Հարգանքի արժանի դեսպանը. Հենրի Մորգենթաու

Հարգանքի արժանի դեսպանը. Հենրի Մորգենթաու

ՀՀ վարչապետ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, չթաքցնելով հիասթափությունը, ասել է. «…Մինչ այժմ ոչ մի օտարերկրյա դիվա­նագիտական ներկայա­ցուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու այն հսկայական ավերածությունները, որոնք շարունակական, երկշաբաթյա եւ ավելի՝ մինչ օրս 19-օրյա հրետակոծությունների եւ հրթիռակոծությունների արդյունքում պատճառվել են Լեռնային Ղարաբաղի քաղա­քացիական ենթակառուցվածքներին»: 

Ակամայից հիշեցի Հենրի Մորգենթաուին՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանին (1913-1916թթ.), ով ժամանակին դատապարտել է Հայոց ցեղասպա­նությունը: Տեղեկանալով արեւմտահայերի տեղահանության իրական նպատակին՝ Մորգենթաուն փորձել է կանխել երիտթուրքերի կողմից պլանավորված ոճրա­գոր­ծությունը: Համենայնդեպս՝ փորձել է, բայց չի ստացվել:

1916թ. թողնելով դեսպանի պաշտոնը՝ Մորգենթաուն ասել է. «Ես այլեւս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր եւ բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»։ Ի՞նչ իմանար այդ առաքինի այրը, որ 100 տարի անց հայերը կանգնելու են նույն հիմնախնդրի առաջ, իսկ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված որեւէ դեսպան ոչ միայն ծպտուն չի հանելու, այլեւ չի բարեհաճելու այցելել Արցախի այն վայրերը, որտեղ հրթիռակոծվել են խաղաղ բնակիչներ, կրթական ու մշակութային օբյեկտներ, ենթակառուցվածքներ՝ հանգեցնելով տասնյակ քաղաքացիական զոհերի, հումանիտար աղետի: Ավելին, նրանք նույնիսկ չեն բարեհաճել այցելել ՀՀ-ի ռմբակոծված վայրեր, որտեղ եղել են ոչ միայն ավերածություններ, այլեւ զոհեր ու վիրավորներ:

Ի՞նչ են ասելու մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դեսպանները հետագա սերունդներին: Արդյոք իրենց հուշերում, ինչպես Մորգենթաուն, ինչ-որ բան գրելո՞ւ են արցախահայերի ողբերգության ու սխրագործության մասին: Իսկ ի՞նչ կարող են գրել, եթե ձեռնպահ են մնացել թուրք-ադրբեջանական զինուժի եւ վարձկան ահաբեկիչների վայրագությունների ականատեսը լինելու հնարավորությունից: 

Թեպետ նաեւ կարելի է հասկանալ նրանց. իրականության հետ առերեսվելուց հետո նրանց մարդկային արժանապատվությունն ուղղակի թույլ չի տա չասելու ճշմարտությունը, ինչը կարող է չհամընկնել իրենց երկրների պաշտոնական քաղաքականության հետ, իսկ արտահայտվելու դեպքում նրանք անպայման խնդիրներ կունենան իրենց երկրներում: Հետեւաբար, նրանց համար նախընտրելի է Արցախին պատած հումանիտար աղետը չտեսնելը: Ուրեմն, մենք պետք է ներողամիտ լինենք նրանց հանդեպ:  

Այլ է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների վիճակը: Նրանց կհրամցնեն այնպիսի տեսարաններ, որոնք կասկածի տեղիք չեն տա: Բայց մինչ «էքսկուրսիա» կազմակերպելը, ադրբեջանցիները մի լավ կռմբակոծեն իրենց բնակավայրերը, կսպանեն մի քանի քաղաքացիական անձանց… ազգային փոքրամասնություններից: Այո, այո, իր ժողովրդին «թնդանոթի միս» դարձրած, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր սդրբեջանական զինվորների դիակներն անարգող պետությունն ընդունակ է ցանկացած սրբապղծության: 

Ալլահն Ադրբեջանի բռնապետի պատանդը դարձած ժողովուրդներին օգնական:
Աստված պահպանի հայ քաջորդիներին:
Վառ հիշատակ Սըր Հենրի Մորգենթաուին:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր