Ասացին, որ որդուս հետմահու չեն պարգևատրի, քանի որ Արցախ այլևս չկա

Ասացին, որ որդուս հետմահու չեն պարգևատրի, քանի որ Արցախ այլևս չկա

«Կան մարդիկ, որ 60-70 տարի դատարկ ապրում են, իսկ Տիգրանն իր ապրած 21 տարվա ընթացքում այնքան բան է արել ու թողել, որ զարմանում ես»,- պատմում է սեպտեմբերի 19-ին զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։

Տիգրանը ֆիզիկապես շատ ամրակազմ ու առողջ է եղել։ Ստեփանակերտի համալսարանի թարգմանչական ֆակուլտետ է ընդունվել եւ անմիջապես զորակոչվել բանակ։ Երկու ամսվա ծառայող է եղել` երբ սկսվել է 44-օրյա պատերազմը, ինքն ու եղբայրը հայտնվել են Ջրականի դիրքերում:

«Ավագ որդիս առաջնագծում էր կանգնած՝ պոստում: Տիգրանը նոր էր կույրաղիքի վիրահատություն տարել` նոր կարերը քանդել էին, սակայն տուն չէին թողել, քանի որ կովիդ էր: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 6-ը մենք Տիգրանին չենք կարողացել գտնել, ոչ մի տեղեկություն չունեինք, ինքը կապ էր հաստատել հոր հետ, բացատրել, թե որտեղ է և հեռախոսով ամուսինս Տիգրանին ու իր մի քանի ծառայակիցներին դուրս էր հանել շրջափակումից։ Ավագ որդիս յոթ անգամ է ընկել շրջափակման մեջ ու հրաշքով դուրս եկել...»,-պատմում է Տիգրանի մայրը։ 

Պարզվում է` Տիգրանի գումարտակի սպան, կամբատը թողել են զինվորներին ու փախել: Տիգրանը մի սպայի հետ Ջրականի մատուռի խաչն են վերցնում, Սուրբ Գիրքը, շտաբի պետի սեղանից կարևոր թղթեր եւ հեռանում են ու այդպես կորչում։ Հադրութի մատույցներում ծանր մարտեր են լինում, որի ժամանակ սպան ու Տիգրանը վիրավորվում են, պայթյունի ալիքից ուսապարկը շպրտվում է հեռու։ Տիգրանը մի կերպ դուրս է բերում սպային։ Միայն հետո հայ հետախույզները գտնում են այդ ուսապարկը, որի մեջ եղել է Տիգրանի հեռախոսը, դրանով կապվում են Տիգրանի հոր հետ ու պատմում իրենց գտած պայուսակի մասին։ Պատերազմից հետո Տիգրանն ու մայրը գալիս են Հայաստան՝ Տիգրանի վնասված ոտքը բուժելու։ Տիկին Ադելինան պատմում է, որ Տիգրանը շատ ծանր ապրումներ ուներ․ «Վրեժի ծարավը Տիգրանի մեջ էր, չէր կարողանում հանգստանալ, որովհետև իր մտերիմ ընկերը՝ Լևոնն էր զոհվել...ինքը միշտ ամբողջ սրտով սիրել է Արցախը»։

Տիգրանն առանց ծնողներին տեղյակ պահելու որոշում է, որ անցնել պայմանագրային ծառայության՝ երեք տարով։ Ծառայության անցնելու ընթացքում ոտքերի ծանր վիրահատություն է տարել, մինչեւ վերջին օրը ոտքերի վրա հատուկ բժշկական կոմպրեսորներ էր հագնում ու այդպես դիրքեր բարձրանում։

Վիրահատությունից հետո ծնողներն ստիպել են, որ զորացրվի․ «Պանիկայի մեջ ընկավ Տիգրանը, կարծես աշխարհը փուլ էր եկել գլխին, ասաց, որ դիմենք իր հրամկազմին, եթե ասեն, որ պետք եմ՝ կգնամ ծառայության։ Բնականաբար մարտական այդպիսի փորձով պատասխանատու զինվորականի պահանջ կար»։ Ծնողները առողջական խնդիրների եւ աշխատանքի բերումով Հայաստանում էին, իսկ Տիգրանն Արցախում` ամսվա կեսը բնակվում էր տատիկի ու պապիկի մոտ, մյուս մասն անցկացնում դիրքերում, որտեղ սիրում էր լուսանկարել` իր հեռախոսով մանրուքներ էր անմահացնում։ 

Սեպտեմբերյան պատերազմից առաջ, վերջին օրերին, շատ անտրամադիր է եղել Տիգրանը, սեպտեմբերի 14-ին մորն ասել է․ «Մամ, ես ոնց տեսնում եմ` մենք էլ իրար չենք տեսնելու»։

