Եթե մի մարդ կենդանիներ է վաճառել, որոնց հետո մորթել են, ինչպե՞ս պետք է գազանանոցի տնօրեն աշխատի

Եթե մի մարդ կենդանիներ է վաճառել, որոնց հետո մորթել են, ինչպե՞ս պետք է գազանանոցի տնօրեն աշխատի

Երեւանի կենդանաբանական այգին արդեն երրորդ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ունի, իսկ կենդանիները՝ նոր պատասխանատու իրենց կյանքի ու առողջության համար՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ-ական էդմոնդ Ղազարյանը: Նա թաղապետ է աշխատել 2 տարի, իսկ մինչ այդ հանրությանն անհայտ քայլողներից է եղել:  

Թվում էր, թե գոնե այսօր, երբ կենդանիները սովից սատկում են, արջին քնեցնում են, որ սով չզգա, այգուն կից մասնագետների խորհուրդը չի գործում, իսկ կենդանասերները պարբերաբար աղմկում են` պահանջելով փրկել գազաններին, այգու տնօրեն կնշանակեն կենդանաբանի, մասնագետի, որը կկարողանա ոտքի հանել հիմնարկը: Բայց ոչ: Այգին վստահում եմ մի գործչի, որը ոչ կենդանաբան է, ոչ գոնե կենսաբան, չունի գիտական կոչում, կամ աստիճան, ավարտել է  «Հայբուսակի» միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Սա Էդմոն Ղազարյանի կենսագրականում նշված միակ տվյալն է` անգլերենի դասընթացները չհաշված: 

Գազանանոցի նոր ղեկավարը մասնավոր բիզնեսում է աշխատել, իսկ նրա միակ առնչությունը կենդանիների հետ եղել է այն, որ նրա հիմնադրած «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն ներկրել է տոհմային երինջներ` եվրոպական երկրներից: Կարելի է ասել` Էդմոն Ղազարյանի համար կենդանին ապրանք է: Հարց՝ եթե մի մարդ կենդանիներ է վաճառել, որոնց պահել ու հետո մորթել են, ինչպե՞ս պետք է գազանանոցը պահի: 

Այս և նման հարցեր են այս օրերին քննարկվում մասնագետների շրջանում: Սակայն նրանց մեծ մասը ուզում է հավատալ, որ գոնե այս անգամ ԺՊ-ն չի տապալի գործը: Պարտադիր չէ, որ այգու տնօրենը մասնագետ լինի, կարևոր է, որ նա աշխատի մասնագետների հետ, այս կարծիքին է այգու նախկին աշխատակից Գարեգին Խլղաթյանը: Նոր տնօրենին նա չի ճանաչում, բայց ասում է՝ «պարզապես լավ մարդ է»:

Ինչո՞ւմ է կայանում Ղազարյանի «լավ մարդ» լինելը, թռչունների սիրահար Գարեգին Խլղաթյանն ասում է. «Որքանով որ տեղյակ եմ, նա փորձում է կրկին աշխատացնել մասնագետների խորհուրդը, որը 10 անդամ ուներ, եթե չեմ սխալվում: Ոմանց արդեն կանչել են այգի»: 

Խլղաթյանը վերջին երկու տարիներին կենդանաբանական այգուց հեռացած մասնագետներից է: Հիմնական կորիզը, որ մեր գազանանոցը պահում էր, աշխատանքից ազատվեց 2019 թվականին: Շատերը հեռացան իրենց կամքով: Նոր ԺՊ-ի գալով այգուց հեռացած մասնագետների շրջանում հույս է արթնացել, որ իրենց կրկին կհրավիրեն և հաշվի կառնեն մասնագիտական կարծիքը: Այժմ նրանք քննարկում են, թե ում հետ կկանչեն, ում՝ ոչ, իսկ տնօրենն այս օրերին հանդիպումներ է ունենում կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հետ: 

Այն ստեղծվել է 2020-ին, բայց առաջին նիստն անցկացրել է 2021-ի հոկտեմբերին: Նախկին տնօրենի ԺՊ Արևիկ Մկրտչյանը, կարելի է ասել, վիժեցրել է 13 անդամ ունեցող խորհրդի աշխատանքը, և ինչպես խորհրդի ղեկավար, կենդանաբան Կարեն Մանվելյանն է ասում՝ «չէր ցանկանում համագործակցել խորհրդի հետ»: Նա միակն է Հայաստանում, ով ունի Քենթի համալսարանի դիպլոմ` «վայրի կենդանիներ և կենդանաբանական այգիների  կառավարում» մասնագիտությամբ: 

«Մեր խորհրդի անդամները դոկտոր պրոֆեսորներ են, կենդանաբանության ինստիտուտի տնօրենը, Պետոյան Սամվելը՝ ձկնաբան, Աշոտ Ասլանյանը՝ օձաբան, այլք: Ըստ Երևանի կենդանաբանական այգու կանոնադրության, քաղաքապետարանը ստեղծել է կառավարման խորհուրդ` տարբեր գերատեսչություններից, վերջացրած միջազգային կառույցներով: Նոր կանոնակարգի համաձայն, խորհուրդն է զբաղվում այգու զարգացման ռազմավարական փաստաթղթերով, կանոնակարգերով, համակարգում է աշխատանքները և այլն: Երեկ մեր 9-րդ նիստն էր` արդեն նոր տնօրենի մասնակցությամբ», - տեղեկացրեց Մանվելյանը: Նրան մի քանի հարց տվեցինք: 

