Քո ուղերձը քո գլխին կպնի

Քո ուղերձը քո գլխին կպնի

Երեկոյան, ընդդիմության հանրահավաքից հետո միայն իմացա, որ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ: Փնտրեցի, գտա, կարդացի… Խայտառակություն: Կա ստորության դրսեւորման երկու տեսակ՝ բացահայտ եւ քողարկված: Փաշինյանը լավ տիրապետում է երկուսին էլ: Դրսում, քանի որ պայմանները չեն ներում, նա օգտվում է բացահայտ տարբերակից, իսկ ներսում, քանի որ հնարավոր է քարով տան` գլուխը ջարդեն, դիմում է նույն ստորությունն առավել քողարկված ձեւով դրսեւորելու տարբերակին: 
Նա 2022թ. հոկտեմբերին՝ Պրահայում, իսկ ավելի ուշ՝ նաեւ Բրյուսելում բաց տեքստով խոսել է այն մասին, թե իբր Հայաստանն ընդունելի է համարում Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ներառելը: Գումարած սրան՝ նաեւ խոստումներ է տվել «զրուցակիցներին», ինչից Շառլ Միշելը, Էրդողանը եւ Ալիեւը քիչ է մնացել երջանկությունից ուշաթափվեն:

Հայաստանը, Արցախը, մեր բարեկամ երկրները, բնականաբար, ընդվզեցին Փաշինյանի այդ հայտարարության դեմ, որովհետեւ դա ոչ թե քաղաքական գործչի եւ երկրի ղեկավարի հայտարարություն էր, այլ բացահայտ ստորություն` դեռ հեռավոր 1945 թվականից Ադրբեջանից առանձնանալու պայքար մղող Արցախի հայության նկատմամբ: Հիշեցնեմ նրան, որ, քննարկելով Հայկական ԽՍՀ-ից եւ ԼՂԻՄ-ից ստացված նամակներն ու հանրագրերը, ինչպես նաեւ դրանցում ներկայացված առաջարկները, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահությունը նոյեմբերի 23-ին հանգել է օբյեկտիվ եզրահանգման՝ «Լեռնային Ղարաբաղը պետք է միացնել Հայկական ԽՍՀ-ին»: Թե ինչու հարցը չի լուծվել, դա էլ արդեն ուրիշ պատմություն է, որ պետք է փնտրել Մոսկվա-Բաքու գաղտնի նամակագրությունների մեջ: Ուզում եմ ասել՝ Փաշինյանը պարտավոր էր իմանալ, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմ է մտցվել արհեստականորեն, ընդ որում՝ պահպանելով իր սուբյեկտայնությունը որպես ինքնավար մարզ: Իլհամ Ալիեւի հայրը՝ Հեյդար Ալիեւը, կերազեր ՀՀ իշխանություններից նման բան լսել: Նա պատրաստ էր Ադրբեջանի կազմում ԼՂԻՄ-ին տալ ամենաբարձր ստատուսը, որ հնարավոր էր մտածել այդ ժամանակ, բայցեւ հասկանալի էր, որ նույնիսկ այդ դեպքում ԼՂԻՄ-ն արժանանալու էր նույն ճակատագրին, ինչ որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը:

Իսկ հիմա՝ քողարկված ստորության մասին: Ինչպես արդեն ասացի, Նիկոլ Փաշինյանն ուղերձ էր հղել Արցախի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ: Գոնե այդ օրը կարելի էր չխոսել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորության մասին: Սակայն չմոռանանք, թե ով էր հղում այդ ուղերձը՝ մարդ, որ իր սեւեռուն գաղափարներից եւ դուրս տված հիմարություններից երբեք չի հրաժարվում եւ ամեն ինչ անում է՝ դրանք պարտակելու համար: Ուշադիր կարդանք Փաշինյանի ուղերձի հետեւյալ հատվածը. «Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրները»: Սա քողարկված ստորության դրսեւորման դասական օրինակ է: Թվում է՝ հիմա-հիմա մի խելացի բան կասի «… հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները» նախադասությունից հետո, բայց, ավաղ, Փաշինյանն ընդամենը քողարկված ստորություն մատուցելու պրոցեսի մեջ է: 

Ուշադրություն՝ ե՞րբ են «հիմնազուրկ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին հայտարարությունները»: Այո, քանի դեռ «անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրները»: Այժմ փորձեմ ներկայացնել Փաշինյանի հայտարարությունն իր սիրած՝ հակառակ կողմից: Եվ, ուրեմն՝ «հենց որ անբեկանելիորեն հասցեագրվեն ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրները, այլեւս հիմնազուրկ չեն լինի Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին հայտարարությունները»: Ահա այսքան պարզ ու այսքան քողարկված նենգություն Արցախի հանդեպ: ՀՀ վարչապետը, փաստորեն, պատրաստ է ինչ-որ խոստումների եւ օդեղեն երաշխիքների առկայության պայմաններում հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը, որպես տարածքային միավոր, գոյություն չունի, եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հանգուցալուծված է:

Այսքանն ասելուց հետո նրան մնում է ավելի լավ քողարկել ստորությունը, եւ նա դիմում է պոպուլիզմի այլանդակ զինանոցին. «Մենք հիշում ենք հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսներին եւ գլուխ խոնարհում նրանց առջեւ»։ Ստում է, ստում է ստորաբար: