Դուք ձեր պարտությունը ճանաչել եք, մնացածը ժամանակի հարց է

Դուք ձեր պարտությունը ճանաչել եք, մնացածը ժամանակի հարց է

Թոֆիգ Աբասովի «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում Զարդուշտ Ալիզադեն 1990թ. հունվարյան Բաքուն համեմատում է 1930-ականների նացիստական Գերմանիայի քաղաքների հետ: Նա պատմում է, որ Ժողովրդական ճակատի կենտրոնական գրասենյակի դիմաց տեղադրված էր հսկայական ցուցավահանակ՝ քաղաքի հայ բնակիչների հասցեներով, հեռախոսահամարներով: Գրոհային խմբերն այնտեղ էին հրահանգավորվում եւ ուղարկվում՝ սպանելու հայերին, ավերելու նրանց բնակարանները, հրկիզելու, կողոպտելու: Այդ պատկերները գեղարվեստորեն քանդակել է Աքրամ Աքլիյլիսլին՝ «Քարե երազներ» վեպում: (տես՝ «Дружба народов» թիվ 12, 2012թ. ) 

Ռուսերեն ասում են՝ ինչ գրված է, կացնով էլ չես ջնջի: Երկու պարկեշտ ադրբեջանցի ճանաչել եւ աշխարհի առջեւ խոստովանել են իրենց ժողովրդի պարտությունը: Մնացածը ժամանակի հարց է: Որովհետեւ մի ժողովրդի ինքնագիտակցության բարձրագույն դրսեւորումն այն է, ինչ նա իրադարձություններից եւ քաղաքական կոնյունկտուրայից բացարձակում է որպես դարաշրջանի բնութագիր: Այդ ոչինչ, որ ալիեւյան Ադրբեջանում Զարդուշտ Ալիզադեն «մարգինալ» քաղաքագետի պիտակ ունի: Ոչինչ, որ Այլիսլին զրկվել է ժողովրդական գրողի կոչումից, նախագահական թոշակից, նրա որդիներին հեռացրել են աշխատանքից, իրեն ենթարկել տնային բանտարկության: Ալիեւյան ռեժիմը, որովհետեւ հիմնված է կեղծիքի, խաբեության եւ արյն վրա, մի օր տապալվելու է: Եւ գալու է Ալիզադեի, Այսլիսլիի, բոլոր սթափ մտածող ադրբեջանցիների ժամանակը:

Եւ մոռացության է մատնվելու այն, ինչ այսօր պետպատվերի պահանջով ասվում, գրվում, հրապարակվում է Ադրբեջանում: Թոֆիգ Աբասովը չթաքցրած հրճվանքով է գրում սիրիական Դեր-զորում հայ եւ որդի հայ կաթոլիկ քահանաների սպանության մասին: Ասում է, թե «ինչու՞ են հայերն այնտեղ ոտքի տակ ընկնում»: Այլատյացության այդ թույնը մի օր պայթելու է Ադրբեջանում: Եւ առաջիններից մեկը հաշվետու է լինելու ժամանակին Հեյդար Ալիեւի մամուլի խոսնակի պաշտոնն զբաղեցրած Թովիգ Աբասովը: