Ամենաանպատրաստ գեներալից պետք է շտապ ազատվել

Ամենաանպատրաստ գեներալից պետք է շտապ ազատվել

Նորից հայտնվել ենք տարօրինակ իրավիճակում, երբ կան հավաստի տեղեկություններ, որ ադրբեջանական կողմը սադրանքներ է պատրաստում, պատրաստվում է ներխուժել մեր տարածք, իսկ մեր բանակի գլխավոր շտաբը ղեկավարում է Արտակ Դավթյանը՝ Հայաստանի ամենաանպատրաստ գեներալը, ինչպես նրան անվանեց փորձառու Մովսես Հակոբյանը։ Բացի այն, որ Արտակ Դավթյանը համարվում է հանրապետության ամենաանպատրաստ գեներալը, նրա հետ է կապվում նաեւ Նախիջեւանի շրջանում ադրբեջանական զորքերի անարգել առաջխաղացումը, ինչը տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմից շատ առաջ։

Ավելին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրապարակայնորեն հայտարարել է. «Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարում է ունեցել 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ՝ որպես օպերատիվ վարչության պետ»։ Իսկ նույն հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Գեւորգ Գորգիսյանը, իր ֆեյսբուքյան էջում նշել է. «Պնդում եմ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում բացահայտվել են բավարար փաստեր՝ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ), իսկ որոշակի հանգամանքների բացահայտման դեպքում՝ 299-րդ հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներով»:

Մեկ այլ անգամ Գորգիսյանն ասել է. «Մերժեցին 2020-ի պատերազմի համար մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետեւ բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու համար: Երբ նա ԳՇ պետ էր, այդ շրջանում գնել ենք զենքեր, որ մենք որեւէ կերպ չէինք կարողանալու օգտագործել, եւ շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել, եւ մեզ պետք էին լինելու: Կրճատել ենք զինվորական ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության։ Դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ։ Ինչո՞ւ․ այդ հարցին քրեական գործի շրջանակներում պետք է տրվեն պատասխաններ»։

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը երկրորդ անգամ է հայտնվել այս պաշտոնում, նախկինում նա հեռացվել էր այս պաշտոնից՝ համաճարակային սահմանափակումների պայմանները կոպտորեն խախտելու համար․ կազմակերպել էր մարդաշատ միջոցառում, ինչն այդ պահին արգելված էր։ Ինչպես տեսնում ենք, Գորգիսյանի նշած «անփույթ վերաբերմունքն» Արտակ Դավթյանի պարագայում միայն զինվորական ծառայությանը չի վերաբերում։ Երկրորդ անգամ Արտակ Դավթյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ այն բանից հետո, երբ հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականները՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հեռացրեց Օնիկ Գասպարյանին եւ այդ պաշտոնում նշանակեց Դավթյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվեց ստորագրել Դավթյանին նշանակելու առաջարկը։ 

Պատկերացնելն անգամ սարսափելի է, որ գտնվելով պատերազմի շեմին՝ մեր բանակի գլխավոր շտաբը ղեկավարում է մի մարդ, ում մի շարք պատգամավորներ համարում են ապրիլյան քառօրյայի բացթողումների գլխավոր մեղավորներից մեկը, եւ որը կարող է մեղադրվել պետական դավաճանության մեջ, եւ ում հրամանը հրաժարվել է ստորագրել հանրապետության նախագահը։ Մտածելն անգամ սարսափելի է, թե ինչ կկատարվի մեր պետության հետ, եթե ստացվի այնպես, որ Արտակ Դավթյանը պլանավորի եւ կառավարի հնարավոր պատերազմը։ Արտակ Դավթյանի երկրորդ նշանակումն այդ պաշտոնում կապված էր մի շարք քաղաքական հանգամանքների հետ, եւ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ վարչապետի այդ քայլը, որովհետեւ այն ժամանակ իր համար շատ կարեւոր էր այդ պաշտոնում նշանակել հավատարիմ մեկին։ Այնուհետեւ առաջ եկավ խաղաղության դարաշրջանի գաղափարը, եւ, մեծ հաշվով, կարելի էր շատ ուշադրություն չդարձնել ԳՇ պետի կերպարին, բայց այժմ, երբ նորից կանգնած ենք պատերազմի շեմին, վարչապետը պարտավոր է վերանայել իր որոշումը եւ այդ պաշտոնում նշանակել համապատասխան հեղինակություն, փորձ, գիտելիքներ եւ ունակություններ ունեցող զինվորականի՝ անկախ նրանից, թե անձնապես ինչ հարաբերություններ ունի նրա հետ։ 

Ընդդիմությունը պետք է բարձրացներ այս հարցը եւ հրապարակայնորեն անվստահություն հայտներ ԳՇ պետին, բայց նրանք չեն շտապում դա անել։ Իհարկե, երբ ընդդիմությունը բարձրացնի այս հարցը, վարչապետը կարող է հիմքեր պահանջել, իսկ հիմքերն ապրիլյանի հանձնաժողովի եզրակացություններում են, որն այդպես էլ չհրապարակվեց, բայց կարող էին թեկուզ փակ դռների ետեւում քննարկել այդ հարցը եւ պահանջել, որ Արտակ Դավթյանը հեռացվի պաշտոնից, գուցե անգամ քրեական գործ հարուցվի: Հնարավոր է՝ ընդդիմությունն այստեղ փակուղային իրավիճակում է, որովհետեւ այդ զեկույցում կարող են լինել նաեւ ընդդիմության լիդերներին վերաբերող անցանկալի եզրահանգումներ:

Ժողովուրդը դե ֆակտո հայտնվել է երկու քարի արանքում․ մի կողմից՝ իշխանություններն են ամեն ինչ հարմարեցնում իրենց՝ անտեսելով անգամ անվտանգային բնույթի կարեւորագույն հարցերը, մյուս կողմից՝ ընդդիմությունը չի կարողանում ռեալ՝ արգումենտացված, իրավական պայքար մղել դրա դեմ, որովհետեւ ամեն մի գաղտնազերծվող փաստաթղթի ի հայտ գալու դեպքում իրենց լիդերների մեղքերն ու բացթողումներն էլ են ի հայտ գալիս։ Փաստորեն, նորից կարող ենք բազմաթիվ զոհեր ունենալ, գերեվարվածներ, վիրավորներ, տարածքներ կորցնել եւ չենք կարողանում անգամ հասնել նրան, որ գոնե բանակը հուսալի ձեռքերում լինի։ Այս պահին, երբ կան տեղեկություններ, որ ադրբեջանական կողմն ուժեր է կուտակում Սեւ լճի մոտակայքում եւ պատրաստվում է սադրանքների, մենք՝ իբրեւ ազգ, ժողովուրդ, դե ֆակտո ոչինչ չենք անում` լուռ սպասում ենք, որ Հայաստանի ամենաանպատրաստ գեներալը բոլորիս տանի կործանման։ Տասնյակ բարձրակարգ գեներալներ ունենք, որոնք քաղաքական դրդապատճառներով դուրս են մղվել գործընթացներից, իսկ բանակը ղեկավարում են կասկածելի կենսագրությամբ անձինք, որոնց անունները միայն սկանդալների, խախտումների եւ պարտությունների հետ են կապված։ 

Կա հարցի նաեւ մյուս կողմը՝ Ռուսաստանի ֆակտորը։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Հայաստանը նորից պարտություն կրի եւ վերջնականապես ջախջախվի, ուստի չի բացառվում, որ ռուսները ստիպված լինեն ներգրավվել կոնֆլիկտում, ինչի իրավունքը Հայաստանի պարագայում նրանք ունեն, բայց սրանով նրանց խաղաղապահ առաքելությունն է վտանգվում, որովհետեւ կոնֆլիկտի կողմը չի կարող միաժամանակ նաեւ խաղաղապահ առաքելություն իրականացնել։

Հետեւաբար, եթե մեր բանակը նորից անհաջողություններ գրանցի, մենք շատ վատ դրության մեջ կդնենք ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ մեզ, իսկ Ադրբեջանը ցանկացած պարագայում շահած դուրս կգա։ Փաստորեն, ստացվում է, որ Ռուսաստանին մնում է 2 տարբերակ՝ կա՛մ չմիջամտել պատերազմին, այսինքն` հրաժարվել կատարել դաշնակցային պարտավորվածությունները, այդ դեպքում Հայաստանը պարտվում է, եւ խզվում են հայ-ռուսական հարաբերությունները՝ ընդհուպ մինչեւ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը կարող է դրվել, եւ երկրորդ տարբերակ՝ Ռուսաստանն իր զորքով, տեխնիկայով միջամտում է պատերազմին, ետ է շպրտում ադրբեջանցիներին, եւ այս դեպքում արդեն Ադրբեջանն է պահանջում, որ ռուսները հեռանան Արցախից՝ պատճառաբանելով, թե որ Ռուսաստանն այլեւս ոչ թե խաղաղապահ է, այլ՝ կոնֆլիկտի կողմ։ Հետեւաբար, մեզ համար միակ նպաստավոր տարբերակն այն է, որ մեր բանակը կարողանա հզոր դիմադրություն ցույց տալ թշնամուն, հաղթել ինքնուրույն, իսկ Ռուսաստանը գոնե առերեւույթ չեզոք լինի եւ սահմանափակվի միայն մեր բանակին զենք-զինամթերք մատակարարելով։

Այս՝ մեզ համար նպաստավոր սցենարի համար պարտադիր է, որ մեր լավագույն հրամանատարները լինեն մարտի դաշտում, նաեւ հարկավոր է, որ ԳՇ պետը լինի մեծ հարգանք վայելող, ուժեղ անձնավորություն։

Ըստ իս, ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակում ընդդիմությունը ձեռքերը ծալած չպետք է նստի` պետք է բարձրացնի Արտակ Դավթյանին պաշտոնանկ անելու հարցը, առաջարկի ԳՇ պետի թեկնածու։ Եվ չի բացառվում, որ այդ առաջարկը պաշտպանեն նախկին նախագահները, գուցե անգամ գործող նախագահը, Վեհափառը, բարձրաստիճան հոգեւորականները, հայտնի մտավորականներ, քաղաքական գործիչներ, որովհետեւ սա կարեւորագույն հարց է, եւ այն կարող է ճակատագրական դառնալ բոլորիս համար։ Չեմ կարծում, թե կլինի մեկը, ով կպնդի, որ կարելի է պատերազմը դիմավորել այսքան անպատրաստ։ Եթե ընդդիմությանը հաջողվի բավականաչափ աղմուկ բարձրացնել, ապա Նիկոլ Փաշինյանի համար դժվար կլինի անտեսել այդ հիմնավորված պահանջը, որովհետեւ, եթե նա հրաժարվի կատարել այն, կստացվի, որ երկրի վարչապետը նպատակային կերպով պարտության է տանում պետությանը։ 

Ավելին, կարծում եմ՝ պետք է պահանջել, որ Արտակ Դավթյանն իր կամքով հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Նա պետք է գիտակցի, որ այս անգամ հենց ինքն է առաջին հերթին պատասխան տալու հնարավոր անհաջողությունների համար։

Դատելով հասարակական տրամադրություններից եւ տիրապետելով միայն մեդիա տիրույթում շրջանառվող տեղեկատվությանը՝ կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի իդեալական թեկնածու է գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որովհետեւ 94-ից ի վեր մեր միակ խոշոր հաղթանակը հենց նրա հրամանատարությամբ է ձեռք բերվել: Խաչատուրովը բացարձակապես վարկաբեկված չէ, չունի դղյակներ ու հյուրանոցներ, թանկարժեք մեքենաների հավաքածու։

Նրան անգամ վարչապետ Փաշինյանն է բարձր գնահատել` շնորհելով գեներալի կոչում եւ արժանացնելով պետական բարձր պարգեւի։ Եթե հիշում եք, Գրիգորի Խաչատուրովի տարած հաղթանակի արդյունքում Ադրբեջանում մեծ ցույցեր սկսվեցին, թշնամին չէր էլ հասկանում, թե ինչ է կատարվել մարտի դաշտում, եւ ինչու են ադրբեջանցիներն այդպիսի ջախջախիչ պարտություն կրել։ Կան խոսակցություններ, որ Ադրբեջանի եւ նրանց սպառազինություն մատակարարող պետությունների միջեւ լուրջ խնդիրներ են առաջացել Խաչատուրովի փայլուն հաղթանակից հետո, եւ մի շարք զինատեսակների արտադրության մեջ շտկումներ են մտցվել, բարձրակարգ մասնագետներ են հեռացվել աշխատանքից։

Մի խոսքով, Խաչատուրովը մեր ժամանակների հերոսն է եւ տիրապետում է ժամանակակից պատերազմների նրբություններին, ծանոթ է զինատեսակներին, եւ, որ ամենակարեւորն է՝ ժողովուրդը վստահում է նրան։ Հանուն մեր պետության անվտանգության, իշխանությունը պետք է մոռանա անձնական ամբիցիաները եւ ամեն ինչ անի մեր երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Իմ համակրանքը Գրիգորի Խաչատուրովի կողմն է, բայց չի բացառվում, որ ընդդիմությունն այլ՝ իրենց կարծիքով ավելի հարմար թեկնածու տեսնի այդ պաշտոնի համար։ Ամենից կարեւորը թերեւս այն է, որ ազատվենք ամենաանպատրաստ գեներալից եւ թույլ չտանք, որ քաղաքական նկատառումներով նշանակված մեկը խաղա մեր եւ մեր պետության ճակատագրի հետ։

Պողոս Պողոսյան