Ճառասաց ղեկավարը

Ճառասաց ղեկավարը

Նախկինների ժամանակ դպրոց կառուցելը պետության վրա սովորաբար նստում էր 1,5-2 միլիոն ԱՄՆ դոլար: Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան, թիվ 122 դպրոցի՝ 2021-ին մեկնարկած շինարարությունն իրականացվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ վարկային և պետբյուջեի միջոցների հաշվին: Դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ կամ ավելի քան 4 միլիոն դոլար: Ծախսված գումարին նայելով՝ ենթադրում եմ, որ նորակառույցը գերժամանակակից դպրոց պետք է լինի՝ խիստ սեյսմակայուն շենքով, ուսումնական սարքավորումներով և դպրոցական պայմաններով: Կամ էլ, եթե այդ ամենն այնքան էլ այդպես չէ, ապա... Չէ, ինչ եմ մտածում, ինչպես կարող է «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանի» օրոք կոռուպցիա լինել: Այն էլ կրթական համակարգին առնչվող շինարարությունում, ինչը նրա ուշադրության կենտրոնում է: Ենթադրում եմ, որ նաև նրա գրասենյակի ղեկավարի. դա էլ ավանդույթի ուժով:  

Ինչևէ, բացմանը ներկայանալով՝ ՀՀ վարչապետ աթոռից կառչած Նիկոլն աշակերտներին պատվիրել է դպրոցն ավարտել որպես «ֆիզիկապես ուժեղ, մտքով ուժեղ և հոգեբանորեն ուժեղ» քաղաքացիներ: Իսկ հետո սեփական արձակ բանաստեղծությունն է բարձրաձայնել վերջերս երկնած «Հայրենիքը պետություն է» թեմատիկայով: Այն, որ դպրոցը պետք է դաստիարակի ֆիզիկապես, մտքով և հոգեբանորեն ուժեղ քաղաքացիների, կասկածի ենթակա չէ: Այն, որ դպրոցը հայրենասիրական ոգի պետք է ներարկի աշակերտների շրջանում՝ դա ևս քննարկման թեմա չէ: Բայց այդպիսին է, արդյոք, 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո մեր այսօրվա դպրոցը: Յուրաքանչյուր գրագետ ու հայրենասեր անձ առանց երկմտելու պետք է որ պատասխանի՝ ոչ: Այսօրվա դպրոցն այդպիսին չէ և չի էլ կարող լինել: 

Չի կարող լինել, եթե, ըստ անկախ փորձագետների, իշխանությունը տապալել է կրթական բարեփոխումները: Եթե նույնիսկ ծանոթ չլինեի փորձագետների կարծիքին, ապա դասագրքային ոդիսականը բավարար էր, որպեսզի հինգուկեսամյա կառավարման արդյունքներն այդ բնագավառում գնահատեի անբավարար: Նշված հատկանիշներով քաղաքացի չի կարող դաստիարակել դպրոցը, եթե դպրոցի ներսում արտասանվող ճառերին պատերից դուրս բացարձակ չհամապատասխանող իրականություն է: Եվ նշանակություն չունի, թե ով է ճառախոսը: Ինչպես կարող է դպրոցի շրջանավարտը լինել ֆիզիկապես, մտքով և հոգեբանորեն ուժեղ, եթե թշնամի երկրի ղեկավարը ստորացնում է իր պետության ղեկավարին, իր համաքաղաքացիներին ու որևէ պատասխան չի ստանում: Եթե իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ իշխանության գաղափարախոսական հունով գնալով, փորձում է սխալ հանել Տիգրան Մեծին: Այնինչ, մեր այդ հզոր արքայի գործունեությունը պրոպագանդելը պետք է լիներ այսօրվա խեղճ իրավիճակից դուրս գալու բանալին: 

Բայց քանի որ երկրի գլխավոր ճառախոսը չի գիտակցում, որ ճառասացությամբ պետություն չի կառուցվում՝ հատկապես, եթե այն իր ջանքերի շնորհիվ անընդհատ գլորվում է անդունդը, ապա պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի նրան այլ ելք չմնա, քան իր պաշտոնից հեռանալը: Թե ճառասացությամբ տարվելը ինչի կարող է հանգեցնել և ինչ կպատահի մեր «հայրենիք-պետությանը», վերջինիս շրջապատը կարող է պատկերացնել՝ ուսումնասիրելով նախկինում հզոր ու հսկայական երկրներից մեկի ճառասաց ղեկավարի՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի գործունեությունը: