TikTok-ային անգրագիտություն

TikTok-ային անգրագիտություն

TikTok-ում ես չկամ, քանի որ այնտեղ բացարձակ անելիք չունեմ: Եվ եթե «Հրապարակ»-ը չներկայացներ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «Զրույցներ պետության մասին» շարքի վերաբերյալ տեղեկատվությունը, ապա դրա մասին չէի իմանա: Չնայած իմանալը դեռ բավարար չէ՝ պետք է դիտել նաև շարքի հոլովակները: 1-ինը չեմ նայել, իսկ 2-րդից հետո մնացածների վրա ևս ժամանակ չեմ ծախսելու: Իհարկե, իմ չդիտելը չի ազդի այլոց կողմից դիտելու հանգամանքի վրա: Բայց հույս ունեմ, որ իմ այս հոդվածը կարդալուց հետո «Հրապարակ»-ի ընթերցողներն ավելի քննադատական հայացքով կդիտարկեն քաղաքականության վերաբերյալ նիկոլական հանրամատչելի զրույցների այդ շարքը: Որովհետև եթե որևէ մեկը ցանկանում է իմանալ ավելին, քան գիտե տվյալ պահին, ապա ճիշտն այն է, որ դա իմանա գրագետ անձանցից: Եվ ոչ թե այն անձի ինքնափիառի նպատակով պատրաստված հոլովակներից, որն ուրիշին ինչ-որ բան ուսուցանելուց առաջ լավ կաներ, որ ուսուցանվեր հենց ինքը: 

Նախ, մաթեմատիկայի մասին, որի հիմքով սկսվում է 2-րդ հոլովակը: Հատվող ուղղահայաց և հորիզոնական գծերի պատկերը կոչվում է ուղղանկյուն կոորդինատային համակարգ: Սովորաբար այդ համակարգում առկա է լինում նաև 3-րդ (ուղղանկյուն կազմող, սակայն հարթության վրա թեք նշված) գիծը, որը հատվում է առաջին երկուսի հետ նույն կետում: Բայց սահմանափակվենք միայն երկու գծերի համակարգով: Հորիզոնական գիծը նշանակվում է X լատինական տառով, իսկ ուղղահայացը՝ Y-ով: Դրանք այն փոփոխականներն են, որով բնութագրվում է որևէ համակարգ: Ասենք՝ պաշտոնի և աշխատավարձի կապը: Այսինքն, որքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է լինում աշխատավարձը, և հակառակը: Կամ ասենք անձի արհեստավարժության և նրա կատարած գործի արդյունավետության կապը: Եվ կամ էլ վարորդի խմածության մակարդակի և վթարի հավանականության մեծության միջև կապը: Բնականաբար, որքան բարձր է առաջինը՝ նույնքան բարձր է երկրորդը: 

Օրինակաները կարող են լինել բազմաթիվ, սակայն սահմանափակվենք ներկայացվածներով: Իսկ դրանցում երկու փոփոխականների կապն ուղիղ համեմատական է: Բայց կա նաև հակառակ համեմատականի տարբերակը՝ երբ դրանցից մեկի մեծությունը «ստիպում» է մյուսին ընդունել համապատասխանորեն փոքր մեծություն: Օրինակ, ուսանողի կողմից իր ժամանակի ծավալում ազատ ժամանակի մեծացնելը փոքրացնում է ստացած գիտելիքների ծավալը: Կամ այսօրվա պայմաններում որքան բարձր է վերը նշված անձի կողմից խոսքային ձեռնածության չափը, այնքան ցածր է դրան հավատացողների քանակը: Շեշտեմ, որ խոսքն այսօրվա մասին է, քանի որ նախքան վերջինիս հրամանատարությամբ 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունը՝ այդ փոփոխականների միջև կապն ուղիղ համեմատական էր: Այս մի օրինակը ցույց է տալիս, որ քաղաքականության բնագավառում ոչինչ տրված չէ մեկ անգամ և անվերապահորեն: Ամեն ինչ կախված է առկա որևէ իրադրության հաստատուն լինելուց կամ դրա փոփոխությունից: Ի տարբերություն, ասենք, մաթեմատիկայի, որտեղ բոլոր դեպքերում ճշմարիտ է «2x2=4» բանաձևը։

Վերջապես գանք մեր ոչխարներին՝ ինչպես ասվել է մեջնադարյում շատ հայտնի ֆրանսիական կատակերգության մեջ: Նիկոլի TikTok-ային շարքի 2-րդ հոլովակը հենց սկզբից սկսվում է տրամաբանական սխալով: Նրա կոորդինատային համակարգում ուղղահայաց և հորիզոնական գծերը նույն երևույթն են կամ նույն փոփոխականը՝ մեկը ներկայացված է որպես ազատություն, մյուսը դրա սահմանափակում: Այնինչ, այս հոդվածում բերված օրինակները ցույց են տալիս, որ փոփոխականները պետք է լինեն տարբեր երևույթներ: Այդ պահանջից դիտարկելու դեպքում որպես անկախ փոփոխականներ կարող են դիտարկվել ոչ թե ազատությունն ու դրա սահմանափակումը, այլ ազատությունն ու պարտականությունը: Եվ դրանց հատման կետում է առաջանում հենց իրավունքը, և ոչ թե ազատության ու անազատության «հատման» կետում: Տվյալ դեպքում հատման բառը չակերտավոր, քանի որ ազատությունն ու անազատությունը հատման կետ չունեն. դրանցից մեկը մյուսի շարունակությունն է: Եթե կոորդինատային համակարգում ազատությունը նշանակենք 0X առանցքով, ապա անազատությունը կլինի 0 կետը կամ «-X0» առանցքը: Այսինքն, ազատության ու պարտականության հատման 0 կետից վերում կլինի ազատությունը, 0-ում և դրանից ներքև՝ անազատությունը: Նույն ձևով 0 կետից հորիզոնական գծով դեպի աջ կլինի պարտականության առանցքը (0Y), 0-ն և դրանից դեպի ձախ՝ պարտականության բացակայությունը (-Y0) կամ բացարձակ անարխիան: 

