Նազելիին երանի ենք տալիս․ Գյումրու ավստրիական հիվանդանոցն օպտիմալացնում են, աշխատողները վրդովված են

Նազելիին  երանի ենք տալիս․ Գյումրու ավստրիական հիվանդանոցն օպտիմալացնում են, աշխատողները վրդովված են

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի բուժանձնակազմի անդորրը խաթարվել է: Հանկարծ տեղեկացել են, որ իրենց՝ 200-ից ավելի աշխատողների ճակատագիրն անորոշ է, քանի որ բուժհիմնարկը շուտով օպտիմալացվում է։Հարցն իրենց հետ ոչ ոք չի քննարկել, Կառավարության որոշում դեռ չկա, բայց առողջապահության նախարարությունում շահագրգիռ կողմերի հետ արդեն մի քանի ամիս է ՝ քննարկումներ են ընթանում մանկական հիվանդանոցի օպտիմալացման հարցի շուրջ։

Միավորումը, ինչպես մյուս բուժհաստատությունների պարագայում էր, այս դեպքում էլ հիմնավորում են բուժհաստատության գործունեության, ծառայությունների անարդյունավետությամբ։ Մինչդեռ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցը կայուն եկամուտ ունեցող, ավելին՝ շահույթով աշխատող բուժհիմնարկ է:

« Մեր հիվանդանոցը ինքնաբավ է, երբեք ֆինանսական օժանդակության կարիք չի զգացել, ուստի  միավորման ենթակա է այն կազմակերպությունը, որը ֆինանսական վիճակը խեղճացել է, ։ Մեր խնդրանքն է՝ պարզաբանել՝ ինչո՞ւ են ուզում միավորել, երբ ավստրիական մանկական հիվանդանոցը հանրապետության չորրորդ մանկական հիվանդանոցն է, երեքը գտնվում են Երևանում, մեկը՝ մարզում։ Որևէ այլ մարզում մանկական հիվանդանոց գոյություն չունի։ Մենք մեր դժգոհությունն ու անհամաձայնությունն ենք հայտնում այդ որոշման դեմ, չնայած դեռ որոշում չկա, կան քննարկումներ», -նշում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշիկ Դալիբալդյանը։

Ավստրիական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Մխիթար Մխիթարյանն էլ փաստերով է հակադարձում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանին։  Վերջինս որպես օպտիմալացման պաշտոնական հիմնավորում նշում է, թե  ավստրիական հիվանդանոցում ծնունդների թիվը քիչ է , մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի թվային ցուցանիշը ցածր , եւ տարեկան գոնե 500 ծնունդ պետք է գրանցվի։

«2021 թվականին ունեցել են 590 ծննդաբերություն, 2022-ին՝ 471»։ Շատ քիչ անկում ենք  ունեցել ։ Բարեկամներս են զանգահարում ու հարցնում, թե որտեղ ես աշխատելու, երբ փակեն հիվանդանոցը»,-նեղսրտած ասում է բժիշկը։ 

Ի դեպ, դեռ օրեր առաջ մենք գրել էինք, որ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանի օրոք մարզում  օպտիմալացման ալիք է սպասվում։ Հենց նրա օրոք վերջապես կմիավորվեն Գյումրի բժշկական կենտրոնն ու «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը։Եւ կառավարությունն այս խոշորացված բուժկենտրոնի տնօրեն է նշանակելու մասնագիտությամբ բժիշկ, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանին։

«Հիմա Նազելի Բաղդասարյանին երանի ենք տալիս, ինքը, որ կար, էս խոսակցություններն էլի եղան, հանդիպեցինք, ասաց՝ ես չեմ թողնի, որ էս հիվանդանոցն օպտիմալացնեն, ու չթողեց, հենց սա եկավ, սկսվեց․․»,-ասում է բուժհաստատության աշխատողներից մեկը:

Հիվանդանոցի բժիշկները  տարօրինակ  եւ արհամարհական են համարում նաև այն, որ առողջապահության երկու փոխնախարարները վերջերս Գյումրի էին այցելել, բայց իրենց հետ հանդիպելու  ցանկություն չեն հայտնել՝ նման լուրջ հարցը քննարկելու ։ Մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը բողոք-նամակ է հղել վարչապետին ։

Հիշեցնենք, որ Գյումրիում 2020-2021թթ բուժհիմնարկների օպտիմալացում նույնպես եղավ․ Գյումրի բժշկական կենտրոնին միացվեց Ինֆեկցիոն հիվանդանոցը, ախտաբանաանատոմիական լաբորատորիան, օնկոդիսպանսերը և Գյումրու ծննդատունը: