«Հրապարակ». Սիսիանում նոր «բազարներ» են, իշխանությունը մոբիլիզացնում է ուժերը
Իշխանությունը Սիսիանում հուսախաբ եղավ, չնայած տարատեսակ ճնշումներին՝ ընդդիմադիրները «զադնի չդրեցին» եւ արդեն մի քանի օր է՝ ընթանում է մանդատներից հրաժարման եւ ինքնաբացարկների գործընթացը։
Սեպտեմբերի 25-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում մանդատ ստացած 3 քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հիշեցնենք, հայտարարել են ինքնաբացարկի մասին։ Սակայն իշխանությունը հույս ուներ ստվերային գործարքների միջոցով ընդդիմադիրների հետ լեզու գտնել, նրանց բերել նիստերին եւ վերջնականապես Սիսիանում զավթել իշխանությունը։ Հիշեցնենք․ ընտրությունների արդյունքում որեւէ ուժ մեծամասնական մանդատ չէր ստացել, 21 մանդատից 8-ը ստացել էր «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը, որը ղեկավարում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի ընկերը, 4 մանդատ՝ «Ապրելու երկիրը», 2-ական՝ «Մեկ Հայաստան» եւ «Հանուն հանրապետության» կուսակցությունները։ Չնայած հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու առաջին նիստում 9 ձայնով համայնքի ղեկավար ընտրվեց իշխող կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը, բայց նա չկարողացավ, գործող կարգի համաձայն, ավագանու նիստում երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։ Իսկ պակասող մեկ ձայնը կորզել էին Արման Բաբաջանյանի կուսակցից։ Ընտրությունից հետո ավագանու հաջորդ 2 նիստերը չկայացան քվորումի բացակայության պատճառով։ «Մեկ Հայաստանը», «Ապրելու երկիրը» եւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն այնուհետ հայտարարեցին մանդատներից հրաժարվելու մասին։
Երեկ տեղեկացանք, որ ավագանու ընդդիմադիր անդամներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ նախ ցուցակի վերջին հատվածում ընդգրկվածներն են ներկայացրել, իսկ առաջիկայում մանդատ ստացածները դիմումներ կտան։ Եթե անգամ որոշները մտափոխվեն, միեւնույն է՝ օրենքը թույլ չի տալիս, որ նիստ հրավիրեն ու ընտրված համայնքապետի երդմնակալությունը կազմակերպեն․ այդ ժամկետն արդեն սպառվել է։
Մանդատները վայր դնելուց հետո չեն կարող տեղի ունենալ նիստեր։ Արդյունքում, երեք ամիս անց դադարեցվելու են ընտրված ավագանու լիազորությունները, եւ նշանակվելու են նոր ընտրություններ։ Սիսիանի մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ մասնակից ուժերն արդեն իսկ սկսել են զբաղվել առաջիկա արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։ Իշխանության վերին էշելոններում դժգոհ են Արմեն Հակոբջանյանից, եւ չի բացառվում, որ առաջիկա ընտրություններում ՔՊ-ն իր թեկնածուին փոխի։ Դեռ ծանրութեթեւ են անում՝ արդյոք կգտնե՞ն այնպիսի թեկնածու, ով Սիսիանում վստահություն կվայելի, եւ ում համար ՔՊ ակտիվը կաշխատի՝ նույն եռանդով, ինչպես Հակոբջանյանի պարագայում էր։ Հիշենք, որ վերջինս ՔՊ-ական պատգամավոր, մարզից ընտրված Կարեն Համբարձումյանի մտերիմն է, եւ ողջ ընտրարշավը պատգամավորն իր վրա էր վերցրել։ Ի դեպ, մեզ պատմեցին, որ արդեն մեկ շաբաթ է՝ Համբարձումյանը սկսել է նախընտրական աշխատանքները՝ հանդիպումներ է ունենում բոլոր այն շրջանակների հետ, որոնք, իր կարծիքով, անցած ընտրություններում ՔՊ-ի օգտին լավ չեն աշխատել, ոմանց դեպքում նույնիսկ սպառնում է, որ այս անգամ չեն ներելու՝ բոլոր դավաճաններին բերդ են ուղարկելու։ Չէ՞ որ բերդ ուղարկելու հարուստ փորձ ունի ՔՊ-ն։
Վերադասավորումներ են ընթանում նաեւ Սիսիանի ընդդիմադիր դաշտում։ Այստեղ էլ կարծում են, որ առաջիկա ընտրություններին պետք է դաշինքով մասնակցել՝ բոլորը միասին, սակայն դեռ բանակցությունների փուլն է, ցուցակը գլխավորելու հարցի շուրջ դեռ համաձայնություն չկա։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ի դեմս գործարար Արա Զաքարյանի, կարծում է, որ ինքն ունի բոլոր շանսերը՝ Սիսիանը գրավելու, չնայած որ այս ընտրություններին զբաղեցրել է երրորդ տեղը։ Նա կարծում է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով քարոզարշավը դադարեցնելն է իրենց այդքան ցածր ցուցանիշ ապահովել։ Ընդդիմությանը կհաջողվի՞ արդյոք միասնական ճակատ ձեւավորել, պարզ կդառնա առաջիկայում։ Եթե չհաջողվի, ապա Սիսիանը կարժանանա Թալինի ճակատագրին, եւ իշխանությունը կնվաճի այն արդեն երկրորդ փորձից։
Ի դեպ, Թալինի ավագանին արդեն մի քանի նիստ է հրավիրել, որոնց տեսագրությունից տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք մսուր-մանկապարտեզի հետ։ Իշխանական խմբակում, բառի բուն իմաստով, անտեղյակ են օրենքից եւ նիստերը վարում են այնպես, ինչպես ուզում են։ Ասենք, համայնքին վերաբերող հարցերը հանձնաժողովներում քննարկելու փոխարեն միանգամից մտցնում են նիստերի օրակարգ եւ միայն ընդդիմադիրների հուշումներից հետո են վերադառնում օրենքի տառին։
Իսկ հաստիքացուցակն էլ հաստատվել է կառավարության սահմանած առավելագույն թվով՝ 200, մինչդեռ, ըստ ընդդիմադիրների, 30-40 հոգով էլ է հնարավոր խոշորացված Թալինը կառավարել։ Բանն այն է, որ Տավրոս Սափեյանը նախընտրական խոստումների շրջանակներում շատերին խոստացել է աշխատանքի տեղավորել, հիմա այսպիսով կատարում է խոստումը։ «Թալին համայնքի հաստիքացուցակը 40 հոգանոց է եղել, հաշվի առնելով խոշորացումը, առավելագույնը կարելի էր 20-25 ավելացնել, բայց ո՛չ մի քանի անգամ»,- ասաց ընդդիմադիր մեր զրուցակիցը։ Ընդդիմադիրներից միայն «Կայունության» երկու ավագանիները չեն մասնակցում նիստերին, մյուսները դիրքավորվել են արմատական ընդդիմության դաշտում։
Կարծիքներ