Հայաստանի համար ճակատագրական 2013 թվականը

Հայաստանի համար ճակատագրական 2013 թվականը

«Դեկտեմբերի 9-ը խորհրդանշական օր է «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Քանի որ 10 տարի առաջ՝ 2013 թվականի այս օրը հայտարարվել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման կառավարման խորհրդի ձեւավորման մասին, եւ սա մեր կուսակցության հիմնավորման օրերից մեկն է»,- դեկտեմբերի 9-ին Իջեւանում տեղի ունեցած ՔՊ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: 2013 թվականը խորհրդանշական տարի էր Հայաստանի համար, այդ տարի դրվեց 2018-ին իրականացված հակասահմանադրական հեղաշրջման եւ դրան հետեւած հետագա ողբերգական իրադարձությունների հիմքը: Նիկոլ Փաշինյանին վերապահված էր այդ իրադարձությունների գլխավոր դերակատարումը, բայց սցենարը գրվել էր այլ տեղ, եւ մյուս խաղացողներին էլ իրար գլխի էին հավաքել բոլորովին այլ ուժեր: 

2013 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը եւ մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը՝ դառնալով ԵԱՏՄ համահիմնադիր: Մինչ այդ Հայաստանի իշխանությունները մոտ 4 տարի ակտիվորեն բանակցում էին Եվրամիության հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ, որը պետք է ստորագրվեր 2013 թ. նոյեմբերի 29-ին՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: 2 ամիս առաջ Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարեց ԵՄ տանող ճանապարհից եւ գնաց ԵԱՏՄ ուղղությամբ: Հետո պիտի պարզվեր, որ այդ շրջադարձը ժամանակավոր էր, Հայաստանը կարճ ժամանակ անց նոր կտրուկ շրջադարձ էր կատարելու, ավելի ճիշտ` Հայաստանը գլխիվայր շուռ են տալու:

Ռուսաստանում արված հայտարարությունից ուղիղ մեկ օր հետո վերադառնալով Հայաստան՝ Սերժ Սարգսյանը մեկ այլ հայտարարություն արեց. Հայաստանում հերթական անգամ փոխվում է Սահմանադրությունը: Ապա ձեւավորեց Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, եւ հանձնաժողովի պատրաստած Սահմանադրության նախագիծը 2015 թվականին դրվեց քվեարկության ու ընդունվեց: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում փոխվեց կառավարման կարգը` կիսանախագահականից անցում կատարվեց խորհրդարանական կառավարման համակարգի: Որքան էլ տարօրինակ թվա, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը նախագահական համակարգի կողմնակից է, բայց թե ինչու է որոշել փոխել իր համար հոգեհարազատ կառավարման համակարգը, այնքան էլ պարզ չէր: Սարգսյանի ընդդիմախոսները հայտարարում էին, որ սահմանադրական փոփոխությունների ամբողջ իմաստը նրա` նախագահական լիազորությունների ավարտից հետո իշխանության ղեկին մնալու մեխանիզմի ստեղծումն է: Մինչեւ 2015 թվականը գործող Սահմանադրության համաձայն, միեւնույն անձը կարող էր նախագահ ընտրվել միայն 2 անգամ, իսկ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նման սահմանափակումը վերանում է. եթե քո գլխավորած կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում, կարող ես կառավարություն ձեւավորել անվերջ:

Բայց 2014-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի հավակնելու երրորդ անգամ գլխավորել իշխանությունը եւ ընդհանրապես համարում է, որ միեւնույն մարդը 2 անգամից ավելի չպետք է երկիր ղեկավարի: Այդ դեպքում ինչո՞ւ էր փոխում Սահմանադրությունը, եթե դա չէր արվում իր համար` իր իշխանությունը երկարաձգելու համար: Գուցե սահմանադրական փոփոխությունները կոմպրոմի՞ս էին Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ. 2013 թ. սեպտեմբերի 3-ին Սարգսյանը ՌԴ նախագահի ներկայությամբ հայտարարում է Մաքսային միությանը միանալու մասին, իսկ մեկ օր անց, որպես Արեւմուտքին զիջում, հայտարարում է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու եւ երկրում կառավարման կարգ փոխելու մասին: Արեւմուտքում գիտեին, որ միայն խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում է հնարավոր երկրում սահուն հեղաշրջում իրականացնել կամ լեգիտիմացնել իշխանազավթումը:
Կարո՞ղ էր Փաշինյանն ընտրությունների միջոցով գալ իշխանության․ միանշանակ՝ ոչ:

