Քարվաճառում բնակվելու համար հերթագրում են ցանկացողներին

Քարվաճառում բնակվելու համար հերթագրում են ցանկացողներին

Ադրբեջանի Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեն սկսել է հերթագրել սոցիալապես անապահով ադրբեջանցիներին, ովքեր ուզում են բնակություն հաստատել արցախցիներից խլված տարածքներում: Նրանք ցանկություն են հայտնում Քարվաճառ վերադառնալ եւ այնտեղ վերաբնակվել: Արդեն մեծ հերթ է գոյացել եւ հերթագրվածներն արդեն տեւական ժամանակ սպասում են իրենց հերթին, սակայն, այդ հերթը իրենց չի հասնում, քանի որոշ արտոնյալներ բնակարանների ու «վիլլաների» տեր են դարձել մի քանի բնակավայրերում:  

Ադրբեջանցի Սադիկ Մամեդովը տեղական լրատվամիջոցներին ասում է. «Վերադարձի առաջին ցուցակում կան մի քանի վայրերում բնակարաններ և վիլլաներ ունեցողների անուններ: Հոգնել եմ ավելի քան 30 տարի առանց գազի և հարմարությունների հանրակացարանում ապրելուց: Ուզում եմ վերադառնալ Քալբաջար, բայց իմ անունը ներառված չէ առաջին վերադարձի ցուցակում»։
46-ամյա Սադիկ Մամեդովն էլ ասում է. «31 տարի է՝ ապրում ենք հանրակացարանում, թշվառ պայմաններում: Ես 14 տարեկան էի, երբ ստիպված էինք լքել մեր գյուղը։ Այդ ժամանակվանից մենք հաստատվել ենք Գյանջայի զինվորական ճամբարի հանրակացարանում։ Այս հանրակացարանի մարդիկ հիմնականում տեղահանվածներ են: Սովորական գազ չկա։ Շենքը վատ վիճակում է։ Պատերը քանդված են, կոյուղաջրերը հոսում են նկուղ, հակասանիտարական վիճակ է։ Ներկայումս մենք ապրում ենք այս իրավիճակում իմ ընտանիքի հետ, այդ թվում՝ իմ երկու փոքր երեխաների հետ»:
Ըստ Ադրբեջանի Փախստականների եւ տեղահանվածների կոմիտեի, առաջին վերադարձի ժամանակ նախապատվությունը պետք է տրվի ծանր իրավիճակում գտնվողներին: Իսկ առաջին վերաբնակեցումը Քելբաջար նախատեսված է մայիսին։ Ասվում է, որ վերաբնակներին կտրամադրվեն նոր տներ, որոնք նրանց համար փուլ առ փուլ կկառուցվեն ազատագրված տարածքներում, քաղաքներում ու շրջաններում, որտեղ նրանք գրանցված են։ Փոխանցման գործընթացում հայտը կքննարկվի գործող կանոնների հիման վրա։ Սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունը, պետական վերնախավը արցախյան քաղաքների ու գյուղերի տները յուրացնում են, իսկ շարքային ադրբեջանցիներին, որոնց հարազատները զոհվել են պատերազմի ժամանակ, խաբում են նոր կառուցվող տների ֆինանսական փոխհատուցմամբ: 

Հ/Գ Ինչպես հիշում ենք, Քարվաճառը Ադրբեջանին հանձնվեց առանց պատերազմի, առանց դիմադրության, առանց մեկ փամփուշտ կրակելու: Այն հարկադրաբար լքող հայերը ցանկանում էին դուրս գալուց առաջ այրել իրենց տները, որպեսզի դրանք չմնան թշնամուն, սակայն իշխանությունն ամեն ինչ արեց, որ ոչ մի տուն չայրվի: Դրա դիմաց քարվաճառցիներին խոստացան ֆինանսական փոխհատուցում: Իսկ տներն այրողներին սպառնում էին զրկել այդ փոխհատուցումից: