Դա մեր դիմումը քնեցնելու ձեւ է՝ ասում են զոհվածների հարազատները

Դա մեր դիմումը քնեցնելու ձեւ է՝ ասում են զոհվածների հարազատները

Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամասի՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները մի քանի օր առաջ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանին հանձնեցին հանցագործության մասին հաղորդում, որտեղ նշված է, որ 2020թ․ սկսված պատերազմի պատճառներից մեկը Նիկոլ Փաշինյանի պաշտոնեական լիազորությունների շարաշահումն է եղել։ Նրանք, մասնավորապես, հղում էին կատարել ապրիլի 13-ին ԱԺ-ում վարչապետի արած հայտարարությանը․ «Ինձ ասում էին՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, այո, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Երեկ մեզ ասացին, որ դատախազությունում արդեն ընթացք են տվել դիմումին, բայց ոչ այն ընթացքը, ինչն ակնկալում էին զոհվածների հարազատները։

«Հրապարակ»-ին Գլխավոր դատախազությունից փոխանցեցին․ «ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների հարազատների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված եւ քննվող քրեական գործին կցելու եւ համատեղ քննության առարկա դարձնելու նպատակով»։

Զոհվածներից մեկի հարազատը՝ Եղիշե Զաքունցը, մեզ հետ զրույցում դժգոհություն հայտնեց դատախազության որոշման վերաբերյալ․ «Մեզ բացատրեցին, որ կան դիմումներ Փաշինյանի եւ այլ պաշտոնյա անձանց նկատմամբ, որոնք կռվի հետ են կապված։ Մեր կարծիքով՝ դա սառեցման ձեւ է։ Մենք ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ դատի տալ դատախազությանը՝ իրենց որոշման հետ կապված՝ անգործության վերաբերյալ, կա՛մ միջնորդություն ուղարկենք Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի մեր դիմումն առանձնացնեն եւ քննեն առանձին գործով՝ որպես մարդասպանություն։ Մենք համաձայն չենք, որ կցվի մեկ այլ գործի, մեր կարծիքով՝ դա գործի սառեցման ձեւ է։ Օրենքը պետք է լինի բարձր բոլորից, այսօր բավականին դիմումներ կան իր դեմ եւ այդ դիմումները, ես համոզված եմ՝ քնեցված են։ Ինքը ոչ մի բանով չպետք է տարբերվի ինձնից, մյուս քաղաքացուց։ Դիմումով դիմելու ենք անպայման, որ մեր գործն առանձնացվի։ Ասենք, ես հիմա գալիս եմ դատախազություն, հաղորդում եմ տալիս, որ էսինչ էսինչյանը մարդ է սպանել, եւ իրենք ինձ ասում են, որ բոլոր սպանությունները մենք միացնում ենք մի գործով եւ մի գործ ենք քննելու, սպասեք»։

Երեկ նրանք հանդիպում են ունեցել դատախազությունում, իրենց առարկություններն են ներկայացրել․ «Մենք ասացինք մեր կարծիքը, եւ ինքն ասաց, որ օրենքը սա է, որոշումը կայացվել է վերեւից եւ այս ձեւով պետք է լինի»։