Շարունակենք: Ճշգրիտ ներկայացված կոորդինատային համակարգում իրավունքը ծնվում է ազատության և պարտականության օպտիմալ չափաբաժինների հատման կետում: Դա կարող է պատկերվել, օրինակ, Գաուսի տարբեր կորերի տեսքով: Որոնք կարող են ունենալ տարբեր բարձրություններ և տարբեր սփռվածքներ: Իսկ մեկը մյուսով հավասարակշռված լինելու չափը (այսինքն կորի տեսքը) կախված է լինում հասարակությունում տիրող պատկերացումներից: Մի հասարակության մեջ, օրինակ, կարող է մեծ լինել ազատության չափաբաժինը, մեկ ուրիշում՝ պարտականությանը (տարբեր կորեր կարող են լինել նաև նույն հասարակության տարբեր ժամանակաշրջաններում): Առաջինն, օրինակ, կարող է ներկայացվել ժամանակակից արևմտյան ազատականության դիտանկյունով: Իսկ երկրորդը, բնականաբար, մահմեդական աշխարհին բնորոշ սահմանափակումներով: Բայց երկու դեպքում էլ դրանք մեծամասնության կողմից կասկածի չեն ենթարկվում, ինչը վկայում է դրանց ընդունելի լինելու մասին: Մեզանում, ինչպես ամեն ինչում, այս հարցում ևս խառը վիճակ է: Մի կողմից մենք քրիստոնեական, այսինքն՝ արևմտյան, քաղաքակրթության կրող ենք: Եվ մեր օրենքները մենք պատճենում ենք արևմտյան աշխարհից: Բայց մյուս կողմից մեր մտածողության վրա հսկայական ազդեցություն է ունեցել մահմեդական քաղաքակրթությունը: Ինչը նշանակում է, որ մեր դեպքում ազատության և պարտականության չափաբաժինների համադրելիության խնդիրը խիստ ինքնատիպ է, և այն դեռևս լուծման կարիք ունի:

Վերը նշված խնդրի չլուծված լինելը գալիս է ոչ միայն խառնակ ժամանակաշրջանից, այլև այսօրվա իրականությունից: Այսօր իշխանավորն ազատության այլ չափաբաժին ունի, քան շարքային քաղաքացին: Եվ ոչ միայն իշխանավորը, այլ իշխանության մոտ լինելը ևս ենթադրում է արտոնություններից օգտվելու հնարավորություն, ինչը տրված չէ շարքային քաղաքացուն: Էլ չասած ընդդիմադիր հայացքներ ունեցողի մասին: Ի դեպ, այդ խնդիրն առկա էր դեռևս նախկինների օրոք, սակայն նիկոլական կեղծ ժողովրդավարության պայմաններում այն հասել է ահռելի չափերի: Բերեմ ընդամենը մեկ օրինակ, որպեսզի հասկանալի լինի ասվածը: Ընդդիմադիր հայացքներ ունեցող մեկը կարող է ամիսներ անցկացնել անազատության մեջ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար: Կամ ենթարկվել վարչական տուգանքի: Այնինչ, դրանից ավելի ծանր կամ կոպիտ արտահայտությունը՝ թույլ տրված որևէ նիկոլապաշտի կողմից, աչքաթող է արվում իրավապահների կողմից: Եվ այդ ամենը գիտակցորեն հովանավորվում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: Փաստորեն ստացվեց ազատության և պարտականության տարբեր չափաբաժինների առկայություն նույն վայրում և նույն ժամանակահատվածում:

Վերջաբանի փոխարեն. Ինչո՞ւ այսքան կանգ առա կոորդինատային համակարգի վրա՝ կհարցնեք: Որովհետև եթե ինչ-որ երևույթներ ներկայացվում են կոորդինատային համակարգի միջոցով, ապա համակարգի սխալ պատկերումը փչացնում է ողջ ներկայացվածը՝ ապակողմնորոշելով դիտողին կամ լսողին: Այդպիսին է գիտության տրամաբանությունը՝ ցանկանա թե ոչ վարչապետի աթոռից կառչած անձը: Եվ այդ տրամաբանությունը չի կարող անտեսվել նույնիսկ նրա կողմից՝ որքան էլ ինքը պաշտպանված լինի պետության ողջ իրավապահ համակարգով: Ի դեպ, նիկոլականներն ինձ կարող են հակաճառել, թե մարդն ավարտել է բանասիրական ֆակուլտետը, և պարտադիր չէ, որ իմանար այստեղ ասվածը: Պատասխանեմ, որ, նախ, այն չի ավարտել, ինչը նշանակում է, որ ստացել է թերի բարձրագույն կրթություն: Երկրորդ, նույնիսկ դպրոցական գիտելիքներով ինքը պետք է գոնե տարրական պատկերացում ունենար կոորդինատային համակարգի վերաբերյալ: Ինչպես նաև, նախքան հանրամատչելի դասախոսություն կարդալը, իմանար, որ իրավունքը ծագում է ոչ թե ազատության և անազատության, այլ ազատության ու պարտականության «բախումից»: Եվ երրորդ, ես ևս ավարտել եմ նույն համալսարանի նույն ֆակուլտետը, սակայն դա չի խանգարել, որպեսզի որոշակի գիտելիքներ ձեռք բերեմ նաև այլ բնագավառներից: