Եվ «հաղթած» հուշարձանը խոսեց…

Եվ «հաղթած» հուշարձանը խոսեց…

Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի՞։ Ոչ, պարոն Փաշինյան, այս պատերազմը Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ ոչ մի առնչություն չունի: Հարցրեք Ձեր կիրթ գործընկերոջը, ու նա կհաստատի, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի Արցախի անկախությունը: Նա նաեւ կհավելի, որ այս պահին ինքն ազատագրում է ադրբեջանական հողերն ու վերականգնում իր երկրի տարածքային ամբողջականությունը: Կարծում եմ՝ առնվազն միամտություն է Ադրբեջանի (ներառյալ նաեւ Թուրքիայի) նման կեցվածքի պարագայում նույնիսկ երազել, որ նրանք մի գեղեցիկ օր կբարեհաճեն բանակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի շուրջ: Ձեր գրառման հաջորդ՝ երկրորդ կետով, պարոն Փաշինյան, Դուք հաստատում եք իմ մտավախությունը: Այսպես՝ «Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում»։ Ասել է թե՝ այո, պատերազմից կխուսափեինք, եթե Արցախը հանձնեինք բախտի քմահաճույքին՝ նրա ճակատագրի ճշտման մեխանիզմի բացակայության պայմաններում: Իսկ հիմա թույլ տվեք ես հարցնեմ՝ մենք կարո՞ղ էինք Արցախը հանձնել բախտի քմահաճույքին, եթե, ինչպես Դուք եք ասում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը մեզ համար կարմիր գիծ է: Իհարկե՝ ոչ: Ուրեմն եկեք բառախաղերով չզբաղվենք եւ, մանավանդ, հիմար սիլլոգիզմներով չշեղենք մեր հանրության ուշադրությունը բուն խնդրից:

Ամբողջ աշխարհը խոսում է այն մասին, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի: Փաշինյանը, որ հաստատ ամբողջ աշխարհից ավելի խելացի չէ, հակառակն է պնդում. «Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում»: Ինձ չի համոզում՝ Կազանից հետո Իլհամ Ալիեւը բողոքում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, այսուհանդերձ, նա շարունակեց բանակցել մինչեւ 2018 թվականը:

Անգամ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո նրան ստիպեցին բանակցել, բայց եկավ Նիկոլ Փաշինյանն ու հայտարարեց, որ ինքն իրավասու չէ բանակցել Արցախի փոխարեն, որովհետեւ մանդատ չունի: Կարո՞ղ եմ, արդյոք, ենթադրել, որ սա առաջին քայլն էր Արցախը բախտի քմահաճույքին թողնելու ուղղությամբ: Եվ, ուրեմն, պարոն Փաշինյան, եկեք Ձեր թանկագին ժամացույցը ճշտենք մերինի հետ՝ բանակցային ճանապարհով որեւէ կարգավորման հասնելն այլեւս անհնարին դարձավ ոչ թե 2011-ին, այլ 2018-2019-ին, երբ հայտարարվեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ: Խորհուրդ կտամ վերհիշել նաեւ Ալիեւի պատասխան հայտարարությունն այդ կապակցությամբ․ «Արցախն Ադրբեջան է, եւ բացականչության նշան»: Պատերազմն անխուսափելի էր՝ իր գրառման 3-րդ կետով ասում է Փաշինյանը եւ, ըստ էության, խուսափում 2016-ից ստեղծված փխրուն խաղաղությունը վտանգելու պատասխանատվությունից: Բայց, շատ ներողություն, մենք այս պատերազմում արդեն այնպիսի գին ենք վճարել, որ նույնիսկ հաղթանակը (չգիտեմ էլ, թե դա ինչ տեսք է ունենալու) որեւէ մեկին հնարավորություն կընձեռի առանց հաշվետվություն տալու ճողոպրել սենյակից:

Եվ վերջում ամենակարեւորի մասին: Փաշինյանի այս «պոստը» գրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական թելադրանքով: Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, եթե հիշեք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Սերժ Սարգսյանի հետ իր տանը կայացած հանդիպումից հետո: Հիշեցի՞ք, էն, որ Սերժը գնացել էր հիվանդատես: ՀՀ առաջին նախագահը հորդորել էր համաձայնել արցախյան խնդրի կարգավորման փուլային տարբերակին, որով Ադրբեջանին էին վերադարձվում 5, ապա 2 շրջանները՝ Արցախի «ապագա» մշուշոտ կարգավիճակի դիմաց: Եթե դրան չենք համաձայնում, նախազգուշացնում էր Տեր-Պետրոսյանը, ավելի վատթար տարբերակի առջեւ ենք հայտնվելու: Իսկ հիմա եկեք կարդանք 4-րդ կետը. «Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով»: Իսկ 2-րդ կետում, ինչպես նշեցինք վերեւում, Փաշինյանը գրել էր. «Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին…»: Իսկ հիմա հարց՝ ո՞րն է «Արցախի անորոշ կարգավիճակից» մի փոքր ավելի «վատթար» կարգավիճակը… Հասկանում ենք՝ ամեն ինչ տալ եւ մոռանալ Արցախի կարգավիճակի մասին, հանուն խաղաղության: 

