Հարցուպատասխանն անցավ կառուցողական, տեղ-տեղ՝ պոետիկ մթնոլորտում

Հարցուպատասխանն անցավ կառուցողական, տեղ-տեղ՝ պոետիկ մթնոլորտում

Այսօր Նիկոլ Փաշինյանին ատող ու նրան դավաճան անվանող խորհրդարանական ընդդիմության համար «դե յուրե» փորձության օր էր։ ԱԺ-ում առաջին անգամ կառավարության հետ հարցուպատասխանի օրն էր։ Մինչ այդ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու հնարավորություն ունեցել է կառավարության ծրագրի ժամանակ, իսկ օֆիցիալ հարցուպատասխանն այսօր ր։ Ու բոլորը սպասում էին, թե Փաշինյանին «օր ու արև չտալու» խոստումով ԱԺ անցած ընդդիմությունը պետք է ուղղակի պայթեցներ համացանցը՝ իր սուր հարցադրումներով, գուցե նաև ակցիաներով, ֆլեշմոբերով, որ իսկապես Փաշինյանն զգար՝ իրեն «օր ու արև» չեն տալիս ու չեն տալու։

Բայց ամեն ինչ անցավ առավել քան հանդարտ, կառուցողական, տեղ-տեղ անգամ պոետիկ մթնոլորտում։ Իհարկե, հիմնականում «Հայաստան» խմբակցության կանայք փորձեցին սրել իրավիճակը՝ Փաշինյանին հիշեցնելով իր երբեմնի հայտարարությունները, օրինակ, իր այն կոնֆիդենցիալ տեղեկատավության մասին, որը իբրև թե պետք է պայթեցներ, կապակայունացներ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, որն այդպես էլ չհրապարակեց, բայց այդ ամենին Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր հանդարտ, առանց էմոցիաների, առանց հրահրումների։ Ընդդիմությունն էլ իր հարցերն էր նույն ոճով ձևակերպում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր մնալ իր ոճի մեջ՝ մանիպուլացնել, ստել, հետ կանգնել իր ասածներից, որտեղ խեղճանում էր՝ ցրեր ու ասեր՝ չեմ պատասխանում, բայց դրանից այնպես չէ, թե ընդդիմությունը շատ «նեղվում էր»։

Իհարկե, խոսքը շշերով տեսարանների ակնկալիքի մասին չէ, հատկապես, որ շշերը հավաքել էին սեղաններից, այլ իրենց՝ յոթ ամիս հնչեցրած հռետորաբանությանը համահունչ պահվածքի, հարցադրումների մասին։ Ավելին, ենթադրվում էր, որ հարցեր պետք է հնչեին նաև օրեր առաջ, այդ նույն դահլիճում իշխանության կողմից ակնհայտ սադրանքով ընդդիմադիրներին ծեծելու դեպքերին, բայց ընդդիմությունը կարծես մոռացել է այդ ծեծն ու շատ արագ ադապտացվել դրան՝ համարելով, որ այդպես էլ պիտի լիներ։

Ի դեպ, Խամոյանի հարցը՝ կապված Ադրբեջանի ներքաղաքական պայթեցնելու հետ, շարունակեց նաև «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը, որը նախորդ անգամ էլ էր փորձել այդ հարցը հնչեցնել, սակայն Փաշինյանը չէր պատասխանել, որից հետո ծեծկռտուք էր սկսվել։ Այս անգամ Ագնես Խամոյանը տվեց այդ հարցը, հետո նույնը՝ մի փոքր այլ ձևակերպմամբ, հնչեցրեց նաև Մկրտչյանը, որին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ թող գրավոր դիմի։ Իսկ Խամոյանի հարցին, թե ինչո՞ւ գոնե հիմա չի հրապարակում իր այդ կոնֆիդենցիալ տեղեկատվությունը, հիմա՞ էլ է ցանկանում, որ չապակայունանա իրավիճակը Ադրբեջանում և Ալիևը մնա իշխանության, որի վերաբերյալ անգամ պատերազմից առաջ հարցազրույց էր տվել Հանրայինին, որը, սակայն, այդպես էլ եթեր չգնաց, Փաշինյանը պատասխանել էր, թե չի կարծում, որ զուտ սպորտային հետաքրքրության համար իրենք պետք է հրապարակեն այդ հարցազրույցը:

Հարցուպատասխանն այնքան կառուցողական ու գրեթե ջերմ մթնոլորտում էր ընթանում, որ ինչ-որ տեղ անգամ շեղվեցին թեմայից և տրվեցին պոետիկ զեղումներին։

Մասնավորապես, պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը հարց հնչեցրեց գերիների, անհետ կորած զինծառայողների թեմայով, որ մինչ օրս անգամ նորմալ հանձնաժողով ձևավորված չէ, որ զբաղվի այդ հարցով, և նրանց հարազատները նորից նույն պատնեշներին են բախվում։

«Ի՞նչն է պատճառը, որ էս ամիսների ընթացքում լուրջ մարմին չստեղծվեց անհետ կորածների խնդրով զբաղվելու։ Գուցե պատճառը նա է, որ էդ տղաների ծնողները խանգարո՞ւմ են, որ գունագեղ շոուներն ավելի շատ լինեն, մի՞թե էս իրավիճակում, երբ ունենք գերիներ, ունենք անհետ կորած տղաներ, Եռաբլուրում ունենք թարմ շիրիմներ, էս իրավիճակում մի՞թե ավելի ընդունելի ձև չկար անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոուով։ Միգուցե էդ խնդիրներով զբաղվելու փոխարեն անհետ կորածների հանձնաժողո՞վ ստեղծեիք, երկու միլիոնն էլ հատկացնեիք, որ ավելի լավ զբաղվեին»,-հարցրեց Նազարյանը։

Փաշինյանը նախ ասաց, որ ինքն էլ վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, և նշեց, թե անհետ կորածների հարցերով զբաղվող մարմին կա, ու ինքն էլ նրանց հարազատներին ասել է, որ ինքն անձամբ է այդ հարցերը համակարգում։

Ինչ վերաբերում է անկախության օրվան նվիրված միջոցառումներին և գունագեղ շոուին, ապա Փաշինյանը դարձյալ դիմեց դեմագոգիային՝ հայտնելով, թե ինքն ուզում է ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել է նման ձևակերպմամբ։ Հետո անցավ արդեն ցինզիմին՝ գունագեղի տակ մտցնելով ՀՀ պետական դրոշի գույները, որոնք, ըստ նրա, շատ վառ գույներ են, ու ինքը չի կարծում, թե «մենք պետք է չեղարկենք մեր դրոշի գույները»։

Եվ որպեսզի ցինիզմն ու երեսպաշտությունն առավել ամբողջական լինեն, Փաշինյանը հիշեցրեց, որ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը կոչվում է «Հայրենիքիս հետ», որը Թումանյանի հայտնի ստեղծագործության վերնագիրն է, և որոշեց ամբիոնից մեջբերումներ անել այդ բանաստեղծությունից՝ ցույց տալով, թե հենց այդ բանաստեղծության տրամաբանությամբ են կառուցել այս տոնակատարությունը։

«Երբ որ այդ բանաստեծության առաջին տունը ավարտվում է՝ զարկված հայրենիք, զրկված հայրենիք, հետո՝ ողբի հայրենիք, որբի հայրենիք, հետո՝ լույսի հայրենիք, հույսի հայրենիք, հետո՝ իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Սա էն տրամաբանությունն է, որ մենք փորձում ենք դնել մեր էսօրվա գործողությունների հիմքում»,-պոետիկ զեղումներով արդարարցրեց իրենց գունագեղ ցինիզմը՝ Հայաստանը որբի ու ողբի հայրենիք դարձրած Փաշինյանը։