Պարտության սիմվոլ «դուխով»-ը չի՞ գիտակցում, որ ցուլերի միջով անցնելիս պետք է ոչ թե շորդ փոխես, այլ նապաստակ չլինես
Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ, Կոտայքի մարզպետարանի նախկին աշխատակից՝ Էլզա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Սահմանադրության փոփոխությունների, վերջին շրջանի իրադարձությունների մասին:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ նորն ընդունել։ Դուք ինչ եք մտածում այդ մասին։
- Ակնհայտ փաստ է` դրա անհրաժեշտությունն ամենևին չկա եւ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների պատվերը գալիս է Ադրբեջանից ու Թուրքիայից: Քանի որ իշխանությունը զավթած կլանը չունի արտաքին քաղաքականություն և ազգային ծրագիր, նա կատարում է իրենսատարող ուժերի պատվերները՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում ոչ միայն կզրկվի իշխանությունից, այլև կհայտնվի մեղադրյալի աթոռին։ Դրանք ՀՀ Սահմանադրության այն կետերն են, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար.
ա․ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրի՝ ԼՂՀ և ՀՀ վերամիավորման որոշմանը․ «Կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»։
բ. Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
գ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն վերաբերող հոդված 18-ը, որի առաջին մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։
դ․ Հոդված 21-ը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերին։
- Ի՞նչ եք կարծում, Մայր օրենքը փոփոխելու անհրաժեշտությունը կապվա՞ծ է արդյոք «Խաղաղության պայմանագրի» հետ։
- Ոչ մի պայմանագիր չի երաշխավորելու մեր անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը եւ ոչ մի դաշնակից մեր շահերը չի պաշտպանելու, եթե այդ շահերը ինքներս չգիտակցենք: Ի՞նչ խաղաղություն, եթե թշնամին ոչ միայն չի պատրաստվում լքել հայկական հողերը, այլև օրեցօր նոր պահանջներ է ներկայացնում։ Հայաստանի փաստացի տարածքն այսօր ընդամենը 28 հազար 500 քկմ է, օկուպացված է մոտ 1400 ք/կմ։ Աշխարհում ընդունված աքսիոմ է, որ պարտված ղեկավարը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել այն պետությանը, որին ինքը պարտության է տարել։ Նիկոլի կապիտուլյացիոն բոլոր քայլերը հերթով փլվել են՝ սկսած «Տանք Արցախը, հանգիստ ապրենք» -ից։ Ներկայումս էլ փորձում են մեղքը բարդել հիմնի և Սահմանադրության վրա։ Բայց Փաշինյանի նպատակը Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունն է. ինքը Արևմուտքից և ԱՄՆ-ից խնդիր ունի ոչ թե պաշտպանել հայկական շահը, այլ գործել ընդդեմ Ռուսաստանի։ Դրա համար է ասում, որ Եվրամիությունն արդեն մեր տարածաշրջանում է։
- Եթե իսկապես կապ կա նոր Սահմանադրության և «Խաղաղության պայմանագրի» միջև, ում համար են փոփոխություններն արվում՝ հանրությա՞ն, թե՞ Փաշինյանի ու նրա թիմի:
- Բնականաբար Փաշինյանի և նրա թիմի՝ տեսնելով, թե ովքեր են ներառված շահառուների ցանկում։ Արևմուտքը բոլոր միջոցներով ցանկանում է հասնել «Խաղաղության պայմանագրի», որպեսզի Հարավային Կովկասում սահմանափակի Իրանի և Ռուսաստանի շահերը։ Բայց ՀՀ-ին նոր Սահմանադրություն և խաղաղության պայմանագիր պետք չէ, դա կեղծ օրակարգ է։ Նիկոլն ասում է, որ նոր Սահմանադրությունից պետք է հանել Անկախության հռչակագրի հղումը։ Լսում էի իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանի զրույցը, որտեղ նա ասում է. «Անկախության հռչակագիրն է Սահմանադրության և հետագա իրավական ակտերի հիմքը, այն, ի վերջո, ՀՀ ծնունդը փաստող փաստաթուղթն է։ Հռչակագիրն ընդունվել է 1990-ին, Սահմանադրությունը՝ 1995-ին, երբ Հայաստանն արդեն կայացած և միջազգային կազմակերպությունների անդամ պետություն էր»: Միանշանակ է, որ պետք է մերժենք մեր ինքնությունը վտանգող նոր Սահմանադրական նախագիծն ու հանրաքվեի գաղափարը։ Հայությունը պետք է համախմբվի և հեռացնի այս հայրենադավ իշխանությանը, պահի ու պաշտպանի մեր սահմանները, պետականությունն ու սահմանադրությունը, հիմն ու դրոշը, չկեղծված հայոց պատմությունը։
-Ադրբեջանի նախագահը տարբեր հարցազրույցներում ասել է, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, քանի որ այն Թուրքիայից տարածքային պահանջներ է պարունակում։ Մի՞թե սա կապ ունի ներկայիս Սահմանադրության փոփոխության հետ:
