Լեւոնիզմից՝ նիկոլիզմ

Լեւոնիզմից՝ նիկոլիզմ

Երիտհայերը վերջերս թուրքերի հետ տարածաշրջանային համագործակցությունից, հայ-թուրք-ադրբեջանական հարաբերություններից, խաղաղության օրակարգից են խոսում, իսկ նորաթուխ ԲՏ նախարարը, որը լեւոնիզմի գաղափարախոսության կրողն ու ներկայացուցիչն է, այս իշխանության մեջ վստահ կեցվածքով հայտարարում է, որ 29,8 հազար քառ․ կմ-ից մեկ միլիմետր չեն հանձնելու։

Նախ արձանագրենք, որ դուք որեւէ բան պահելու կարողություն, ընդունակություն չունեք, եւ պետք չէ մեծ-մեծ խոսել։ Ձեր իշխանությունն ի վիճակի չէ նույնիսկ  ինքնուրույն արտգործնախարար ու պաշտպանության նախարար նշանակել։ Ազգակործան իշխանության պատասխանատվությունը կիսող նախարարի վրա է դրված նաեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի խոսափողի ֆունկցիան, որպեսզի համահունչ լինի լեւոնիզմի գծին, ինչը տեսանելի էր նրա կողմից Արցախի անկախությանը չմասնակցելու քաղաքական որոշման հրապարակումից։ Հիմա նա խոսում է Խորհրդային Հայաստանի սահմանների մասին․ այդ դեպքում պետք է իրենց թիմով պատասխանեն հետեւյալ հարցին՝ ինչո՞ւ 30 տարի այսքան զրկանքներ ու  մարդկային կորուստներ տվեցինք։ 

Տվյալ դեպքում կարող են արդարանալ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ին հանդես եկավ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, որին խոչընդոտեցին հայտնի ուժերը, ինչը, կարծում եմ, առնվազն արդար չէ․ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզված էր սպասվող աղետի հնարավորության հարցում, ինչի մասին բարձրաձայնում են հիմա, նա պետք է պայքարեր՝ դիմեր ժողովրդին, վերջապես՝ հարցը դներ հանրաքվեի, ինչը չի արել, ուրեմն մնացածը մանիպուլյացիայի շարքից է, ավելին՝ այս աղետի հիմքերը դրվեցին 1994-ի մայիսի զինադադարից հետո, երբ մեզ մոտ դրվեցին նոմենկլատուրային կապիտալիզմի եւ քրեաօլիգարխիայի հիմքերը։

Նույն բանը հիմա անում է Փաշինյանը. եթե համոզված էր, որ ամեն ինչ գնում էր մադրիդյան սկզբունքների պարտադրանքին, ավելի կոնկրետ՝ լավրովյան պլանին, ինչը հիմա օրումեջ բարձրաձայնում է, որի մասին իրեն ժամանակին իրազեկել են Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա պետք է դիմեր ժողովրդին, բացատրեր, ֆռռացներ, ինչն իր մոտ լավ է ստացվում, եւ վերջապես՝ նշանակեր հանրաքվե, որով սպասվող պատերազմը կհետաձգվեր, եւ մենք ժամանակ կունենայինք պատրաստվելու։ Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ այս  իշխանությունները ոչ մի բանի ունակ չեն, առավել եւս՝ պատերազմի նախապատրաստվելու։ Ստացվում է, որ օրվա իշխանության միակ անելիքը սպասվող պատերազմը տանելն է  այն հանգրվանին, որի արդյունքում իրականացվեց  լավրովյան  պլանը, եւ ռուսական բազան տեղակայվեց Արցախում, որով ձերբազատվեցին Արցախից, դրա համար էլ հիմա խոսում են 29,8 հազար քառ․ կմ պահելու մասին, այն դեպքում, երբ թուրքերը խոսում են Զանգեզուրից, Սեւանից եւ Երեւանից։

Ինչ վերաբերում է երիտհայերի խաղաղության օրակարգին, ապա նշանակում է բավարարել թշնամիների բոլոր պահանջները․ Ադրբեջանի մասով «խաղաղության» պայմանագիր կնքելու՝ ճանաչելով տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է հրաժարվել Արցախից։

Հաջորդը՝ համաձայնել «Զանգեզուրի միջանցքի» հատկացմանը՝ ռուսական վերահսկողության տակ, Թուրքիայի դեպքում՝ հրաժարվել ցեղասպանության ճանաչման օրակարգից։ Ռուսաստանի հետ կապված պարզ է՝ ամեն ինչ հանձնվում է ռուսների ողորմածությանը։ Ռուսաստանն իրենով է անելու Արցախի մնացած մասը եւ փորձելու է ռազմական առումով վերահսկել Սյունիքը՝ այն դարձնելով իր համար «պոլիգոն», իսկ մնացած բոլոր կարեւոր հարցերը, մեծ հաշվով, որոշվում են Մոսկվայում։

Եվ ուրեմն, լեւոնիզմի ու նիկոլիզմի հիմնասյունը` ձերբազատվել Արցախից, եւ միայն այդ դեպքում «սերգոջան»-ները լավ կապրեն։ Իրականում նրանք միշտ էլ լավ են ապրել Հայաստանի ու Արցախի հաշվին, դրա համար էլ հասանք նոյեմբերի  9-ի հանգրվանին։ Ինչպես տեսնում ենք` օրվա իշխանություններն ամեն ինչ հանձնում են, բայց դրանից թշնամու ախորժակն ավելի է բացվում, օրեցօր նոր պահանջներ են ներկայացնում։ Ժամանակն է հասկանալու, որ ազգովի պետք է կանգնեցնենք այս ազգակործան ընթացքը։

ՀԳ․ 1998-ի հայտնի ուժերը, մերժելով Լեւոն Տեր-Պետրոսյանի` Արցախի հարցի լուծման տարբերակը, վերցնելով իշխանությունը, աստիճանաբար վերադարձան լեւոնիզմին՝ համաձայնելով լավրովյան պլանին: Գտան Նիկոլ Փաշինյանին, որը պատասխանատվություն վերցրեց՝ իրագործելու դավադիր ազգակործան ծրագիրը։

Պետրոս Մակեյան