«Պոստեր գնալուց միշտ նկարում էր իրեն ու «դե ես քեցի» մակագրությամբ ուղարկում էր մեզ», ասում է մայրը։ Վերջին անգամ խոսելիս Տիգրանը պատմել է, որ իր դիմաց հարյուրից ավելի թշնամի կա՝ մեծ կուտակումներ։ Հայրը հարցրել է՝ բա ի՞նչ եք անելու, Տիգրանն ասել է՝ ես պատրաստ եմ։ Իսկ սեպտեմբերի 17-ին ասել է. «Մամ, հանկարծ չվախենաս, բայց մի բան լինելու է՝ մի երկու օրով։ Պատերազմ է լինելու, պիտի մի բան լինի, որ էս մարդիկ, ժողովուրդը փրկվեն, դուրս գան այստեղից, թե չէ արդեն շատ վատ է վիճակը»,- պատմում է տիկին Ադելինան։ «Ոնց որ Նժդեհը լիներ», ասում է Տիգրանի մայրը։

Սեպտեմբերի 19-ին առավոտյան Տիգրանը վիդեոզանգ է անում մորը, հարմար չի լինում խոսելը, մայրը խնդրում է մեկ ժամից զանգել, իսկ մեկ ժամից Արցախի հարևանուհին զանգում է, գուժում ՝ Ստեփանակերտը ռմբակոծվում է եւ այլևս հնարավոր չի լինում կապ հաստատել որևէ մեկի հետ։ 

«Տիգրանին գտել են դիրքում՝ մենակ, կողքին կրակված պարկուճների հսկա բուրգ։ Միայնակ է մնացել դիրքում, անընդհատ կրակել է իր գնդացիրով, չի նահանջել դիրքից, մյուս զինծառայողները լքել են դիրքը, տղաս չի լքել։ Թշնամին շրջապատել է դիրքն ու ականանետով կրակել՝ հետևից Տիգրանիս գլուխն է վնասվել ու այդպես դեմքի վրա ընկել հողի վրա։ Դիրքի զինծառայողները ողջ են մնացել... Տիգրանը գոռացել է, պատրոն է ուզել, ասել է՝ ուր եք փախնում, հետո ասել է՝ վիրավոր եմ։ Ուժեղ մառախուղ է եղել ու չեն կարողացել Տիգրանին օգնել... Հետախուզության պետի վարկածով թուրքերը շրջանցել են դիրքն ու մինամյոտով խփել են դիրքին՝ Տիգրանը մահացու վիրավորում է ստացել։ Չեն մտել դիրքը, չեն պղծել, դիրքն ամբողջովին ականապատված է եղել՝ շատ զգուշավոր են հանել Տիգրանին դիրքից»,-պատմում է մայրը։ Նա պատմում է, որ Տիգրանի հեռախոսի մեջ հավելված կար, որը ցույց էր տալիս նրա սրտի զարկերը՝ սիրտը բաբախել է մինչև 17:42, իսկ 18.20-ն թշնամին վերցրել է դիրքը։ Տիգրանի հեռախոսը փոխանցել են ծնողներին, նրանք գեղեցիկ նկարներ ու տեսանյութեր են հայտնաբերել հեռախոսի մեջ։ 

Տիգրանն ուներ սիրած աղջիկ, որի հետ չհասցրեց նշանվել, ուներ բազմաթիվ երազանքներ, որոնք կիսատ մնացին։ Տիգրանի մարմինը հանգչում է Եռաբլուրում։ «Ես Եռաբլուրում Արցախի մեծ դրոշ եմ դրել Տիգրանիս նոր տանը` դա իմ զավակի նոր տունն է։ Տիգրանիս կողքը ևս 10 հերոս է հանգչում, և ես նրանց նորակառույց տներն էլ եմ խնամում, որովհետև շատերը մարզերից են գալիս ու միշտ չէ, որ բավարար միջոցներ ունեն ամեն օր գալու։ Ինձ հայտարարեցին, որ որդուս ու մյուս հերոսներին չեն պարգևատրելու, որովհետև Արցախ այլևս չկա, իսկ իրենք ՀՀ բանակի զինծառայողներ չեն, ու պիտի հուղարկավորվեն Հայաստանի Հանրապետության դրոշով։ Եթե Տիգրանի պայմանագրային ծառայության մասին պայմանագիրը ստորագրել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ուզում եմ հասկանալ՝ իրենք «հանուն ոչնչի՞» են զոհվել, թե՞ հանուն այն մի կտոր հողի, որ հետո հազարավոր մարդիկ փրկվեին»,- ասում է Տիգրանի մայրը։