Դա հաջորդ պատերազմի փաստաթղթային հենքն է լինելու

Դա հաջորդ պատերազմի փաստաթղթային հենքն է լինելու

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել: Վարչապետը հանգամանալից կերպով խոսեց Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Ինչպես ինքն է սիրում՝ Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի ճակատագիրը Հայաստանը որոշել չի կարող: Ի՞նչ հայտարարություն էր սա:

- Ինձ համար որևէ նորություն չկա, առաջին անգամ չէ, որ այդ մասին լսել ենք, բազմիցս ենք լսել: Ասածն այն է, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից և արցախահայությունից: Նա ուղիղ տեքստով նշում է, որ չի կարող որևէ դերակատարում ունենալ Արցախում տեղի ունեցող պրոցեսների վրա: Պարզապես ամեն անգամ, քիչ-քիչ դոզան է ավելացնում, հասարակությանը փորձելով ընտելացնել իրավիճակին, որպեսզի հետագայում, երբ ստիպված լինի փաստաթղթավորել իր ասածները, ժողովուրդն ընտելացած լինի: Սա է իմաստն ու նպատակը:

- Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում տարիներ շարունակ ֆեյք քաղաքականություն են վարել: Ի՞նչ էր ակնարկում նա:

- Կրկին նախկին իշխանություններին էր մեղադրում այս հայտարարությամբ: Այստեղ էլ ոչ մի նոր բան չկա: Առաջ էլ, այսօր էլ Փաշինյանը մեղադրում է նախկին իշխանություններին: Նա իրականում ազնիվ չէ, որովհետև, եթե իշխանության գալուց հետո գնար խաղաղ բանակցությունների, գուցե փոխզիջումներով հարցերը լուծվեին` խոսքն ազատագրած տարածքները զիջելու մասին է, այդ կերպ այլ կլիներ իրավիճակը: Այն ժամանակ այդպիսի համարձակություն չուներ Նիկոլ Փաշինյանը, որովհետև դա կարող էր վտանգել իր իշխանությունը: Արդյունքում այս վիճակն ունենք:

- Նա խոսել է նաև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին: Իմիտացիա է ստեղծում, թե ինքը խաղաղություն է ցանկանում, սակայն իրեն հնարավորություն չեն տալիս գնալ այդքան բաղձալի խաղաղությանը: Ի՞նչ խաղաղության մասին է Փաշինյանն ակնարկում:

- Կարծում եմ, որ այդ մասին խոսելը հերթական մոլորությունն ու խաբեությունն է, որի մեջ իշխանությունները փորձում են ներքաշել հայ հասարակությանը: Այն հռետորաբանությունը, որ կիրառում է Ադրբեջանի նախագահը և այն բանակցային գործընթացը, որի մասին մենք պարբերաբար կցկտուր տեղեկություններ ենք ստանում, հուշում են այն մասին, որ ոչ թե խաղաղության համար է փաստաթուղթ ստորագրվելու, այլ նոր պատերազմի: Ադրբեջանը լեգիտիմացնելու է այդ ձևով նոր ռազմական էսկալացիան, առավել մասշտաբային, այս անգամ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ: Այնպես որ չի կարելի նոր ստորագրվելիք փաստաթղթին տալ խաղաղության պայմանագիր անվանումը, քանզի դա հաջորդ պատերազմի փաստաթղթային հենքն է լինելու:

- Նիկոլ Փաշինյանը չի՞ հասկանում դա, թե՞ մտածված է այդ քայլերին դիմում:

- Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը չի ստորագրելու, որովհետև թիվ մեկ խնդիրն իշխանության պահպանումն է իր համար, իսկ ահա իշխանությունը պահելու ամենաարդյունավետ ձևը ժամանակ ձգելն է: Նա հնարավորինս ձգձգում է բանակցությունները, որպեսզի երկար մնա վարչապետի աթոռին: Նոր փաստաթուղթ ստորագրելու բանավոր պատրաստակամությունը ևս ժամանակ շահելու միջոց է: Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը նոր փաստաթուղթ չի ստորագրելու:

- Որքա՞ն ժամանակ է փորձում շահել, ինչի՞ համար, մինչև ե՞րբ և մինչև ո՞ւր, ո՞ր կետին հասնելու համար:

- Մինչև կամ միջազգային իրավիճակը փոխվի, խոսքը` Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մասին է, կամ էլ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ կսկսի, իսկ ահա նոր փաստաթղթի անհրաժեշտություն չի լինի այդ պարագայում: Դրանից հետո էլ մեղքը կբարդի այլոց վրա, բոլորից բացի իրենից: Կասի, որ ինքը խաղաղասեր է և մեղավոր չէ, որ Ադրբեջանն ագրեսոր է: Նոր ագրեսիայից հետո էլ կփորձի իշխանությունը հերթական անգամ պահել` ինչպես 2021 թվականի արտահերթ ընտրություններին:

- Նիկոլ Փաշինյանի պարբերաբար ասուլիսների նպատակը ո՞րն է: Ի՞նչ նոր բան է ասում այդ մարդը:

- Նպատակը կամաց-կամաց հասարակության գիտակցության մեջ անելանելիություն մտցնելն է: Այդ կերպ հասարակությանը ստիպում է համակերպվել այն մտքի հետ, որ ինքը ոչինչ անել չի կարող: Փոքր դոզաներով խտացնում է գույները: Այն, ինչ հասարակության համար անընդունելի էր թվում, նա փորձում է դարձնել ընդունելի: Օրինակ` կես տարի առաջ չէր կարող քննարկվել արցախահայության տեղահանման խնդիրը: Նման բան չէր կարող մարդկանց մտքով անցնել մի քանի ամիս առաջ, բայց այսօր իրավիճակն այլ է:

- «Հայաքվե» նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել: Ծրագիրն առաջարկում է քրեականացնել Արցախն այլ պետության կազմում ճանաչելու ցանկացած նկրտում: Ի՞նչ կարծիքի եք այս նախաձեռնության մասին:

- Ես դա դիտարկում եմ որպես ներքաղաքական պայքարի գործիք, այնուհետև հասարակությանը համախմբելու գործիք: Թե որքանով այն արդյունավետ կլինի, կդժվարանամ ասել, սակայն ինքնին այս փորձերը ողջունում եմ: Հասկանալի է, որ խորհրդարանն անկախ ամենից ինչից մերժելու է օրենսդրական նախագիծը կյանքի կոչել, ամեն դեպքում այս կոնսոլիդացիան ողջունելի է: