Տականքների հաղթանակը ազգային էլիտայի մեղքն է

Տականքների հաղթանակը ազգային էլիտայի մեղքն է

Շատերի մոտ է այս հարցը ծագում՝ բոլոր ազգերն ու ժողովուրդներն էլ ունեն իրենց տականքները, բայց մեր երկիրն ու ժողովուրդն ունի նաեւ իրեն հոշոտող հրեշներ։ Հանրության մեջ, այսպես ասած, կոմպետենտ մարդիկ, այսինքն՝ նրանք, ովքեր սրիկային ու հրեշին պետք է տարբերակեին մարդուց ու այդ մասին հանրային անհանդուրժողականության մշակույթ ձեւավորեին, իրենց ֆունկցիան ո՛չ հասկանում են ու ո՛չ էլ իրացնում։ 

Ավելին՝ երբեմն ակնհայտ տականքին, ճիվաղին հերոս եւ կուռք են հռչակում, դիմացը չոքում ու երկրպագում։ Եվ հակառակը՝ արժանի մարդուն պախարակում են, օր ու արեւ չեն տալիս, ստիպում են, որ պասիվանա, հեռանա ասպարեզից։

Նորմալ ազգերը հրեշներ չունեն ոչ թե այն պատճառով, որ իրենց մեջ հրեշներ չեն ծնվում, այլ այն պատճառով, որ հրեշի դեմն առնելու ներհանրային հզոր մեխանիզմներ ունեն՝ ի դեմս սթափ, սկզբունքային էլիտար շերտի, որն ունակ է շատ ավելի խոր դիտարկելու եւ զատելու լավն ու վատը, հանրությանը մատնացույց անելու դա՝ որպես անմարդկային, անօրինական։ Այնպես որ՝ մեզանում ստեղծված «ախպերականի» առկայությունն այդ ախպերականի շնորհքը չէ, այլ մեր շնորհքն է, մեր մեղքը, մեր էլիտար կոչված պնակալեզների, ծանր նժարին կանգնող մորթապաշտների ու տգետների մեղքն է, որոնք ընդամենն ազգային էլիտայի կոստյում հաջողացրած այդ ախպերականի անսկզբունք, անինքնասեր ու վախկոտ տեսակն են։

Շարքային քաղաքացիները, հասարակ մահկանացուներն այդ առումով մեղք չունեն, Աստված նրանց այդքան է տվել։ Բայց ահա ազգային էլիտայի, ազգային մտավորականության առումով պատկերը լիովին այլ է։ Ու այդ խեղումը մի օրում չի գոյացել, ոչ էլ մի քանի տասնամյակներում։ Ցավոք, դա շատ հին ու ազգային հիվանդություն է։ Դեռեւս մեկ դար առաջ Վահան Տերյանը գրել է. «Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները...»։

Իրեն հարգող ցանկացած ազգ, ցանկացած քաղաքակիրթ, արժանապատիվ երկիր ընդգծված բացասական, մերժողական վերաբերմունք ունի «դավաճանություն» երեւույթի հանդեպ, եւ դա ոչ միայն ամրագրված է օրենքով, այլեւ չգրված օրենքի պես դաջված է յուրաքանչյուր քաղաքացու գլխում։ Գաղտնիք չէ, որ դավաճանություն երեւույթը բացակայում է մեր հարեւան, հակառակորդ երկրում։ Բանավոր ու գրավոր աղբյուրներից հայտնի է, օրինակ, որ Թուրքիայում կամ Ադրբեջանում դավաճանության մեջ ոչ միայն մեղադրվողին, այլեւ անգամ կասկածվողին հիմնականում պատժում է ժողովուրդը, քաղաքացիները։ Ինչպես ասում են՝ առանց դատ ու դատաստանի։ Պատժում, երբեմն էլ վերացնում են անգամ դավաճանի ընտանիքը, որպեսզի դա դաս լինի բոլոր նրանց համար, ում մտքով հանկարծ կարող է անցնել դավաճանել սեփական երկրին ու ժողովրդին։ Իսկ ահա մեզանում միայն մամուլից կարելի է բազմաթիվ օրինակներ բերել՝ պետական դավաճանության մեղադրանքով կասկածվողների առումով։
Երեւի բոլոր ազգերն էլ ունեն իրենց «տականքը» բնորոշող հատուկ բառ եւ դա ամենուրեք մոտավորապես նույն իմաստին են վերագրում: Այսինքն, հասարակական առումով տականքն այն անհատն է, որը մեկուսացած է հասարակականից, բայց գործելով աննկատ, իրականում մակաբույծի պես խոչընդոտում է հանրային, հասարակական կյանքին։ Նժդեհի ու դեռ մեր պապերի նկատած տականքը կամ ռուսների ասած՝ чернь-ը, կամ անգլիացու trash-ը, նույն մարդկային աղբն է, որը թունավորում է շրջապատի կյանքը, ընտրություն է կեղծում, սրիկայություն է անում, կաշառակեր է, աշխատանքի ընդունելու համար փող (կաշառք) է վերցնում, թալանում է, մեր որդիներին տանում է բանակ, բայց դիակն է հետ վերադարձնում, ուրիշի արյունով նվաճվածի վրա միլիոն է սարքում ու մարդկանց ստրկացնում:

Ես՝ ինքս գտնում եմ, որ ի պաշտոնե մի դրամ կաշառք վերցնողն էլ պետք է տականք որակվի, որովհետեւ ինքը հենց դրա ակնկալիքով է մտել այդ համակարգ: Բայց, օրինակ, եթե բժիշկը միլիոն էլ վերցնի, դա կաշառք չէ. դա նրա ծառայության գինն է: Իսկ քաղաքապետարանի աշխատողի, ոստիկանի, դատախազի մի դրամ վերցրածը պետք է կաշառք որակվի: Այդպիսիք տականք են՝ առանց քննարկման:

Ընդհանրացնեմ՝ սրիկայությունը, տականքությունը, դավաճանությունը, հրեշությունը բացակայում են այնտեղ, որտեղ կա ազգի սերուցքից կազմավորված էլիտա, բոլորի համար օրենքը մեկն է եւ անխափան գործում է, իսկ տվյալ երկրի բնակչությունը ժողովուրդ լինելուց բացի նախեւառաջ քաղաքացի է՝ իր իրավունքներով ու պարտականություններով հանդերձ։

Գարեգին Վարդանյան