Թշնամություն տարածող քաղաքական ուժերին պետք է գնահատական տրվի

Թշնամություն տարածող քաղաքական ուժերին պետք է գնահատական տրվի

«Հրապարակի» զրուցակիցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին գուժում է հնարավոր պատերազմի մասին, անգամ ժամ ու հավանական սցենար նշում: Ասում է, եթե Տավուշից հող չհանձնենք թշնամուն, Ադրբեջանը կհարձակվի Ոսկեպարից, իսկ Թուրքիան` Արմավիրից: Երբ պատերազմի չնչին վտանգի մասին լրատվամիջոցներն են բարձրաձայնում, մեծ վայնասուն է բարձրանում, լրագրողներին թիրախավորվում են, թե խուճապ եւ կեղծ տեղեկատվություն եք տարածում, իսկ իշխանությունը կեղծիք ու խուճապ է տարածում եւ արձագանք չկա:

- Ես կարծում եմ, որ մեր հանրության մեջ, նաև մեդիայում տագնապ տարածելու միտումը կա և տարածված է` ինչ-որ տեղ դա հասկանալի է, քանի որ 44-օրյա պատերազմ ենք ունեցել, ինչից հետո` սրացումներ սահմաններում, գրեթե պատերազմական գործողություններ և այլն: Արդյունքում` այսօր տագնապի զգացողություն կա բոլորի մոտ` իշխանությունների, քաղաքացիների և այլն: Ամեն դեպքում հասկանալի է, որ այստեղ կան քաղաքական լուրջ հակադրումներ, տարբեր կողմեր իրար փորձում են մեղադրել, որ տագնապ տարածելն ունի արհեստական բնույթ, որ այն նեղ քաղաքական շահեր է հետապնդում և այլն: Ամեն դեպքում ես այս ամենն ընկալում եմ որպես ցավալի, սակայն օրինաչափ իրողություն մեր կյանքում:

- Բայց 44-օրյա պետերազմի օրերին լրատվամիջոցներին արգելում էին մեկ բառ անգամ գրել ռազմական գործողությունների մասին: Ինչպե՞ս է ստացվում, որ լրատվամիջոցներին չի կարելի, իսկ իշխանությունների կողմից նման մեծ չափաբաժնով խուճապ տարածելը նորմալ է:

- Ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում` իշխանական, փորձում է իրականացնել այն, ինչ իր շահերից է բխում, դրա համար էլ օգտագործում են բնակչության մեջ համապատասխան տրամադրությունները: Ցավոք, այդ ամենը մեր քաղաքական իրողությունների մասն է դարձել: Մենք տեսնում ենք, որ անգամ այսօր Բրյուսելում կայացած հանդիպման հետ կապված տագնապներ տարածողները շատ էին: Նրանք էլ իշխանության հակադիր ուժերն են, ընդդիմադիր շրջանակներից: Ես միայն կարող եմ ասել, որ դա շատ ցավալի երևույթ է, անթույլատրելի: Չի կարելի մարդկանց մտահոգություններն ու վախերը շահագրգիռ նպատակներով օգտագործել:

- Լրատվամիջոցներին սաստելու ձեւերը հասարակությունը գտել է, երբևէ չե՞ք մտածել իշխանության դեմ պայքարելու մասին:

- Սա էլ մեր քաղաքական կյանքի բևեռացվածությամբ է պայմանավորված: Մարդիկ այսօր երկխոսության պատրաստ չեն, պատրաստ չեն համատեղ լուծելու ազգային և պետական խնդիրները, սա նորություն չէ, արդեն վաղուց է այդպես ու շատ ցավալի է: Թե լրատվամիջոցներում և թե քաղաքական կյանքում պետք է արվեն այդ փոփոխությունները, սակայն առայժմ ոչ մեկը նման քայլեր չի ձեռնարկում: Ես կհամաձայնեմ Ձեզ հետ, եթե ասեք, որ նախաձեռնողականությունը պետք է իշխանության կողմից լինի և հիմնական հարթակը, որտեղ բևեռացվածությունը պետք է հաղթահարվի` խորհրդարանն է, սակայն ցավոք, ոչինչ այդ առումով տեղի չի ունենում, ինչը լուրջ խնդիր է: Եթե անվտանգության համակարգի ամրապնդման մասին ենք խոսում, ապա շատ կարևոր է երկխոսությունը….

- Այժմ, եթե լրատվամիջոցները գրեն, որ պատերազմ է տեղի ունենալու, վստահաբար բոլորը կդատապարտեն: Ինչո՞ւ Փաշինյանին էլ չեք դատապարտում:

- Եթե նման տեղեկություններ տարածվեն, որոնք հիմքեր չունենան, փոխարենն ունենա խուճապ տարածելու միտում, կարծում եմ, այո, կլինեն համապատասխան հայտարարություններ: Եթե խոսքը լրատվամիջոցների մասին է, ապա կարծում եմ` ինքնակարգավորման մարմինները պետք է զարգացնել, որպեսզի անկախ նրանից, թե տվյալ լրատվամիջոցը որ քաղաքական ճամբարին է հարում, պետք է ունենա պրոֆեսիոնալիզմ ու հետևի էթիկական ստանդարտներին: Պետք է աշխատել ի շահ հանրության:

- Իսկ քաղաքական ուժերի մասին ի՞նչ կասեք:

- Դե հիմնականում նրանք են թելադրում օրակարգը մեզ մոտ, նույն էթիկական սկզբունքները պետք է նաև նրանց մոտ լինեն, օրինակ` խորհրդարանում: Մենք բազմիցս նշել ենք, որ խորհրդարանում ի վերջո պետք է աշխատի էթիկայի հանձնաժողովը: Թշնամություն տարածող քաղաքական ուժերի գործողություններին և հայտարարություններին պետք է գնահատական տրվի: