Նիկոլը՝ պատերազմ գեներացնող

Նիկոլը՝ պատերազմ գեներացնող

ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլը ձեռ է առնում մեր ժողովրդին: Այն ժողովրդին, որին, իր ասելով, ինքը սիրում է և որի առջև իբրև թե խոնարհվում է: Որի ներկայացուցիչ ծերունիներին գրկում է ու համբուրում, իսկ նրանց թոռներին ու ծոռներին մահվան գիրկն է ուղարկում: Իսկ հետո ձևականորեն խոնարհվում է նրանց մահարձանների առջև: Ի՞նչ է դա՝ եթե ոչ ձեռառնոցի: Իր ասելով խաղաղության օրակարգ է նախաձեռնում, իրականում պատերազմ է հրահրում: Պատերազմ էր հրահրում այն օրերին, երբ Արցախը Հայաստանի մարզ էր հռչակում: Պատերազմ է հրահրում 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետ՝ երբ համարձակվում է չկատարել թշնամի երկրի ղեկավարին իր տված բանավոր խոստումներն ու վերջինիս լրացուցիչ պահանջները: Որ անընդհատ ավելանում են իր խեղճության պատճառով: Ու ինքն էլ անընդհատ նվաստանալով՝ խաղաղություն է մուրում: Իսկ մարդիկ դեռևս 100 տարի առաջ են համոզվել՝ հանուն խաղաղության նվաստանալը հանգեցնում է պատերազմի: Բայց այդ ամենը, բնականաբար, ասֆալտի մեռած նիկոլապաշտ ժողովուրդը չի գիտակցում:

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությանը Նիկոլը ներկայացավ որպես խաղաղության «աղավնի»: Հատկապես որ դրանից շուրջ 40 օր առաջ զորքին հրաման էր տվել նահանջել Սև լճերի դիրքերից՝ զոհեր թույլ չտալու նպատակով: Ու արանքում էլ մեղադրեց ՀԱՊԿ-ին ՀՀ տարածքը չպաշտպանելու առումով: Սակայն ընտրությունից շուրջ մեկուկես տարի անց նման հրաման չէր տրվել Գեղարքունիքի մարզի տարածքում ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ: Արդյունքում մեր բանակը փորձել էր դիմագրավել թշնամուն, բայց կորցրեց ավելի քան երկու հարյուր զինվոր ու սպա: Իսկ երկիրն, այնուամենայնիվ, ունեցավ տարածքային կորուստներ: Համեմատության համար՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ընթացքում հայկական բանակը շատ ավելի պակաս զոհեր էր տվել՝ չնայած պատերազմի ծավալը բազմաթիվ անգամ ավելի մեծ էր: 2022 թվականի սեպտեմբերյան կորուստների պատճառը սարքովի քրեական գործերով մեր փորձառու հրամանատարներին բանակից հեռացնելու ու բանակի ոգին ջարդելու գործընթացն էր, ինչպես նաև սպառազինության պակասը:    

2022 թվականի սեպտեմբերից հետո ևս զոհեր ենք ունեցել: 2023 թվականի սեպտեմբերի 1-ին մի քանի ժամ հրաձգությունից հետո երեք զոհ ունեցանք՝ նախօրոք հայտարարված չորրորդին բժիշկները կյանք վերադարձրին: Նիկոլի ընտանեկան թերթի ասելով՝ թշնամին հինգ զոհ է տվել: Դա ինձ ուրախություն չի պատճառում. մեր զոհերի առումով ցավի որոշակի մեղմում կլիներ, եթե թշնամու զոհերի թիվը 4-5 անգամ ավելի լիներ՝ պայմանավորված մեր երկու երկրների բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ: Մեր ժողովրդին իբրև թե սիրող ու նրա առջև իբրև թե խոնարհվող Նիկոլն անընդհատ դժբախտություն է բերում այս կամ այն հայաստանյան ընտանիք: Բայց Նիկոլը շարունակում է խաղաղության անվան ներքո մարդկային կորուստներ պատճառել մեր երկրին: Այդպիսի խաղաղություն չի լինում: Եվ որպեսզի չլինի և պատերազմը՝ մարդկային զոհերով հանդերձ, Նիկոլը պետք է հեռացվի վարչապետի պաշտոնից: Որովհետև պաշտոնին մնացող Նիկոլը վերածվել է խաղաղության անվան ներքո պատերազմ գեներացնողի: Եթե մենք ցանկանում ենք ազատվել պատերազմի ստվերից՝ պետք է հրաժարական պարտադրենք Նիկոլին: Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: