Նո՞ր համազգեստն է ուժ տալու զինվորին

Նո՞ր համազգեստն է ուժ տալու զինվորին

Կարծում եմ՝ շատերն են հիշում «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարի հերոսներից Երվանդի անմահ ռեպլիկը․ «Քեզի կոստյո՞ւմն է, որ պիտի զարդարե»։ Եվ Սերոբի պատասխանը՝ «Այսինքն, ճիշտ ես ասում»։ Բայց դեմ գնալով կինոնկարի հերոսների մտածողությանը՝ 44-օրյա պատերազմում հաղթանակած ու Արցախը պաշտպանած իշխանությունը նախորդ տարեվերջին հայտարարել էր զինվորականների համար նոր «կոստյում» (իմա՝ համազգեստ) պատրաստելու մասին։ Որքան հասկանում եմ, նոր համազգեստը պետք է համապատասխաներ նոր իրողություններին, այսինքն՝ զարդարեր այն կրողներին։ Ինչպես տեսնում եք, վերն ասվածը դառը սարկազմ էր, սակայն ուրիշ ինչ բացատրություն կարող էր ունենալ համազգեստը փոփոխության հարցի արծարծումը։

Բայց պարզվում է, որ այն «հիմնավորված» է․ ՀՀ ԶՈՒ-ում ներդրվելիք նոր համազգեստը պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի չափորոշիչներին։ ՊՆ-ում ուսումնասիրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները։ Եվ, ենթադրաբար, կառաջնորդվեն հունական տարբերակով։ Արևմտյան կողմնորոշումը որդեգրած գործող իշխանության վարքագծի տեսակետից նոր համազգեստին անցումը թվում է բնական։ Թեև կողմնորոշման փոփոխությունը հյուսիսից դեպի արևմուտք տեղի է ունենում զիգզագաձև շարժումով։ Խոսքը վերջերս դեպի Ռուսաստան նիկոլական իշխանության կիսաշրջվելու մասին է։ Ինչի պատճառն արևմտյան հարթակներից թշնամի երկրի ղեկավարի հրաժարումն էր ու դեպի հյուսիս շրջվելը։ Ինչն անմիջապես գնահատվեց ռուսական կողմից, որն էլ առաջարկեց հանդիպում կազմակերպել խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։  

Վերադառնալով համազգեստի հարցին՝ ասեմ, որ ես ո՛չ դիզայներ եմ և ո՛չ էլ ռազմական գործի գիտակ։ Բայց շուրջ երկու տարի անընդհատ հետևելով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ տեսնում եմ, որ ռազմի դաշտում համազգեստի գործոնն ամենակարևորներից չէ։ Ուկրաինական բանակն, օրինակ, վաղուց է կրում ՆԱՏՕ-ական չափորոշիչներին համապատասխան համազգեստ։ Սակայն այդ համազգեստի շնորհիվ չէր, որ 2022 ամառային-աշնանային շրջանում նա մեծ հաջողություններ գրանցեց արևելյան և հարավային ճակատներում։ Դրա պատճառը ռուսական պաշտպանական գծի ընդհատությունն էր՝ առանձին դիրքերի տեսքով։ Եվ կրկին այդ համազգեստը չէր մեղավորը, երբ դրանից մեկ տարի անց տապալվեց հարավային ճակատում նախաձեռնված ուկրաինական հակահարձակումը։ Այս դեպքում էլ պատճառը պաշտպանական «Սուրովկինի գծի» անընդհատությունն ու խորությունն էր՝ որպես նախորդ տարվա անհաջողությունից քաղված դասի արդյունք։

Լավ, եթե համազգեստը չէ, որ պետք է պայմանավորի հաջողությունը ռազմի դաշտում, ապա ինչո՞ւ է այն մղվել առաջին պլան՝ ստվերում թողնելով բանակի արդիականացման առանցքային գործոնները։ Ասենք թե հենց զինված ուժերի սպառազինությունն ամբողջովին ՆԱՏՕ-ականին համապատասխանեցնելու հարցը։ Որովհետև այն, նախ, ձևական է և ապա՝ մեծ ծախսեր չպահանջող։ Իսկ ձևականությունը, ինպես գիտենք, գործող իշխանության այցեքարտն է։ Դրան գումարած այն հանգամանքը, որ բանակի սպառազինության համալրման նպատակով Ռուսաստանին հատկացված 400 միլիոն դոլարի գումարը, ինչպես պարզվեց, համարյա ամբողջությամբ վերածվել է համապատասխան ապրանքի։ Դրան էլ գումարենք հնդկական կամ, ինչպես իրենք են հիմա պաշտոնապես իրենց անվանում, բհարատական հրանոթների ու հրթիռների առաքման հանգամանքը։ Ինչը նշանակում է, որ առաջիկա տասնամյակում ՆԱՏՕ-ական չափորոշիչներին համապատասխան արևմտյան սպառազինություն մեր բանակը չի կարող ունենալ։