Փակ նիստի մանրամասները, կարծում եմ, ճիշտ կլինի հնչեցվի ինիցիատորի կողմից

Փակ նիստի մանրամասները, կարծում եմ, ճիշտ կլինի հնչեցվի ինիցիատորի կողմից

Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է՝ մեկը մյուսի հետեւից հանդիպումներ է ունենում խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ։ Այդ թվում՝ իրեն սուր քննադատող ընդդիմադիրների հետ, Անվտանգության խորհրդի նիստ է գումարում։ Թե երբվանից է Փաշինյանը սկսել հաշվի նստել արտախորհրդարանական ուժերի, հատկապես՝ ընդդիմադիրների հետ, դժվար է ասել։ Երեւի պատերազմը ստիպեց։ Մենք այդ փակ հանդիպումներից բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում եւ տիրապետում ենք ընդհանուր իրավիճակին, թե ինչ են քննարկել, ինչ է ասել Փաշինյանը ընդդիմությանն ու մյուսներին, ինչ վիճակում ենք հիմա մենք, ինչ լուծումներ են առաջարկվում մեզ՝ կանգնեցնելու  պատերազմը եւ այլն։ Բայց այդ ամենը չենք կարողանում գրել ու հասցնել հանրությանը, որովհետեւ «Ռազմական դրության մասին» օրենքով այդ նույն Փաշինյանն ու իր թիմակիցները փակել են մեր բերանը՝ սահմանափակել ձեզ՝ հասարակությանը, տեղեկատվություն փոխանցելու հնարավորությունը։ Չեն խոսում նաեւ հանդիպումներից այլայլված ու նյարդային դեմքերով դուրս եկող ընդդիմադիրները՝ վախենում են, որ Նիկոլն իրենց դավաճան անվանի, եւ ֆեյքերն էլ հարձակվեն իրենց վրա, քարկոծեն։ Համեստորեն լռում են, ինչ-որ օրենքներ են մեջբերում, որ չեն կարող խոսել, իբր պայմանավորվել են փակ հանդիպման մանրամասները չներկայացնել հանրությանը՝ մոռանալով, որ հանրային շահն ավելի բարձր է ցանկացած պայմանավորվածությունից ու սահմանափակումից։

Նախօրեին Փաշինյանը, բացի կառավարությունում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից, նաեւ Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացրել, որին ընդդիմությունից մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ինչն արտառոց է, քանի որ ԱԱԽ-ն նեղ կազմ ունի։ Մեզ ասացին՝ ԱԱԽ նիստում հենց նրանք են առավել ակտիվ խոսել, հարցադրումներ արել, ընդդիմացել, իրենց մտահոգություններն արտահայտել՝ ի տարբերություն իմքայլականների կամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի։ Մենք նրանցից փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ, սակայն նրանք էլ «դուխով» հրաժարվեցին փակագծեր բացելուց։ Բայց տողատակերում որոշ բաներ կարելի է կարդալ ու հասկանալ։

Նախ զրուցեցինք Արման Աբովյանի հետ։

- Պարո՛ն Աբովյան, ի՞նչ եք քննարկել Անվտանգության խորհրդի նիստում։

- Բովանդակային քոմենթ չեմ տա էս պահին, Վահե ջան։

- Իսկ ե՞րբ կտաք բովանդակային քոմենթ, պարոն Աբովյան, թշնամին արդեն հասել է Իշխանաձոր ու մոտենում է Հայաստանի դարպասներին։ Դուք ե՞րբ եք խոսելու, ընդդիմությունը ե՞րբ է խոսելու վերջապես։

- Ընդդիմությունը խոսում է․․․

- Ի՞նչ է խոսում։

- Ամեն ինչ էլ խոսում է, եթե Դուք չեք հետեւում, խնդրում եմ, մտեք՝ թե՛ իմ գրառումները, թե՛ իմ ելույթները մի անգամ էլ ընթերցեք։

- Իսկ ճի՞շտ է, որ ԱԱԽ նիստում խոսվել է, որ ոչ թե Արցախի կարգավիճակի հարցն է քննարկվում, այլ քննարկվում է «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը։

- Ո՞վ ա տենց բան ասել։

- Ես Ձեզ հարցնում եմ՝ հանդիպմանը նման խոսակցություն եղե՞լ է, վարչապետին հարցրե՞լ եք, եթե բանակցում է, ապա ինչի՞ շուրջ է բանակցում։

- Էսպես ասեմ՝ ինքը եղել է ընդհանուր, մեծ քննարկում բոլոր հարցերի, եւ տենց հստակ՝ չէ, տենց չի եղել։ Եկեք սենց անենք՝ գոյություն ունի սենց մի պահ․ Անվտանգության խորհրդի փակ նիստ էր, եւ փակ նիստի մանրամասները, կարծում եմ, որ ճիշտ կլինի հնչեցվի ինիցիատորի կողմից։ Ես, հաշվի առնելով քաղաքական պարկեշտությունը, հիմա չեմ հնչեցնի մանրամասները։

- Շատ լավ, մի՛ հնչեցրեք, բայց մի բան ասեք միայն՝ վարչապետը որեւէ հուսադրող բան ձեզ ասե՞լ է։

- Առանց մեկնաբանության։

Էդմոն Մարուքյանին «բռնեցրինք» ԱԺ-ում՝ իր թիմակիցների հետ խորհրդակցությունից դուրս գալիս։

- Պարո՛ն Մարուքյան, ի՞նչ կարեւոր հարցեր են շոշափվել ԱԱԽ նիստում, որին Դուք էլ եք մասնակցել։

- «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ չեմ կարող Անվտանգության նիստում քննարկված հարցերը բարձրաձայնել։

- Թշնամին արդեն Սյունիքի դարպասների մոտ է, Դուք օրենքներ եք ցիտում, անգամ պետական գաղտնիքի օրենքը բացարձակ չէ։

- Չէ, Դուք ասում եք՝ ԱԱԽ նիստում ի՞նչ է քննարկվել, ես ասում եմ՝ Պետական գաղտնիքի մասին օրենքի համաձայն՝ իրավունք չունեմ ասելու։

- Մինչեւ ե՞րբ եք այդպես օրենքներով «ճնշված» ապրելու, մեզ էլ ճնշելու։

- Օրենքներով բոլորն են ապրում։

- Ձեզ ինչ-որ հուսադրող բան ասե՞լ է վարչապետն այդ նիստի ժամանակ։

- Ես չեմ կարող ասել՝ ինչ է խոսվել։ Կարող եմ ասել հետեւյալը, որ ներկայացվել է իրավիճակ, որի հետ կապված՝ ես մի քանի ելույթ եմ ունեցել, նաեւ հարցեր եմ տվել, կարծիք եմ արտահայտել, բայց բովանդակությունը ես կարող եմ հրապարակել էն պահին, երբ որ դրա վերաբերյալ լինի համաձայնություն։

- Մեզ ասացին՝ ձեզ համար անակնկալ է եղել, երբ իմացել եք, որ մենք արդեն բանակցում ենք ոչ թե տարածքներ՝ կարգավիճակի, այլ տարածքներ՝ խաղաղության դիմաց։

- Ո՞վ է ասում․․․ ոչ, բովանդակությունը ես չեմ կարող բացահայտել։

- Իսկ վարչապետին չե՞ք ասել, որ ինֆորմացիոն բլոկադայի չենթարկի երկիրը, ինչպե՞ս են փորձում իրականությունը թաքցնել, երբ թշամին մեր սահմաններին է մոտեցել, եւ Կապանի ու Մեղրիի քաղաքապետերն են ի զեն կոչում։

- Վահե ջան, վարչապետին շատ բաներ եմ ասել, դրա մասին կխոսեմ, երբ որ կլինի դրա հնարավորությունը։ Հիմա խոսելը կարող է բերել վատ հետեւանքների։

- Ի՞նչ հետեւանքների, պարոն Մարուքյան, հաշվե՞լ եք՝ ո՞ր դեպքում կլինեն ավելի վատ հետեւանքները՝ խոսելու, լռելո՞ւ, թե՞ ուշացած խոսելու դեպքում։

- Հիմա խոսելը կբերի ծանր հետեւանքների, եթե ես հիմա խոսեմ։