- Կենդանիների կերերի մատակարարման մրցույթներ չէին լինում, անկումները շատ էին, այլ հարցեր կային, դրանք քննարկե՞լ եք նոր տնօրենի հետ: 

- Այո, հիմա մշակում ենք նոր կառուցվածքը գիտխորհրդի և տնօրինության հետ: Բավականին շատ մասնագետներ դուրս էին եկել, կամ հանել էին, էդ բոլոր հարցերը նոր տնօրենի հետ քննարկել ենք, պետք է մասնագետներ լինեն, բաժիններ լինեն, առանց այդ ամենի կենդանաբանական այգին չի կարող գոյություն ունենալ: 

- Այսօրվա վիճակը ինչպե՞ս եք գնահատում: 

- Վատ է վիճակը: Եւ դրա համար պետք է փորձենք համատեղել ջանքերը, օգնենք, որ այս վիճակից դուրս գանք, զարգացնենք ագին: 

-Որքա՞ն ժամանակ է պահանջվելու, որ ոտքի կանգնենք: Օրինակ, թերսնված կենդանիների հարցը, բուժում չստացող ու սատկող կենդանիների հարցը ինչքա՞ն ժամանակ է պետք, որ դուրս գաք այս վիճակից: 

- Դուրս բերելու համար պետք է առաջինը գույքագրում: Մենք մինչ օրս նախկին տնօրենից այդպես էլ չստացանք, թե քանի կենդանի ունենք, ինչ տեսակի ու հասակի: Նոր տնօրենի հետ նորից գույքագրում է արվում, ու ըստ այդմ պետք է մենք նախատեսենք նոր կենդանիներ բերել, նոր տեսակներ, եղածն էլ, իհարկե, պահպանել: 

- Կերի մատակարարման մրցույթներին անդրադարձե՞լ եք: Երկար ժամանակ դրանք չկային, և կենդանիները սովից սատկում էին: 

- Այո, տնօրենն է դրան անդրադարձել: Դա խորհրդի լիազորությունը չի, բայց նա բավականին ակտիվ աշխատում է, և այս պահին կերի խնդիր չկա: Հենց նոր կողքս նստած իրար հետ նոր կառուցվածքն էինք որոշում: Երեկ քննարկել ենք խորհրդի նիստի ժամանակ, ու հիմա բարձրանալու ենք այգիով շրջենք, գնանք առաջ: Մասնագիտական մասով` թե քաղաքապետարանի,  թե տնօրենի հետ համագործակցելով, օգնելով, կգնանք առաջ: Ես միշտ համեմատում եմ հիվանդանոցի հետ: Եթե հիվանդանոցում բժիշկներ չլինեն, պատկերացնո՞ւմ եք հիվանդների վիճակը ինչ կլինի: Հիմա մենք ուզում ենք բժիշկներին հետ բերենք ու կոպիտ ասած՝ վերականգնենք վիճակը, որ կենդանիները իրենց լավ զգան, անկախ նրանից, թե ով է տնօրենը: Նախկին տնօրենի հետ մենք բավականին հակասություններ ունեինք մասնագետների հարցում, չէինք ուզում հայտարարեինք, փորձում էինք համագործակցության եզրեր գտնել, բայց որ տեսանք, չի ստացվում, դիմեցինք քաղաքապետին, խնդիրները նամակով բարձրաձայնեցինք: 

- Փաստորեն, տնօրենի փոփոխությունը նաև ձե՞ր շնորհիվ եղավ: 

-Կարելի է ասել, բայց մարդիկ էլ դժգոհում էին, ցույցեր էին անում, ու քաղաքապետարանում տեսան, որ խնդիր կա այստեղ: Մենք այդ ցույցերի ժամանակ էլ խորհրդի նիստ արեցինք, խնդրեցինք, որ կադրային ջարդ չանեն, աշխատակիցներին էլ խնդրեցինք, որ հանդարտվեն, բայց հետո տնօրենը սկսեց բոլորին հանել գործից, որը սխալ էր: Այգու աշխատողները տարիների ընթացքում են դառնում մասնագետ, և հասկանալի էր, որ մասնագետներին հանելը բերելու էր կենդանիների անկման: Անկումներն էլ պետք է ուսումնասիրենք, բայց պետք է գնալ առաջ: 

ՀԳ. Կենդանաբանական այգու խորհրդի անդամները երկար ամիսներ այգի չէին մտել: Խորհրդի նիստերը քաղաքապետարանում էին անցկացնում, և հիմա եկել են կենդանիների վիճակը տեսնելու: Կարեն Մանվելյանը կանխատեսում է, որ դեռ էլի անկումներ կլինեն: «Ցավոք, էլի պետք է անկումներ  լինեն, եթե մարդուն ամիսներով կեր չտան, մարդն էլ կհյուծվի: Առհասարակ, ֆորսմաժորային իրավիճակներում կենդանաբանական այգին պետք է կերի պաշարներ ունենա, որ գիշատիչները հանկարծ սոված չմնան»: