Հարց` ի՞նչ անի Պողոսը

Հարց` ի՞նչ անի Պողոսը

Պողոսն աշխատում է երկու տեղ՝ գրանցված, եւ ամեն ամիս պետությունն օրենքի շրջանակներում նրանից գանձում է իր եկամուտների 44%-ը՝ ամեն աշխատատեղից ստացվող աշխատավարձի 22%-ը։ Պողոսը երկու տեղից միասին ստանում է 240 հազար դրամ եւ իր խնամքին ունի 3 անչափահաս երեխա ու կին, որը չի աշխատում: Կինը զբաղվում է երեխաների դաստիարակությամբ եւ խնամքով։ Ստացվում է այնպես, որ Պողոսը կերակրում է 5 հոգու` երեխաներին, կնոջն ու իրեն, բայց երկու տեղ աշխատելով նա չի կարողանում հոգալ գոնե իր ընտանիքի անդամների լիարժեք սնվելու կարիքները: Չի վաստակում այնքան, որ գոնե սպառողական զամբյուղի՝ պետության սահմանած չափորոշիչների միջին մակարդակ կարողանա ապահովել իր ընտանիքի անդամների համար։ Պետության կողմից սահմանված նորմերով` միջին պարենային զամբյուղը` մեկ անձի համար, 78 հազար դրամ է, այսինքն` անձը պետք է ամսական 78 հազար դրամ եկամուտ ունենա, որ իր նվազագույն հոգսերը կարողանա հոգալ։

Պողոսի երկու աշխատատեղից ստացվող 240 հազար դրամ աշխատավարձը եթե բաժանես հինգի, ստացվում է 48 հազար դրամ: Հարց է առաջանում` որտեղի՞ց գտնել եւս 35 հազար դրամ, որը կլրացնի ընտանեկան բյուջեն եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կապահովի 78 հազար դրամ, որ կբավարարի նրանց սնվելուն եւ այլ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար նվազագույն չափորոշիչներին։  

Պողոսը գտել է սոցիալական դաժան խնդիրները մեղմելու մի տարբերակ` նա ծնողներից ժառանգություն է ստացել երկու փոքրիկ բնակարան, որոնցից մեկում ինքն է բնակվում՝ իր ընտանիքով, իսկ մյուսը տվել է վարձակալության` 130 հազար դրամով։ Այս վարձի գումարը, իհարկե, լիարժեք չի լուծում Պողոսի եւ նրա ընտանիքի սոցիալական խնդիրները, սակայն ինչ-որ չափով մեղմում է իրավիճակը: Բայց իր քաղաքացիների, այն էլ Պողոսի անչափահաս երեխաների մասին ոչ մի հոգ չտանող պետությունը որոշել է այս եկամտի գլխին էլ քար գցել` 2024 թվականից 3 հոդվածով հարկել Պողոսին՝ բնակարանը վարձակալության տալու համար, եւ այստեղ Պողոսը կունենա նվազ եկամուտների էլ ավելի նվազում: Եվ այս պետությունը, որը ոչ մի կերպ չի մասնակցում Պողոսի հոգսերի թեթեւացմանը, ոչ մի սոցիալական օժանդակություն չի ցուցաբերում՝ չի բարձրացնում նվազագույն կամ բազային աշխատավարձը, տարիքային կենսաթոշակը, երեխաներին նպաստներ չի տրամադրում, որոշել է ավելացնել հարկային բեռը Պողոսի վրա, այն էլ՝ անզուսպ գնաճի ֆոնին։

Հարց՝ ի՞նչ անի Պողոսը։