Բանակում չծառայելու համար քանի մարդ է գտնվում հետախուզման մեջ

Բանակում չծառայելու համար քանի մարդ է գտնվում հետախուզման մեջ

Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած։ Նախագծով առաջարկում եմ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 10 միլիոն դրամ, հինգերորդ՝  զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից։ 

«2004 թվականից մինչև 2019 թվականը գործել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին» օրենք, որը հնարավորություն էր տալիս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին վճարել 200 հազար դրամ ամեն բացակայած զորակոչի համար և ազատվել պատասխանատվությունից։ Առավելագույնը 3,6 միլիոն դրամ վճարելով սույն խմբի քաղաքացիները ազատվում էին քրեական պատասխանատվությունից։ Այս օրենքից օգտվել է 10 հազար քաղաքացի։
2021 թվականին, երբ երկու տարի որևէ կարգավորում չկար, Ազգային ժողովն ընդունեց «Համաներման մասին» օրենք, որից օգտվեցին 1360 քաղաքացիներ՝ չվճարելով որևէ գումար և չծառայելով որևէ օր, ազատվեցին քրեական պատասխանատվությունից։ Եթե այն ժամանակ համաներման փոխարեն ընդունվեր իմ կողմից առաջարկվող կարգավորումները, ապա կունենայինք 10 միլիարդ հավելյալ մուտքեր պետական բյուջե և հազարից ավել զինծառայողներ մեր զինված ուժերում։

Այսօր բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 5 հազարի 27 տարին լրացած է և ցանկության դեպքում նրանք անգամ չեն կարող ծառայել։ Չեմ ցանկանում, որպեսզի մենք երբևէ նորից անենք համաներում այս անձանց պատասխանատվությունից ազատելու համար, բայց և չեմ ցանկանում 5 հազար քաղաքացիների դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ դրանից մեր երկիրը ոչ միայն չի շահի, այլև մենք նրանց հայտնաբերելու, դատապարտելու և կալանքի տակ պահելու համար մեծ գումարներ կծախսենք։ Այստեղից է գալիս օրենսդրական նախաձեռնության իմաստը՝ տալ այս անձանց հնարավորություն օգտակար լինել իրենց պետությանը՝ պետության համար բեռ դառնալու փոխարեն։Եթե  27 տարին լրացած քաղաքացիներին չընձեռվի նախագծով առաջարկվող հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նրանք չեն վերադառնա հայրենիք մինչև 37 տարին լրանալը, քանի որ 37 տարեկանում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը անցնելու հիմքով, սակայն հասկանալի պատճառներով նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադառնալու ցանկությունը, իսկ վերադարձողները և չեն ծառայի, և գումար չեն վճարի»,- պնդեց նա։