«Կանացի կրքեր»․ Գագաուզիայի ղեկավարը դատի կտա նախագահին

«Կանացի կրքեր»․ Գագաուզիայի ղեկավարը դատի կտա նախագահին

Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը հայտնել է, որ դատի է տալիս Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ իր ղեկավարած ինքնավարության և իր հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունների համար։
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Սանդուն հայտարարել է, որ չի ստորագրի Գուցուլին կառավարության անդամ նշանակելու մասին հրամանագիրը, քանի որ նա «աշխատում է հանցավոր խմբի համար»՝ (նկատի ունենալով պրոռուսական դիրքորոշումը)։

«Ես առայժմ անտեսել եմ քաղաքացի Սանդուի այս ստերն ու զրպարտությունները, բայց այսօր նա անցել է բոլոր սահմանները, պահանջում եմ, որ նա պատասխան տա օրենքի առջև: Մեր փաստաբանները անհապաղ զրպարտության հայց կհարուցեն քաղաքացի Մայա Սանդուի դեմ՝ ստի և զրպարտության համար»,- Telegram-ի իր ալիքում գրել է մոլդովական ինքնավարության կին ղեկավարը։

Գուցուլը հիշեցրել է, որ ինքը ժողովրդավարական ճանապարհով է ընտրվել և հաստատվել ինքնավարության ղեկավարի պաշտոնում, իսկ ընտրությունների արդյունքները ճանաչվել են Մոլդովայի բոլոր իրավական մարմինների կողմից։
«Սանդուի կողմից վերահսկվող դատախազներն ու հետախուզական ծառայությունները նույնիսկ դատարանում չեն վիճարկել ո՛չ նախընտրական արշավի ընթացքը, ո՛չ քվեարկության արդյունքները: Սանդուին մնում է միայն անհիմն մեղադրանքներ, վիրավորանքներ անել՝ դրսևորելով նախանձը և հարձակումներ», - ընդգծել է Գուցուլը:

Գագաուզիայի ղեկավարի ընտրություններից հետո Սանդուն ասել է, որ քվեարկությունն անցել է բազմաթիվ խախտումներով։ Մոլդովայի ոստիկանները բռնագրավել են ինքնավարության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական ցուցակները և այլ փաստաթղթեր, քրեական գործեր են հարուցել նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման և «Շոր» կուսակցության կողմից ընտրողներին կաշառելու վերաբերյալ: Կենտրոնական իշխանությունների գործողությունները վրդովմունք են առաջացրել հասարակության և ընդդիմության շրջանում։