Խնդրում եմ երբեւէ ինձ թույլ չտաք դառնալ Սերժ Սարգսյան. Նիկոլ Փաշինյան, 2008 թ. 

Խնդրում եմ երբեւէ ինձ թույլ չտաք դառնալ Սերժ Սարգսյան. Նիկոլ Փաշինյան, 2008 թ. 

2008-ի սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթում ծավալուն հոդված էր հրապարակել՝ «Ինչպիսի իշխանություն եմ ուզում» վերնագրով։ Նրա հոդվածի առանցքային մտքերից կարելի էր պատկերացում կազմել, թե ինչից էր նա խուսափում եւ ինչ դարձավ։ Մեջբերումներ անեմ հոդվածից․ «․․․Գիտե՞ք ամենաշատն ինչն է զարմացրել այդ աշխատասենյակներում (նկատի ունի պաշտոնատար անձանց` Պ. Մ.)՝ բոլորովին ուրիշ իրականություն է, որը կապ չունի այն ամենի հետ, ինչ տվյալ պահին տեղի է ունենում դրսում։ ․․․Գտնվելով այնտեղ՝ մեկ ժամ անց կորցրել եմ իրականության զգացումը, որ չեմ պատկերացնում՝ ինչ է կատարվում դրսում։ Կաբինետային իշխանական իրականությունը, որը ոչ մի աղերս չունի դրսի իրականության հետ․․․»։ Այնուհետեւ շարունակում է լավ եւ ազնիվ մարդկանց իշխանության մեջ ներգրավելու անիմաստ լինելը «հիմնավորել»։ 

«․․․Որ պրոբլեմը համակարգային է, հասկանում ես, որ ինքդ էլ տվյալ կաբինետում հայտնվելով, կարող ես դառնալ նույնպիսին, համենայնդեպս, երաշխավորված չես դրանից։ Հասկանում ես, որ լավ մարդկանցից կազմված իշխանության մասին երազելը մի կատարյալ հիմարություն է։ Հասկանում ես, որ լավ ու վատ, ազնիվ ու անազնիվ հասկացությունները հարաբերական են․․․ Եվ ուրեմն ի՞նչ անել, ինչպե՞ս լուծել այս թնջուկը։ Լուծումը կարծես ակնհայտ է, անհրաժեշտ է քանդել իշխանական կաբինետներն իրականությունից բաժանող պարիսպները։ ․․․Թեկուզ ազատ եւ արդար ընտրություններով ձեւավորված իշխանությունը միայն մի բան է ուզում՝ հանգիստ աշխատել։ Եվ ահա այս հանգիստ աշխատելու մղումից էլ սկսվում է ամեն ինչ։ Ով չի թողնում, որ դու հանգիստ աշխատես, նա դառնում է թշնամի․․․»։

Այնուհետեւ շարունակում է ներկայացնել բանաձեւը, թե ինչպես չդառնալ Սերժ Սարգսյան։ «․․․Այս պայմաններում, երբ հանրությունը պաշտոնյաներին թույլ է տալիս անարգել լկտիանալ, մենք չենք ուզում հավակնել իշխանության, որովհետեւ չենք ուզում դառնալ այս իշխանությունների նման։ Այս պայմաններում ես չեմ հավակնի իշխանության, որովհետեւ չեմ ուզում դառնալ Սերժ Սարգսյան։ ․․․Մարդը մեղսագործ է, եւ խնդրում եմ երբեւէ ինձ թույլ չտաք դառնալ Սերժ Սարգսյան, մեզ թույլ չտաք դառնալ այնպիսին, ինչպիսին են այսօրվա իշխանությունները․․․»։
 Նիկոլի ներկայացրած տեսակետները կարելի է խմբավորել հետեւյալ կերպ.

1. Նա 2008-ին գտնում էր, որ պետք է քանդել իշխանական կաբինետները եւ իրականությունն իրարից բաժանող պատերը, իրականում՝ Նիկոլն իշխանության գալուց անմիջապես հետո կորցրեց իրականության զգացողությունը, էլ ավելի ամրացրեց ու խորացրեց բաժանումը եւ բոլոր ահազանգերն ընկալում է որպես թշնամանք։

2. Ըստ Նիկոլի՝ լավ, ազնիվ մարդկանց իշխանության մեջ ներգրավելն իմաստ չունի, որովհետեւ գործող համակարգում այդ մարդիկ ոչինչ չեն կարող փոխել։ Նիկոլը չի հասկացել, որ դարեր շարունակ չունենալով պետականություն, եթե կառավարման համակարգը ձեւավորում են լավ ու ազնիվ մարդկանցով, ապա այն ծառայում է հանրությանը, իսկ Նիկոլը նախընտրեց պահել 1995-ից ձեւավորվող քրեաօլիգարխիկ համակարգը, որտեղ, բնականաբար, լավ, ազնիվ մարդիկ պահանջված չեն եւ անելիք չունեն։

3. Հաջորդ արձանագրումը. նրանք, ովքեր խոչընդոտում են իշխանությունների հանգիստն ու վայելքները, հայտարարվում են իշխանության թշնամի, ինչի ականատեսն ենք այսօր. ազգը բաժանված է յուրայինների եւ թշնամիների։

4. Հոդվածում Նիկոլն իր` «Սերժ Սարգսյան դառնալու» հնարավոր փոխակերպման համար մեղավոր է ճանաչում հանրությանը՝ ասելով, որ հանրությունը չպետք է թույլ տա, որ ինքը դառնա Սերժ Սարգսյան։
2018-ից Նիկոլն ու իր խմբակը, համոզված լինելով, որ հանրությունը չունի անհրաժեշտ դիմադրողականություն` իշխանավորներին զսպելու, ընտրեցին լկտիանալու ճանապարհը եւ երկրաչափական պրոգրեսիայով սկսեցին ընթանալ Սերժ Սարգսյանի ճանապարհով՝ շատ արագ գերազանցելով նրան, իսկ իրենց իշխանությունը շատ ավելի վատն է, քան նախկիններինը, որովհետեւ իր ուզած իշխանության ձեւավորման ճանապարհին գործում են կիսատ-պռատ, անպատասխանատու, չհասկանալով, թե ինչ են ուզում ու ինչ արդյունք են ստանում: Շատ դեպքերում գործում են օտարի հոգեբանությամբ՝ արդյունքում ձեւավորելով իմիտացիոն ժողովրդավարություն, ընտրովի արդարադատություն եւ կոռուպցիայի դեմ պայքար, համատարած անարդարության ու անզորության զգացողության միջավայրում կազմաքանդելով անվտանգային համակարգը, բայց անամոթաբար չստանձնելով ու չունենալով մեղքի եւ պատասխանատվության զգացում։

ՀԳ․ 2018-ից, երբ Նիկոլը նախկին իշխանությունների մաֆիոզ ու հանցագործ ներկայացուցիչներին նշանակեց պատասխանատու պաշտոնների, հրաժարվեց անցումային արդարադատության իրականացումից, տասնյակ տարիների թալանը հետ չբերեց, փոխարենը պահպանեց օլիգարխիկ համակարգը, եւ իրենք սկսեցին ներքաշվել կոռուպցիայի մեջ, իսկ բոլոր քննադատություններն ընկալվում էին որպես թշնամանք, վերջնարդյունքում նա դարձավ շատ ավելի վատը, քան Սերժ Սարգսյանն էր։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