընտրությունների: Հետո՝ 2020-ի մարտին, եղան խորհրդարանական ընտրություններ, ապա` 2021-ի մարտին: Վերջին ընտրությունը, որի պտուղները հիմա Իսրայելում ճաշակում են, կայացան 2022-ի նոյեմբերին: 

Այս՝ ծայրը չերեւացող ընտրական մարաթոնում վերջին` 2022-ի նոյեմբերի ընտրություններն առանձնացան նրանով, որ նախկին վարչապետ Բենջամին (Բիբի) Նեթանյահուն խորհրդարանական մեծամասնության հասնելու համար գործարքի գնաց հրեական ուլտրակրոնական, ուլտրաազգայնական, ծայրահեղական տարրերի հետ` ՇԱՍ-ից եւ «Ագուդաթ Իսրայելից» սկսած, որոնց սովորաբար ոչ ոք կառավարություն չէր հրավիրում: Այժմ նրանք կառավարությունում աթոռներ ստացան:

Սա ոչ միայն պաղեստինցիների, արաբների, այլեւ Իսրայելում շատ-շատերի համար անընդունելի կառավարություն է, դժվար թե երկար կյանք ունենա, բայց այն կարճ ժամանակում, քանի դեռ կառավարություն են, այս անձինք որոշել են ոչ միայն կազմի, այլեւ գործերի էքստրավագանտությամբ հետք թողնել: 

Ներկա կառավարությունը նախաձեռնել է իբր դատական օրենսդրության բարեփոխում, որով ցանկանում են՝ առաջին․ օրենսդրությունը փոխել այնպես, որ եթե Իսրայելի գերագույն դատարանը որեւէ օրենք, օրենքի հոդված ճանաչում է Իսրայելի հիմնական օրենքներին (Իսրայելը չունի սահմանադրություն, սահմանադրության գործառույթը կատարում են հիմնական օրենքները) հակասող եւ անվավեր, ապա Քնեսեթը լիազորություն ունենա պարզ 50%+1 մեծամասնությամբ` 61 ձայնով (խորհրդարանականների ընդհանուր թիվը Քնեսեթում 120-ն է), Գերագույն դատարանի որոշումը չեղարկելու: Դա ոչ այլ ինչ է, քան դատական իշխանության կատարյալ իշխանազրկում, ինչի դեմ էլ Իսրայելի հասարակությունը միավորվել է` դատական իշխանությունից ու ընդդիմադիր կուսակցություններից մինչեւ շարքային քաղաքացիներ, որոնք համարյա ամեն շաբաթ հարյուր հազարանոց բողոքի ակցիաներ են կազմակերպում: 

Սակայն Գերագույն դատարանի որոշումները չեղարկելը դեռ ամբողջը չէ: Նեթանյահուն եւ կառավարության իր գործընկերները ցանկանում են նաեւ, որ հակառակ խորհրդարանում 50%+1 ձայնով Գերագույն դատարանի որոշումները չեղարկելու իրավասության, երբ գործը հասնում է խորհրդարանի ընդունած օրենքները Գերագույն դատարանում անվավեր ճանաչելուն, ապա դա հնարավոր լինի միայն դատավորների ընդհանուր թվի 80% կողմ ձայներով: Դա էլ գնահատվում է որպես դատական իշխանությունը ոչնչացնելու մեկ այլ մեթոդ, քանի որ 80% միաձայնությունը գործնականում անհասանելի շեմ է: 

Վերջապես, Նեթանյահուն եւ գործընկերները ցանկանում են, որ Քնեսեթը նշանակի Գերագույն դատարանի անդամներին, որպեսզի Գերագույն դատարանը լիովին ու ամբողջովին օրենսդիր իշխանությունից կախման մեջ դնեն: 

Ցանկանալ կարելի է կյանքում ինչ ասես, բայց պատահում է՝ ցանկությունների արդյունքը վերջաբանի է հանգեցնում: Փետրվարի 20-ին Նեթանյահուն եւ գործընկերները, շարունակելով որդեգրած կուրսը, հաշվի չառնելով ո՛չ երկրի նախագահի հորդորը, ո՛չ հարյուր հազարավոր քաղաքացիների ցույցերը Երուսաղեմում եւ մնացյալ քաղաքներում, առաջին ընթերցմամբ ընդունեցին այդքան դիմադրություն գեներացրած իրենց օրինագիծը: Իսրայելում որեւէ օրինագծի` օրենք դառնալու համար հարկավոր է, որ այն երեք ընթերցում անցնի եւ յուրաքանչյուր անգամ ձայների մեծամասնությամբ հաստատվի: 

Առաջին ընթերցումն օրենքի հաստատում չէ եւ իրավական առումով իրերի դրության մեջ ոչինչ չի փոխում, սակայն քաղաքական առումով դա ցնցում է, որ ներհասարակական դիմակայության ու բախման է տանում: Համարյա ոչ ոք չի կասկածում, որ եթե առաջին ընթերցում անցած օրինագիծը երկրորդ, երրորդ ընթերցումներն էլ անցնի եւ դառնա օրենք, դրանից հետո Գերագույն դատարանը, առանց վարանելու, այդ օրենքն անվավեր կճանաչի` արգելափակելով դրա գործադրումը: Հենց այդտեղ է, որ վրա կհասնի սահմանադրական եւ սոցիալական կոլապսը, որի մասին նախազգուշացրել է Իսրայելի նախագահը: Տեսնենք` իրադարձություններն ինչպես կզարգանան:
Իսկ այն մասին, թե Իսրայելում ծավալվող այս խառնաշփոթը որքանով է անդրադառնում միջհամայնքային հարաբերությունների վրա` պաղեստինցիների, արաբների, նաեւ Սուրբ քաղաքում իրավատեր քրիստոնեական համայնքների, այդ թվում՝ հայերի հետ հարաբերություններում, կներկայացնենք հաջորդիվ: