Ռուսաստանը պետք է վերանայի իր՝ «բոլորի հետ բարեկամ ենք» դիրքորոշումը

Ռուսաստանը պետք է վերանայի իր՝ «բոլորի հետ բարեկամ ենք» դիրքորոշումը

Հոկտեմբերի 14-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Թայիբ Էրդողան հեռախոսազրույց, որի ժամանակ կողմերը «կարեւորել են հոկտեմբերի 10-ին հաստատված հումանիտար հրադադարի պահպանումը» եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալը։ Նույն օրը հայկական կողմը հաղորդում էր տարբեր ուղղություններով թեժ մարտերի, կողմերի զոհերի, իսկ Ադրբեջանը հոկտեմբերի 15-ին վերսկսեց Ստեփանակերտի հրթիռակոծումը։ Հարցը, թե ինչ  «հումանիտար հրադադար» է սա, քննարկվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ռուսաստանյան մեդիայում։ «Հրապարակի» հետ զրույցում Կովկասագետների գիտական միության  նախագահ Ալեքսանդր Կռիլովը հայտարարեց՝ սա հրադադար է, որն անգամ 1 ժամ չպահպանվեց։ Նա վստահ է, որ Էրդողանի զանգը մեկ՝ զոնդաժի նպատակ ուներ, համոզվելու՝ Ռուսաստանն այս իրավիճակին հետեւելու է միայն տարբեր կոչերի ու հայտարարությունների՞ մակարդակով, թե՞ կարող է նաեւ խառնվել,  այդ թվում նաեւ՝ ռազմական ճանապարհով։ «Կարծում եմ՝ Էրդողանի համար կարեւոր էր հասկանալ՝ Ռուսաստանը կխառնվի՞, թե՞ ոչ, որովհետեւ եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես ընթանում է, ապա թուրք-ադրբեջանական զորքին հայկական դիմադրությունը չի կարող անվերջ շարունակվել։ Առավել եւս, որ դուք  կտրված եք սպառազինությունների մատակարարումից ու հեռահաղորդակցության ուղիներից»,- ասում է Կռիլովը։

Իսկ Էրդողանը  համոզվե՞լ է, որ կխառնվի, թե՞ ոչ։ Քաղաքագետի տպավորությամբ՝ ոչ։ Բայց նա այն կարծիքին է, որ Ռուսաստանը պետք է վերանայի իր այդ՝ «բոլորի հետ բարեկամ ենք» դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ սա կարող է ընդունելի լինել Եվրոպայի ու ԱՄՆ-ի պարագայում, բայց ո՛չ Ռուսաստանի, քանի որ Էրդողանի կովկասյան էքսպանսիան հաջողության դեպքում հրդեհված լուցկիների շարքի էֆեկտով շարունակվելու է դեպի Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Պրիվոլժիե՝ տարածաշրջաններ, որտեղ կան տարբեր տրամադրություն ունեցող՝ նեոօսմանիզմի ու արմատական իսլամի գաղափարն ընդունող ու արմատական իսլամն իրենց մոտ բերած Էրդողանին համակրող շերտեր, որոնք այդ վճռական պահին կարող են 5-րդ շարասյան դեր խաղալ։ 

«Ինչ վերաբերում է դիտորդի` կողքից հետեւողի կարգավիճակին, ապա սա ընդունելի է եւ անգամ շահեկան է Եվրոպայի ու ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից, քանի որ թուրքերի՝ դեպի Կովկաս ծավալումը նրանց թույլ է տալիս լուծել Իրանի խնդիրը։ Ինչո՞ւ է Իսրայելն այդպես ակտիվ պաշտպանում ադրբեջանական կողմին, որովհետեւ կա մի հին՝ Հարավային Ադրբեջանի սցենար, երբ մի մեծ կտոր Իրանից կանջատվի ու կթուլացնի այս պետությունը»,- ասում է կովկասագետը։
Նա կարծում է, որ հենց եվրոպական դիվանագիտությունն էր, որ Էրդողանին ստիպեց շարժվել արեւելյան ուղղությամբ։ Ալեքսանդր Կռիլովը, ժամանակի մեջ որպես մեկնակետ նշելով 2014 թվականը՝ ասում է․ «Երբ հասկացավ, որ իր եվրոպական հեռանկարները տապալված են, եւ ԵՄ մտնելու մասին խոսք լինել չի կարող, սրանից հետո Էրդողանը սկսեց առաջ մղել Օսմանյան կայսրությունը վերականգնելու իր ծրագրերը, ընդ որում՝ շատ ավելի լայն սահմաններով, քան ուներ Օսմանյան կայսրությունը։ Սա անելու համար Էրդողանն իրեն վերագրել է ոչ միայն էթնիկ թյուրքալեզու ժողովուրդների, այլեւ բոլոր՝ եվրոպական քաղաքակրթությունից նեղացած ու իբրեւ թե ճնշված մահմեդականների  առաջնորդի դեր եւ հաջողում է, քանի որ ունի կողմնակիցների մի հսկա բանակ։ Նա այդ բանակն իր անձի շուրջ միավորում է ոչ միայն որպես հաջողակ լիդեր, այլեւ այն պատճառով, որ, ինչպես վերը նշեցի, պանթյուրքիզմի գաղափարը շատ պոպուլյար է»։
Կռիլովի հայացքով՝ Էրդողանը վճռական է լինելու մի հարցում, որ պաշտպանի իր դաշնակիցների շահերը։ Սա կարեւոր է իր կայսրապետական ծրագրերի երկրորդ փուլին անցնելու համար։ Հետեւաբար, ՌԴ-ից ակնկալվում է նույնքան վճռականություն՝ իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում։