Սա զգուշացու՞մ չէ ցավից գալարվող ժողովրդին, որ ձա՜յն չհանեք․․․

Սա զգուշացու՞մ չէ ցավից գալարվող ժողովրդին, որ ձա՜յն չհանեք․․․

Ամենակարևոր բանը, որ պիտի հասկանալ, սա է․  այս իշխանությունն իր երկրի համար պայքարող տեսակը վերացնում է։ Նույնիսկ բնության մեջ հանցագործություն է համարվում տեսակ վերացնելը և քրեական հոդված կա դրա համար։ Արհավիրքի եզրին կանգնած երկրին հերոսներ են պետք, պայքարող տեսակ, այս իշխանությունն իր քաղաքականությամբ փորձում է կոտրել, ամլացնել այդ տեսակը։ Մի ողջ գենոֆոնդ Եռաբլուրի հավիտենական լռության մեջ ամփոփեց, հիմա եռաբլուրային լռություն է սահմանում ապրող մարդկանց համար։ Նա ազդակ է տալիս՝ ընդունեք այն , ինչ անում ենք մենք  և լռեք կամ կարժանանաք այն բռնություններին, ինչին արժանացավ Արմեն Գրիգորյանը։ Սա զգուշացու՞մ չէ ցավից գալարվող ժողովրդին, որ ձա՜յն չհանեք․․․ Որ նրանք, ովքեր ձայն հանեն ու գոռան, որ հայրենիքը չի կարելի դավաճանել, ովքեր հայրենիքի կորստյան ցավից գոռան, նրանց բոլոր միջոցներով կլռեցվեն՝  եռաբլուրային լռությամբ․․․

Մամուլը հեղեղված է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին խոշտանգելու սահմռկեցուցիչ տեսարաններով, բայց իմ ուշադրությունը գրավեց մի փաստ։ Նման բան հայկական իրականության մեջ չէի լսել։  Դիմակավորված մարդիկ իջեցրել են քաղաքացու տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում՝ վախեցնելու, ահաբեկելու համար։ Արցախյան առաջին պատերազմից փոքրիկ մի բրոշյուր ունեմ հրապարակած, որտեղ  ադրբեջանցիների ձեռքն ընկած ու մաքուր ադրբեջաներեն խոսող մեր գերու տաբատն  իջեցնում են  մի նպատակով՝ իմանալու հա՞յ է, թե՞ թլպատված է։ Տաբատ իջեցնելը մեր մշակույթը  չէ։ Եվ ընդհանրապես Հայաստանում վայրագության մթնոլորտ է ստեղծվել, որը հայինը չէ։ Այս մթնոլորտում, ուր ամեն օր հրամցվում են նորանոր վայրագությունների, բռնությունների դեպքեր՝ վախ տարածելու և աթոռ պահելու նպատակով, դա թշնամական, նվաստացնող  գործողություն է, թշնամակա՜ն ։ Դա հայի ունեցածն իր ձեռքից խլելու քաղաքականություն է, որի պարգևատրությունը ժամանակավոր աթոռն է։  

Նման վայրագություններին դիմակայելու միակ ձևը հանրային միասնությունն է։ Չպետք է զոհին, խոշտանգվողին թողնել մենակ, հանրության կողմից անարձագանք, որովհետև ինչպես պարզ ձևով Ռուբեն Մելիքյանն է ասում․ «Սամվել Վարդանյանին քաղաքական հիմքով թշնամանք հրահրելու հոդվածով են մեղադրում։ Դա Արմեն Գրիգորյանին  ու Մալյանին առաջադրված հոդվածն է»։ Փաստաբանը միանգամայն տեղին եզրահանգում է անում․ «Այս հոդվածը, կարծում եմ, հնարավոր է ՀՀ քաղաքացիներից շատերին առաջադրվի»։

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ, ուր երիտասարդը գնահատական է տվել իշխանության ներկայացուցչին։