- Ալիևը նշել է, որ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերում ևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, բազմաթիվ կոնվենցիաներում, որոնց միացել է Հայաստանը, բազմաթիվ վերապահումներ կան, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Ալիևն ասում է, որ խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դնենք այդ պնդումներին և փոփոխություններ կատարենք Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ իրավական փաստաթղթերում։ Նիկոլն էլ ասում է. «Որպեսզի Ալիևը չհարձակվի Հայաստանի վրա, թույլ տվեք սահմանադրորեն վերացնեմ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը և ձեր ինքնությունը»։ Դա Փաշինյանի իշխանության գալու գինն է։ Կամ Հայաստանն ու Արցախը չեն լինի, կամ էլ Հայաստանն ու Արցախը կլինեն, բայց չեն լինի՝ ինքն իր ընտանիքով ու մոտիկ շրջապատով։ Այսինքն, նա հանուն իր կյանքի և աթոռի՝ զոհասեղանին է դնում հայրենիք, պետականություն, ժողովրդի անցյալ, ազգային սրբություններ ու տաղանդավոր դերասանության միջոցով փորձում հիմարացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սահմանադրությունը ոչ թե օրվա իշխանություններին հարմարեցվելու գործիք է, այլ փաստաթուղթ, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները և որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
-Սահմանադրության փոփոխություն, դասագրքերի խեղաթյուրում, արշավ՝ եկեղեցու դեմ: Ազգայինը ջնջելով ո՞ւր են տանում մեզ իշխանությունները:
- Պիղծ իշխանավորները գիտեն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգապահպանման ինստիտուտ է, հոգևոր անվտանգության երաշխավոր և հենասյուն, առանց որի հեռացման չեն կարող հասնել իրենց նպատակին։ Կյանքը ցույց տվեց, որ սրիկաներն ինչքան փորձում են լռեցնել եկեղեցու ձայնը, այն ավելի է զորանում և լսելի դառնում։ Դասագրքերը խեղաթյուրելով՝ մեր հիշողությունից Անդրանիկին են ուզում հանել, Նժդեհին, Մոնթեին, Արարատն ու Մուշը, Վանն ու Տավրոսը, Նարեկացուն ու Րաֆֆուն, մեր ինքնությունը, հպարտությունը, ազգային գիտակցությունը, արժեքներ, որոնք կազմում են մեր ինքնապահպանման հիմքը։ Հայրենիքը սրբություն է։ Ավետարանն ասում է. «Սրբությունը պետք չէ տալ շներին, ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն և շրջվելով՝ ձեզ չպատառոտեն»։
-Փաշինյանը խոսելով Հայաստանի մասին՝ իբրեւ մեջբերում էր անում ուրիշներից, ասում էր. «Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա»:
- Հայրենիքը ծնվում է այն պահից, երբ քաղաքացին չի վախենում ոչ բանտից, ոչ մահից, ոչ էլ՝ չարչարանքից։ Եթէ այսօրվա ստրկամիտ, քանդարար, անհայրենիք ու հերետիկոս իշխանությունների տրամաբանությանը հետևենք, որով հայտարարում են, թե «հայրենիքը դա պետությունն» է, իսկ պատմությունը` «Հայաստանի պատմություն», սա, իհարկե, հայրենիք չի լինի, այլ մնացորդ։ Ի՞նչ կարելի է սպասել այն վարչապետից, ով Հայաստանը համեմատում է տատիկի գործած կարմիր շորի հետ և առաջարկում այն փոխել, որպեսզի ճանապարհին կանգնած 2 ցուլերը չհոշոտեն իրեն։ Նա առաջարկում է հայ չլինել, միայն թե թշնամի «ցուլերը» մեզ չբզկտեն։ Իսկ հիմա հարց. «Հզոր ու ծաղկուն Հայաստանը ո՞վ հասցրեց մնացորդի կարգավիճակի»։ Այդ ինչպե՞ս եղավ, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը հանկարծ դարձավ անմարտունակ, դավադրաբար թշնամուն հանձնվեց անառիկ Արցախը, իսկ երկիրը՝ սուբյեկտից վերածվեց օբյեկտի: Պարտության սիմվոլ «դուխով»-ը չի գիտակցո՞ւմ, որ ցուլերի միջով անցնելիս պետք է ոչ թե շորդ փոխես, այլ նապաստակ չլինես։ Հայ ժողովուրդն ունեցել է առասպելական ուժով հայտնի Սմբատ Բագրատունի, ով մերկ նետվելով գիշատիչ գազանների հոշոտմանը, կրկեսամարտում անզեն հաղթել է ոչ միայն կատաղի արջին, այլեւ առյուծին ու ցուլին: Սա ի գիտություն բանասեր վարչապետին: Անամոթությունը, սուտասանությունն ու դավաճանությունը դարձել է այս իշխանության ապրելակերպը և գործելաոճը, ինչը և մեզ մոտեցնում է նոր ցեղասպանության։ Ուստի Հայաստանի գոյատեւմանը սպառնացող վտանգին դիմագրավելու համար բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել է պետք իշխանության հեռացման օրակարգի եւ ազգային պետության ստեղծման ծրագրի շուրջ:
Կարծիքներ