Իրավիճակն Արցախում այսպես շարունակվել չի կարող՝ պայթելու է

Իրավիճակն Արցախում այսպես շարունակվել չի կարող՝ պայթելու է

Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք Արցախի հասարակական, քաղաքական գործիչ, «Վերնատուն» վերլուծական կենտրոնի հիմնադիր ղեկավար Արշակ Աբրահամյանի հետ։

- Լուրեր են պտտվում, թե Արցախի պաշտոնյաները կամ, այսպես կոչված, քաղաքական էլիտայի ներկայացուցիչները հացի, հիգիենայի պարագաների խնդիր չունեն։ Այսինքն՝ ապրանքների դեֆիցիտից չեն տուժում։

- Բոլորը գիտեն, որ իրենց տներում ամեն ինչ կա, իրենցից ոչ մեկը հերթերում չի երեւում, իրենցից ոչ մեկը բացարձակ չի իջնում ժողովրդի մոտ, որ տեսնի, թե այս պահի դրությամբ ինչ է կատարվում դրսում։ Հացի կտրոններ են տրամադրում՝ ահավոր խայտառակ իրավիճակ է։ Սոցապնախարարության դիմաց՝ առաջին հարկում՝ բակում, մարդիկ վիճում են․ ինքը չի կարողացել այնպես կազմակերպի, որ նախապես երեկոյան վառելիքը բերեն լցնեն դվիժոկի մեջ, որ առավոտյան լույսերն անջատվելու ժամանակ նորմալ աշխատի։ Այսօր ինքն իր կաբինետում նստած՝ չի իջնում, որ տեսնի, թե ներքեւում ինչ է կատարվում։ Լույսը 40 րոպե ուշացումով տվել են, մարդիկ, առավոտվանից սոված, հերթ են կանգնել, չգիտեն՝ հերթը թողնեն գնա՞ն, թե՞ կանգնեն հերթի: Մարդիկ կան, որ ընդհանրապես գործի չեն գնացել, որ հերթի կանգնեն։ Ահավոր վիճակ է։ Մնացած վայրերում, դպրոցներում, որտեղ որ ուզում են հացի կտրոնները բաժանել, մի խայտառակ վիճակ է, բացարձակ ղեկավարությունից մարդ չկա, որ իջնեն տեսնեն՝ մարդիկ ինչ վիճակում են։

- Այսինքն՝ քաո՞ս է։

- Նստել են, իրենց համար օրենքներն ընդունում են՝ ժողովրդին գցում փողոցները։ Ձեւն էդպես չէ, եթե այսպիսի բարդակ պիտի լինի, ավելի լավ է՝ կանգնեն, ասեն ժողովրդին, որ ջունգլիի օրենքով պիտի ապրեք՝ ապրեք, ոնց կարողանում եք։ Սա այսպես չի կարող շարունակվել, այս մարդիկ մեղք են։

- Կանոնակարգող չկա՞։

- Ընդհանրապես ոչ մի բան չկա, եթե տեղում ինչ-որ մի ձեւով կազմակերպում են` ինքնակազմակերպվում են, մարդկանց նյարդերն էլ ահավոր լարված են, առավոտվանից սոված հերթերում կանգնած են, արդեն ժամը քանիսն է՝ լույս են անջատում, դվիժոկում սոլյարկա չկա, համակարգիչները ժամը տասին ենք բացում։ Ինչի՞ ես 10-ին բացում, 9-ից բացիր։ Հենց կոնկրետ հիգիենայի պարագաների բացակայության հարցը շատ լուրջ է դրված, այսպես երկար չի կարող շարունակվել։ 21-րդ դարն է` մարդիկ ու իրենց երեխաները տանջվում են։ Այսօր էլ այսպիսի բարդակ են սարքել, որ կես հացի կտրոնի համար գնում ես, ժամերով հերթերում ես կանգնում, ու ոչ մի բան կազմակերպված չէ, անտեր-անտիրական երկիր է։

- Ո՞ւմ մեղքով է այս իրավիճակը տիրում։

- Իշխանությունների, որովհետեւ ընդհանրապես ներքին կազմակերպվածություն չկա։ Բացարձակ ներքին կազմակերպվածություն չկա, ամեն մեկն իր համար օրենք է ընդունում ու հետ քաշվում՝ վերջ։ Ղեկավարությունից ոչ մեկին այս ինն ամսվա ընթացքում ոչ մեկս հերթում չենք տեսել, այսօր՝ առավել եւս։

- Հիգիենայի պարագաների բացակայության մասով ի՞նչ մտահոգություններ կան։

- Ընդհանրապես օճառ չկա, շամպուն չկա, լվացքի փոշի չկա։ Ուսանողությանը կանչել են դասի, երեխաներին կանչել են դպրոց, երեխաները, եթե բոլորը ոջիլ կպնեն, ուսանողությունն իրենց հիգիենային ինչպե՞ս պետք է հետեւի։ Բարձիթողի, ինքնահոսի մատնված վիճակ է, ոչ ոք մատը մատին չի տալիս՝ ժողովրդի մասին մտածի։

- Միտումնավո՞ր է այս բարձիթողի վիճակը ստեղծվում։

- Ես չգիտեմ՝ միտումնավոր է, թե ինչ է, ընդհանրապես վերահսկողություն չկա։ Միայն նստեն, կառավարության նիստերին թվեր ներկայացնեն՝ սա ենք վերահսկում, այն ենք վերահսկում, բայց փաստացի հողի վրա ոչ մի բան էլ չի վերահսկվում։

- Մարդիկ ի՞նչ են խոսում այս զարգացումների մասին, ի՞նչ տրամադրություններ կան։

- Մարդիկ չեն ուզում իրենց հողը թողնեն գնան, բայց այնպես են անում, որ զզվեն՝ թողնեն դուրս գան։ Մարդկանց մոտ այն վիճակն է, որ մարդկանց համար միեւնույն է՝ նախագահն ով է, Ազգային ժողովի նախագահն ով է, Հայաստանում վարչապետն ով է, ինչ է, ոնց է։ Մարդկանց արդեն իրենց կյանքն ու իրենց երեխաների կյանքն է հետաքրքրում։ Այսպես երկար չի կարող շարունակվել։

- Այսինքն՝ իրավիճակը պայթելո՞ւ է։

- Իհարկե, պայթելու է։ Այսպես չի կարող շարունակվել։ Ահավոր վիճակ է։