2017 թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ 3 կուսակցություններից կազմված «Ելք» դաշինքը, նույնիսկ իշխանության զգալի աջակցությամբ, կարողացավ խորհրդարան անցկացնել ընդամենը 9 պատգամավոր: Եթե Հայաստանում պահպանվեր կառավարման նախագահական համակարգը, Փաշինյանը որեւէ շանս չէր ունենա ընտրապայքարում հաղթել իշխանության նախագահի թեկնածուին: Միայն կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում հնարավոր եղավ կազմակերպել կառավարվող առնետավազք եւ խորհրդարանում ստեղծել նոր մեծամասնություն, որն իրականում չէր արտահայտում հասարակության ընդհանրական քաղաքական դիրքորոշումը, բայց կեղծ լեգիտիմություն էր հաղորդում նոր իշխանությանը`ընտրվել է խորհրդարանի կողմից, այն էլ միայն երկրորդ փորձից:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այն պահին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, սկսվել է նոր իշխանության ձեւավորման գործընթացը: 2013-ին Նիկոլ Փաշինյանը չուներ այդքան հեղինակություն եւ ճանաչում՝ կուսակցություն ստեղծելու համար, հնարավոր է, որ նա ՔՊ ապագա անդամներին նույնիսկ չի էլ ճանաչել, բայց նրան քաղաքական թիմ ձեւավորելու հարցում օգնել են: 2013 թ. դեկտեմբերի 9-ին դրվել է Հայաստանում իշխանազավթման սկիզբը: Արեւմուտքի կողմից հովանավորվող եւ վերահսկվող իշխանության հիմնական խնդիրը պետք է լիներ Հայաստանն ազատել Ռուսաստանի ազդեցությունից, իսկ դա հնարավոր էր անել միայն Արցախի հարցը լուծելու միջոցով: Իսկ Արցախի հարցի լուծման արեւմտյան մոդելին մենք ականատես եղանք ՔՊ-ի իշխանության գալու 5 տարիների ընթացքում: Փաշինյանը եւ ՔՊ-ական վերնախավն իշխանության գալով գիտեին, որ հայաթափելու եւ Ադրբեջանին են հանձնելու Արցախը: Քանի դեռ Արցախը կամ գոնե դրա մի մասը գտնվում էր Հայաստանի հսկողության տակ, Ռուսաստանն ազդեցության լծակ ուներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ: Այդ լծակը վերացնելու համար պետք էր հայաթափել եւ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել Արցախը: Փաշինյանը հաջողությամբ լուծեց այդ խնդիրը, իսկ Արեւմուտքը նրան օգնում է՝ պահելու իշխանությունը:

Փաշինյանն Իջեւանում հայտարարեց, որ հիմա իրենք անցնում են նոր խնդրի լուծման` Հայաստանի անկախության, ինքնիշխանության, պետականության ամրապնդման: Սա պետք է հասկանալ որպես Հայաստանը Ռուսաստանի վերջնական ազդեցությունից ազատելու, ռուսական ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս բերելու, ռուսական ռազմական ներկայությունից ազատվելու ծրագիր: Թե այս խնդրի լուծումն ինչ արհավիրքներ կբերի հայ ժողովրդի գլխին եւ ինչ կարժենա Հայաստանին, կարող ենք միայն գուշակել՝ աչքի առաջ ունենալով Արցախի օրինակը: Բայց դա Արեւմուտքին ու Փաշինյանին առանձնապես չի հետաքրքրում, կարեւորը՝ որ Ռուսաստանի ազդեցությունը վերանա, թեկուզ Հայաստանի ոչնչացման հաշվին:

ՀԳ. Կարող է հարց առաջանալ` եթե Փաշինյանը եւ նրա կողմնակիցներն իշխանության գալով գիտեին, որ պետք է Ադրբեջանին հանձնեն Արցախը եւ հայաթափեն, ինչո՞ւ էր Փաշինյանը 3-4 տարի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ամրագրման մասին կամ Ստեփանակերտի հրապարակում գոռում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այս հարցի պատասխանը եւս տվեց իջեւանյան միջոցառման ժամանակ` «այդ մասին, հաջորդ դասին»:

Ավետիս Բաբաջանյան