Գրառման հաջորդ երկու կետերում արդեն պարզորոշ նկատվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ քինախնդրությունը՝ տղա՞ եք, տարածքները մի տվեք: Պարզապես շարադրանքն է մի փոքր փոխված, ավելի հարմարեցված պատերազմական օրերին. «5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։  6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»։ Սա արդեն վիրավորանք է մի ազգի հասցեին, որի լավագույն զավակներն այսօր անում են ամեն ինչ՝ արցախյան ճակատում իր զինական ուժով անգամներ գերազանցող թշնամուն հակահարված տալու, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար: Ի՞նչ են ակնարկում Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը՝ այդ մե՞նք միասնական չենք, այդ մե՞նք ենք ապակենտրոնացնում ազգային ներուժը, այդ մե՞նք անկեղծ զինվոր չենք: Ո՞ւմ եք դաս տալիս, ո՞ւմ եք կոչ անում լծվել հաղթանակի նպատակին: Իսկ դուք ի՞նչ եք արել բացի խաղաղություն խնդրելը՝ այն էլ չգիտեմ ինչի դիմաց: Արդյո՞ք աբսուրդ չէ պատերազմի մեջ գտնվող ժողովրդին խաբելը, թե այս պատերազմի այլընտրանքը Արցախը զիջելն է: Թուրքը կանգ չի առնելու երբեք, եւ վաղն արդեն, օտարի դռներն ընկած, աղերսելու եք, որ գոնե Սյունիքը թողնեն Հայաստանի կազմում: Ձեզ ո՞վ է խանգարում «անկեղծորեն ու անձնազոհ կերպով» լծվել հաղթանակի գործին, ի՞նչ եք բարբառելու վաղը՝ մի՞թե մեղադրելու եք մեզ՝ ժողովրդին, որ «անկեղծ ու անձնազոհ» չգտնվեց գերտերությունների դեմ այս անհավասար մարտում:

Օրերս մի շարք արտախորհրդարանական քաղաքական ուժեր դիմել էին ՀՀ կառավարությանը հետեւյալ կոչ-պահանջով. «1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու եւ համակարգելու իրավասություններով: 2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախկին եւ գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց»: Միասնաբար պայքարելու, ազգային ողջ ներուժը հաղթանակի գործին ներդնելու այս կոչին Տեր-Պետրոսյանի արձագանքը ցինիզմի գագաթնակետն է: ««Զարմանում եմ, թե ինչպես լուրջ եւ զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի եւ Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։  Պատերազմական շրջանի եւ ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենեւին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»։ Ի՞նչ կապ ունի այստեղ, թե հայտարարությունն ստորագրած կուսակցություններից որը քանի մարդ ունի իր շարքերում: Մի՞թե խոսքը միասնաբար կռվելու, միասին այս ծանր վիճակը հաղթահարելու մասին չէ:

Որ Տեր-Պետրոսյանը մեր ղեկավարներից ամենակասկածամիտն ու ամենախորամանկն է, գիտեի, բայց որ կարող էր այսքան ձախորդ կերպով «անկեղծանալ», չէի սպասում: Երեւի հիշողության ծալքերում ինչ-որ բաներ է փորփրել հեռավոր 96-97-ից, երբ «հաղթած» նախագահի պատմուճանն ուսերին՝ ստիպված եղավ հրաժարական տալ: Ի՞նչ է ուզում ասել «Պատերազմական շրջանի եւ ետպատերազմյան ներքին գզվռտոց» ակնարկով: Ի՞նչ գզվռտոցի մասին է խոսքը, այսօր ո՞վ ունի դրա ժամանակը՝ ՀԱԿ-ից բացի: Հայ ազգային կոնգրես՝ մի քիչ ճոռոմ ու շատ չէ՞ ՀՀ առաջին նախագահից բաղկացած կազմակերպության համար:

Հա, ի դեպ՝ էն էլ կա, որ եթե հանկարծ անհաջողություն ունենանք այս պատերազմում, Նիկոլն է պատասխան տալու եւ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս «հաղթած հուշարձան է», նրան ոչ ոք չի համարձակվի դատել: