Պետք է ամեն ինչ անել, որ պատերազմն օր առաջ դադարի

Պետք է ամեն ինչ անել, որ պատերազմն օր առաջ դադարի

Հարցազրույց Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։

- Պարոն Գալստյան, նախօրեին Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը հանդես եկան ուղերձներով․ նկատի ունենալով հիմնական ասելիքը՝ կարելի՞ է ասել, որ մենք կանգնած ենք «մահ կամ ազատություն» ընտրության առջեւ, քանզի միջազգային հանրության առաջարկների առնչությամբ՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց, մեր ղեկավարները հայտարարում են, որ մեզ համար ընդունելի չեն, թե՞ կարծում եք, որ, այդուհանդերձ, անելիքներ կան դիվանագիտական ճակատում։

- Ճիշտն ասած՝ հիմա մենք իրոք գնում ենք դրան՝ «մահ կամ ազատություն», եւ մեր հաղթանակը մնում է միայն մեր համախմբվածությունը։ Ցավալի է նաեւ, որ այս պատերազմը հայ-ադրբեջանական չէ, փորձում են իրականացնել Թուրքիայի Մեծ Թուրանի ծրագիրը, դրա համար եմ ասում, որ հայությունը պետք է համախմբվի։

- Առաջին օրվանից էլ հայությունը համախմբված է, բայց երեկ թե՛ վարչապետը, թե՛ ԱՀ նախագահն արձանագրեցին, որ կորուստներ ունենք, ծանր դրություն է․ Դուք կարծում եք, որ  երկարատե՞ւ պատերազմ կունենանք, այլ ելք չկա՞, իսկ մենք ունե՞նք այդքան ռեսուրս, թե՞ գտնում եք, որ պետք է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

- Կարծում եմ, որ բանակցային ճակատում անելիքներ արվում են, բայց էլի պետք է արվեն․ հույս ունենանք, որ աշխարհը մեզ միայնակ չի թողնի։ Մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որ պատերազմն օր առաջ դադարի։ Ես կուզեի, որ ամեն ինչ արդեն անցյալում լիներ, եւ մենք բաց խոսեինք, իսկ հիմա՝ հաստատ չի կարելի՝ հաշվի առնելով, որ թշնամին հետեւում է մեզ, եւ ցանկացած խոսք կարող է վնաս հասցնել թե՛ բանակին, թե՛  ընդհանուր քաղաքականությանը։ 

- Որ ասում եք՝ բանակցային ճակատում էլի բաներ պետք է արվեն, ի՞նչ նկատի ունեք, Դուք ի՞նչ եք ակնկալում։

- Մեր քաղաքական ուղին պետք է լինի Հայաստան-Ռուսաստան-Իրան, եթե մենք այդ ուղուց շեղվեցինք, չենք կարող հաղթահարել այս պատերազմը, Իրանն էլ է հասկանում, որ ահաբեկիչների ներթափանցումն Արցախ իրենց համար էլ է սպառնալիք, եւ պետք է կոշտ հայտարարություններով, քայլերով հանդես գան։ Համատեղ ուժերով պետք է դուրս մղենք ահաբեկիչներին այս տարածքից, մենք տեսանք, որ հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը չպահպանեցին, քանզի, եթե գործում են ահաբեկչական խմբեր, ինչ պայմանավորվածություն էլ լինի, խախտելու են։

- Համատեղ ուժերով ահաբեկիչներին դուրս մղել ասելով ի՞նչ եք պատկերացնում՝ աջակցությո՞ւն՝ սպառազինությա՞ն, թե՞ մարդուժի տեսքով։

- Նաեւ։ Մենք տեսնում ենք, որ ահաբեկիչներն այսօր մեզ հետ կռվում են 21-րդ դարի զենքերով, որոնք նրանց մատակարարում են Թուրքիան, Իսրայելը, իսկ հայ ազգը միայնակ ի զորու չէ տեխնոլոգիական այս դարաշրջանում դիմակայել դրան։ Չնայած մեր բանակն իր առջեւ դրած առաջադրանքը գերազանց կատարում է, բայց մենք չենք կարող հաշվի չնստել, որ երբեւէ աշխարհում այսքան ԱԹՍ չի կիրառվել, ինչպես այսօր։ Բայց այսօր ժամանակը չէ մեր բացերից խոսելու, ժամանակը կգա, ե՛ւ դրանից կխոսենք, ե՛ւ մեր առավելություններից։

- Մի կողմից մենք ընդունում ենք, որ նոր որակի պատերազմի ենք բախվում, մյուս կողմից բանակցությունների սեղանին դրված առաջարկը մեզ համար ընդունելի չէ, իսկ ո՞րն է ելքը։

- Բայց բանակցությունները հենց դրա համար են, որ կարողանանք ինչ-որ տարբերակներ առաջարկել եւ մանյովրներ անել։ Այո, պնդում եմ, որ կարելի է բանակցությունների սեղան տանել օրակարգ, եւ դրա շուրջ կողմերից յուրաքանչյուրն իր մոտեցումները ներկայացնի։

- Օրինակ՝ ի՞նչ առաջարկ, երկու օր է՝ ակտիվ քննարկվում է նաեւ խաղաղապահների տեղակայման հարցը, սա ընդունելի՞ է Արցախի, Արցախի կառավարության եւ խորհրդարանի համար։

- Նորից եմ ասում՝ այս բոլոր հարցերը քննարկման փուլ պետք է անցնեն, խաղաղապահների մասով հստակ առաջարկ չի դրվել սեղանին, բայց բոլոր հարցերը կարելի է քննարկել։ Եթե դա հակահայկական չէ, կարելի է քննարկել։