Դունյա Միյատովիչը հանդիպելու է նաեւ անկախ իրավապաշտպանների հետ

Դունյա Միյատովիչը հանդիպելու է նաեւ անկախ իրավապաշտպանների հետ

Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ով այցելելու է նաեւ Ադրբեջան եւ արդյունքում զեկույց է ներկայացնելու: Նա այսօր արդեն հանդիպել է ՀՀ ՄԻՊ-ի հետ: Մենք հետաքրքրվեցինք, թե բացի պաշտոնյաներից եւ իշխանամերձ կառույցներից էլ ում հետ է հանդիպելու նա:

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրավապաշտպան համայնքի հետ էլ է հանդիպելու։

«Ես մասնակցելու եմ այդ հանդիպմանը, որի օրակարգում լինելու է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների, մարդասիրական հետեւանքների հարցերը», ասաց նա։ Դունյա Միյատովիչի այցը Հայաստան, ըստ Սահակյանի, չափազանց կարեւոր է, հատկապես այս փուլում։ «Ադրբեջանական հանցագործությունների զոհերը գտնվում են Հայաստանում, նրանք կարող են իրենց վկայություններով եւ ձեռքի տակ եղած ապացույցներով հիմնավորել ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները։ Մյուս կողմից սա հնարավորություն է տալիս՝ փաստահավաք գործունեություն իրականացնել։ Չափազանց կարեւոր է նաեւ, որ անկախ առաքելություններ ուղարկվեն Արցախ՝ տեղում արձանագրելու ստեղծված կիրավիճակը»-նշեց Սահակյանը։ 

Սահակյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպելու է բռնի տեղահանվածների հետ, նա նշեց, որ այս մասով տեղեկություն չունի։ Հիշեցնենք, որ Միյատովիչի հետ հանդիպմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք վեր են հանվել իրենց իրականացրած փաստահավաք աշխատանքների ընթացքում։ Պաշտպանն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր: