«Հրապարակ»․ ՔՊ-ին դեմ ես, ուրեմն պիտի կալանավորվես

«Հրապարակ»․ ՔՊ-ին դեմ ես, ուրեմն պիտի կալանավորվես

Երեւանի դատարանի Աջափնյակ-1 նստավայրում երեկ տեղի ունեցավ զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի գործով առաջին դատական նիստը։ Գործը վերաբերում է Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքին, երբ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ՀՀ անկախությանը օրը Եռաբլուրում հանդիպել էին զոհված զինծառայողների հարազատներին, եւ վերջիններս նախ հորդորել էին, որ իշխանական պատգամավորները հեռանան, ապա վիճաբանության ընթացքում Արմեն Գալստյանը մեկ անգամ հարվածել էր Աղազարյանի ազդրին։ Սա իշխանությունը համարել էր բավարար, որպեսզի զոհվածի հորը կալանավորեն՝ նա մոտ 2 ամիս բանտում է գտնվում։ Երեկվա նիստում քննարկվում էր Գալստյանի խափանման միջոցի հարցը։ Գալստյանին աջակցելու էին եկել զոհված զինծառայողների հարազատները, հասարակական գործիչներ։ Միայն 9-10 հոգի կարողացավ մտնել նիստերի դահլիճ՝ տեղ չկար։ Պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդեց, որ նիստն ավելի մեծ դահլիճ տեղափոխվի, դատավոր Անի Մարտիրոսյանն ընդմիջում հայտարարեց, ապա վերադառնալով ասաց, որ դա հնարավոր չէ՝ մեծ դահլիճը փակ է, մյուսներում նիստեր են ընթանում։

Գալստյանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս դատախազ Արթուր Մարտոյանն անուղղակիորեն խոստովանեց, որ զոհված զինծառայողի հոր կալանավորման բուն պատճառը նրա քաղաքական հայացքներն են։ Նա մոտավորապես ասաց՝ քանի որ Գալստյանն ընդդիմադիր կամ հակաքպական հայացքներ ունի, ապա ազատության մեջ մնալով՝ կարող է կրկնել հանցագործությունը, այսինքն՝ կրկին ՔՊ-ականի հարվածել։ Պաշտպանն էլ իր ելույթը սկսեց պաշտպանյալին ներկայացնելով․

«Պատվարժան դատարան, ընդունված խոսք կա, որ բոլորը վիշտը միանման են տանում, իսկ երջանիկ են յուրովի։ Դատական նիստերի դահլիճում հիմա ծնողներ կան նստած, ես ներողություն եմ խնդրում ծնողներից, բայց ես այդպես եմ ընկալում, որ Արմեն Գալստյանի վիշտը բացառիկ է։ Բացառիկ է այն առումով, որ Արմեն Գալստյանն ու իր կինը՝ տիկին Արմինեն, Հայաստանի Հանրապետությունում թերեւս միակ ծնողներն են, ովքեր ստիպված են եղել իրենց հերոս որդուն՝ Լեւոն Գալստյանին, հուղարկավորել 2 անգամ․ մի անգամ՝ գոտկատեղից ներքեւ հատվածը, մյուս անգամ՝ գոտկատեղից վերեւ հատվածը։ Ընդ որում, այս պահին հոգեբանորեն պատրաստվում են նաեւ 3-րդ հուղարկավորությանը, քանի որ գլուխը հատված է եղել մարմնից եւ դեռեւս չի հայտնաբերվել։ Ամենեւին թող չթվա, որ պաշտպանական կողմը ցանկանում է Արմեն Գալստյանի վիշտն օգտագործել խափանման միջոցի փոփոխության կամ վերացման համար, քանի որ Արմեն Գալստյանի արժանապատվությունից ցածր է, ինքը դա թույլ չի տա։ Ես այս բացառիկ վշտի հանգամանքը նշեցի, քանի որ ցանկացած կայացած պետություն՝ ի դեմս իր ինստիտուտների եւ պետական կառույցների, պարտավոր է գլուխ խոնարհել հայրենիքի համար զավակ կորցրած ծնողների առջեւ, եւ պետության համար պետք է անհարիր ու անընդունելի լինի հայրենիքի համար զավակ տված ծնողին կալանքի տակ պահելը՝ միջին ծանրության հանցանքի համար»։

Դատավոր Անի Մարտիրոսյանն ի վերջո որոշում կայացրեց՝ չերկարաձգել Արմեն Գալստյանի կալանքը, նա երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին, կալանավայրից ազատ կարձակվի, սակայն՝ վարչական վերահսկողության ներքո։ Պաշտպանը մեզ  հետ զրույցում  ընդգծեց՝ Գալստյանի խափանման միջոցը մեղադրող կողմը պայմանավորում է նրա քաղաքական հայացքներով։ «Պատկերացնո՞ւմ եք՝ դա նշված էր Արմեն Գալստյանի նկատմամբ  հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ, այսինքն՝ անձին արգելանքի տակ պահում են՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով։ Ես այդ մասով բավականին բան ունեի ասելու դատարանում, քանի որ կարծում եմ, որ այն հետապնդումը, որն այս պահին իրականացվում է Արմեն Գալստյանի նկատմամբ, հենց այդ քաղաքական հայացքներով է պայմանավորված»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանը գործով տուժող է, իսկ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Ասլանյանը, վկա։ Ի դեպ, Աղազարյանն առաջին նիստին չէր ներկայացել։