Ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ. Որ դաշտում են հայաստանյան քաղաքական ուժերն ու գործիչները 

Ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ. Որ դաշտում են հայաստանյան քաղաքական ուժերն ու գործիչները 

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հայ քաղաքական գործիչների ու քաղաքական կուսակցությունների կողմից ամենաքննարկվող թեման է այսօր։ Լակմուսի թուղթ, որը բացահայտեց քաղաքական ուժերի եւ գործիչների կողմնորոշումը, թե նրանք որ դաշտում են գտնվում։ Ստիպեց, որ քողարկված ռուսամետ եւ ոչ բացահայտ արեւմտամետ ուժերը հստակ դիրքորոշում հայտնեն՝ հարելով այս կամ այն ճամբարին։ Քաղաքական ուժերի մի մասն, ըստ այդմ,  քննադատում և դատապարտում են Ռուսաստանին, մյուս մասն իրենց զորակցությունը հայտնում Ուկրաինային։ Շատ քչերն են այսօր չեզոքություն դրսևորում։  Մենք փորձեցինք որոշ խմբավորումներ անել եւ ընթերցողին ներկայացնել, թե ով՝ ով է, ով ինչ դիրքորոշում ունի ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված։ 

Եւ այսպես․ «Ժառանգություն»  կուսակցությունն ավանդաբար արեւմտյան դիրքորոշում ունի: Ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ քաղաքացի է եւ ժամանակին ողջունել է ուկրաինական ժողովրդի կողմնորոշումը դեպի արեւմուտք, սակայն նախօրեին «Ժառանգությունը» քաղաքական խորհրդի նիստ է հրավիրել եւ բավականին չեզոք հայտարարությամբ հանդես եկել` «խորը մտահոգություն է հայտնել ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ եւ անհապաղ զինադադարի ու առկա խնդիրների դիվանագիտական լուծման կոչ արել»։ 

«Հայաստանի Եվրոպական» կուսակցության (ՀԵՎԿ) նախագահ Տիգրան Խզմալյանը ամենաակտիվ արեւմտամետներից է, նրա կուսակցության դիրքորոշումը կտրուկ է. «ՀԵՎԿ-ը  համարում է այս պատերազմը ՌԴ կայսերապաշտ ու մարդատյաց քաղաքականության արդյունք եւ ուղիղ համեմատական է դնում ՀՀ դեմ 2020 թ․ 44-օրյա ռուս-ազերա-թրքական հարձակման եւ այս օրերի ռուս-ուկրաինական պատերազմի միջեւ»։ Բացի այդ` Խզմալյանը մի քանի օր առաջ Ռուսաստանի դեսպանության մոտ կազմակերպված ակցիաների նախաձեռնողն էր` ընդդեմ ուկրաինական ագրեսիայի:

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի կարծիքով էլ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված պետք է ակտիվ լռություն պահպանվի։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրել է. «Բնավ աջակիցը չեմ Ռուսաստանի ուկրաինական ներխուժմանը, բայց չեմ կարծում նաև, որ այսօրվա էսկալացիայի միակ պատասխանատուն Ռուսաստանն է։ Գերխնդիրը պետք է լինի պատերազմի կանգնեցումն ու երկխոսության վերսկսումը։ Այս տեսանկյունից` արդյունավետ չեմ համարում Ռուսաստանի անդամակցության դադարեցումը ԵԽ-ում կամ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, մյուսների անհատական պատժամիջոցները Պուտինի դեմ։ Մի կողմից, Ռուսաստանն` իր ագրեսիվ օրակարգով, մյուս կողմից` Արևմուտքը` իր ոչ ադեկվատ վարքագծով, ավելի են խորացնում հակադրությունը ու դրա ռազմական բաղադրիչը»։ Սակայն Սուրենյանցը եւ իր ղեկավարած կուսակցությունը արեւմտամետների դաշտում են գործում:

ԲՀԿ-ն հստակ ռուսական կողմնորոշմամբ կուսակցություն է: ԲՀԿ-ական Արման Աբովյանն իր ֆբ-յան էջում պարբերաբար անդրադառնալով Կիևում կատարվող իրադարձություններին գրել է. «Ես պարզապես չեմ հասկանում,այն անգրագետ պահվածքը ,որը դրսևորում են տեղացի իբր ռուսոֆոբները։

Օրինակ ուրախանում են, որ ռուսների հանդեպ կիրառվում են լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ։ Ժողովուրդ, դուք չեք՞ հասկանում ,որ դա ահռելի հարված կլինի Հայաստանի տնտեսության համար։ Դուք չեք՞ հասկանում, որ մենք հիմա գտնվելով ծանրագույն տնտեսական վիճակում, կհայտվենք առավել ծանր իրավիճակում, որը ուղիղ կազդի ձեր սառնարանների պարունակության վրա»։

Քաղաքագետ Արա Պապյանը հստակ արեւմտամետ դիրքորոշում ունի, նա իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մարդիկ չեն հասկանում մի տարրական բան, բայց շարունակում են քաղաքական դատողություններ անել: Անկախ այն բանից Ուկրաինան մեզ թշնամի է, թե բարեկամ, նրա հաղթանակը մեզ՝ Հայաստանին, պետք է: Հայաստանը կարող է հույս ունենալ գոնե ձևականորեն անկախ երկիր մնալ , եթե Ռուսաստանը Ուկրաինայում չհասնի իր նպատակին: Այն պահին, երբ Ուկրաինան օկուպացվի ռուսների կողմից և միացվի Ռուսաստանին որպես միութենական պետության բաղադրիչ, ամիսների ընթացքում նույն, մի քիչ ավելի դժխեմ, ճակատագրի կարժանանա Հայաստանը: Ուկրաինայում չեն լուծվում Ֆրանսիայի, Նիդեռլանդների կամ Լեհաստանի ճակատագրերը: Ուկրաինայում լուծվում են Բելառուսի, Ղազաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ճակատագրեր»: Նաև հավելել է՝ «Կայսրություններն ունեն սկիզբ և վախճան: Ռուսական կայսրությունը ևս բացառություն չէ»: 

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն էլ գրում է․ «Ուկրաինայի՞ն էլ հասցրեցիք անտերության։ Բա ուրա՞ ՆԱՏՕ-ն, ուրա՞ արևմուտքը, ուր են էն արևմտամետ գրանտ լափող հայվանները, որոնք ինտերնետի ծակերում վեր ընկած քֆուր էին գրում, երբ որ ասում էի Ռուսաստանի հետ վտանգավոր խաղեր անել չի կարելի։ Տեղը բերում ե՞ք՝ ինչ եղավ։ Ուկրաինայի փրկությունը ծաղրածու Զելենսկիից եւ ծաղրածուների ողջ ռեժիմից ազատվելու մեջ է: Բոլոր ազգերի փրկությունը չարորակ ծաղրածուներից ազատվելու մեջ է»։ Գրառումը լիարժեք ուցադրում է Ուրիխանյանի դիրքորոշումը:

ՀՀԿ-ն եւ Քոչարյանական «Հայաստան» դաշինքը եւս ռուսական դաշտում են տեղակայված, թեեւ զգուշանում են կտրուկ հայտարարություններ անելուց: ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, գրել է. «ԵՄ -ն ու հավաքական Արեւմուտքը մի օր չտեսանք «շուխուր» անեն, որ ԵՄ անդամ Կիպրոսի 38 տոկոսը 1974-ից Թուրքիայի կողմից օկուպացված է ու ծանր սանկցիաներ կիրառեն թուրքերի նկատմամբ։ Նույնը նաեւ Արցախի մեծ մասն օկուպացրած ադրբեջանցիների նկատմամբ սանկցիաներ չեն կիրառում։ Մի օր չեղավ հայերի ու հույների համար «քաղաքակիրթ» աշխարհը կռիվ տա»։